ՍԻՐԻԱՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ 


 

Արդեն հայտնի է դարձել, որ Իսրայելը կմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններին, եթե Ասադը քիմիական զենք օգտագործի ապստամբների դեմ: Ստեղծվել է հակասիրիական կոալիցիա, որի կազմում ընդգրկվել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Հորդանանը: Ռազմական գործողությունը կարող է սկսվել ամեն պահի, դրան կմասնակցեն ընտիր ստորաբաժանումների 75 հազար մարտիկներ: Իհարկե, այսօր կոալիցիային խանգարում է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի և Չինաստանի վետոների պատճառով արգելակվում են բազմաթիվ գործընթացներ:

Հակասիրիական ռազմարշավի անցկացման համար իրավաբանական հիմք կդառնա քիմիական զենքի կիրառման բուն փաստը, ինչը միջազգային իրավունքի մեջ համարվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Համենայն դեպս` այդպես են պնդում մասնագետները, ովքեր, բնականաբար, շահագրգռված են, որպեսզի այդ զենքը չօգտագործվի: Սակայն կարելի է վստահորեն ասել, որ քիմիական զենքի և այն կիրառելու պատրաստակամության մասին լուրերը շրջանառվում են հենց կոալիցիայի կողմից, որպեսզի այսպես արդարացվեն Սիրիայի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունները: Հիշենք, որ Իրաքում պատերազմական իրավիճակ սկսվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե Սադամ Հուսեյնը փորձարկել է զանգվածային ոչնչացման զենք:

Հետո, իհարկե, ամերիկյան կողմը հերքեց զենքի մասին լուրերը: Բայց դա ոչնչով չնպաստեց Իրաքում խաղաղության հաստատմանը: Հիմա էլ նույն պատրվակը կարող է կիրառվել:

Բնականաբար, մեր ուշադրությունը սևեռված է Սիրիային, որովհետև այսօր այնտեղ է գտնվում մոտ 30 հազար մեր հայրենակից: Նրանցից շատերը հույս ունեն, որ շատ շուտով կավարտվեն ռազմական գործողությունները և իրենք կվերադառնան խաղաղ կյանքի: Սակայն իրադարձությունները բոլորովին այլ բան են հուշում:

Որքան էլ այսօր Ռուսաստանն ու Չինաստանը խոչընդոտում են կոալիցիային, այնուհանդերձ, չի բացառվում, որ հիշվող տերությունները հարձակվեն Սիրիայի վրա` իբրև թե կանխելու քիմիական զենքի կիրառումը: Ուշագրավ է, որ լուրերը վերաբերում են հիմնականում Դամասկոսին, Հալեպին և Հոմսին: Այսինքն, արդյունաբերական և մշակութային, առևտրական խոշոր կենտրոններին: Այսպես կամենում են ամբողջապես կաթվածահար անել և ոչնչացնել երկիրը: Այս օրերին Սիրիայի սահմանի մոտ նկատելի են ռազմական միավորումների կուտակումներ, անգլիական որոշ թերթեր գրում են, որ սահմանի մոտ տեղակայվել են հակաօդային պաշտպանության կայանքներ, հրթիռներ: Ուրեմն, կոալիցիոն ուժերը պատրաստվում են Սիրիայի բազմաճակատ գրոհին: Նշենք, որ կոալիցիոն ուժերը որպես գլխավոր դերակատար են դիտարկում Թուրքիան, որին միացել է նաև Իսրայելը: Այսինքն, հիմնականում այն երկրները, որոնք նաև հարձակումներ են նախապատրաստում Իրանի դեմ:

Սա նշանակում է, որ Արևմուտքը որոշել է հիմնաքանդ անել Արևելքը, այստեղ ձևավորել նոր աշխարհակարգ: Բնականաբար, ամեն ինչ հենվում է քաղաքական և տնտեսական շահի վրա: Այսինքն` Արևմուտքը և նրան աջակցող արևելյան երեք պետություն կամենում են տարածաշրջանում չգոյացնել երկու հզոր պետություն` Իրանը և Սիրիան: Արդյո՞ք կհաջողվի իրականացնել արևմտյան ծրագրերը, արդյո՞ք Արևելքը չի դիմակայի հարձակումներին...

Այս ամենից զատ, կարևոր է դառնում մի խնդիր ևս. նման բախումները կհանգեցնեն երրորդ աշխարհամարտի ծավալմանը: Մի՞թե Արևմուտքն այդքան ուզում է այդ պատերազմը, որը, բնականաբար, կխորացնի նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը: