ՑԱՎԸ ԴԵՌ ՉԻ ԱՄՈՔՎԵԼ 


 

Ահասարսուռ այդ օրից 24 տարի է անցել: Մի հսկայական ժամանակաշրջան: Ձևավորվել է մի նոր սերունդ, փոխվել են աշխարհի մասին շատ պատկերացումներ, մարդկությունն իր ճանապարհին նոր արժեքներ է ստեղծել, նոր մտայնություններ են ի հայտ եկել: Մինչդեռ աղետի գոտի կոչվածում դեռևս շատերի համար կյանքը կանգ է առել 1988-ի շրջագծերում և առաջ չի գնում: Դեռևս միայն Գյումրիում 2000-ից ավելի ընտանիք ապրում է տնակներում, ժամանակավոր կացարաններում, դեռևս շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում հարմարավետ բնակարան` ժամանակակից կենցաղի բաղադրիչներով: Դեռևս հանգանակություններ են անում` դպրոցներ կառուցելու, ավերակույտերի սրտամաշ տեսարանները վերացնելու, քաղաքը «բաց խոռոչներից» փրկելու համար: Շատերը ժամանակը դիտարկում են երկու բաժանման մեջ` երկրաշարժից առաջ և հետո` այսպես ժամանակագրության մեջ մշտառկա դարձնելով ողբերգական իրականության շնչառությունը… Դեռևս շատ գյումրեցիներ Անկախության հրապարակով անցնելիս նայում են քաղաքի գլխավոր ժամացույցին, որի վրա երկար ժամանակ սառած-անշարժացած էին սլաքները` հիշեցնելով 11-ն անց 41 րոպեն: Հիմա սլաքներն առաջ են գնում, սակայն ժամանակի գերությունը դեռ տանջում և անհանգստացնում է շատերին:

Մարդիկ ուզում են այլևս մոռանալ-չհիշել աղետի գոտի ասվածը, սակայն այդ հասկացությունը գալիս ու տագնապեցնում է նրանց հոգիները, շա˜տ երկար դարձնում սպասումը: Եվ այդ սպասման մեջ ապրողները կորցնում են վստահությունն ու հավատը, երբեմն անզորությունից ճչում են` չհասկանալով ու չիմանալով, թե ինչ ելքեր որոնեն…

Ոմանց համար լավագույն ելքը հայրենիքից հեռանալն է` արտագաղթը, որովհետև մարդը չի կարող տասնամյակներ շարունակ ապրել քաղաքակրթությունից հեռու, տապակվել ցավերի մեջ, հարմարվել անհարմարությանը…

Օրերս Գյումրու մի խումբ նախաձեռնությունների առաջնորդներ և ավագանու անդամներ հանդես են եկել երկրի իշխանություններին ուղղված կոչով, որի շատ դրույթներ ուղղակի զարմացնում են, որովհետև հիշատակվող խնդիրները պիտի լուծված լինեին շատ վաղուց, մոտ 15 տարի առաջ: Մինչդեռ այսօր էլ գյումրեցին բախվում է այնպիսի խնդիրների, որոնք լուծելու համար կարծես թե մեծ ջանքեր պետք չէին, ընդամենը հոգատար և ուշադիր վերաբերմունք էր անհրաժեշտ:

- Գործազրկությունը, աղքատությունը Գյումրիում և Շիրակի մարզում կործանարար չափեր ունեն, պաշտոնական տվյալներով աղքատ է համարվում գյումրեցիների 47 տոկոսը: Գործազուրկ է համարվում բնակչության 48,3 տոկոսը,- գրել են իրենց ուղերձում քաղաքի խնդիրներով մտահոգված մարդիկ:

Նրանք ճշմարտությունն են գրել` ընդամենը վիճակագրական տխուր տվյալներ ի հայտ բերելով: Այնուհետև յուրատեսակ հուշաթերթիկ է առաջարկվել` խնդրելով լուծել ամենակարևոր հիմնահարցերը.

1. Չեղյալ համարել ՀՀ Կառավարության 1998 թվականի 432 որոշումը, վերոհիշյալ ընտանիքներին ճանաչել կարիքավորներ: Ընդ որում` երկրաշարժի պատճառով անօթևան դարձած, հետագայում աճած և կիսված ընտանիքների այն մասերին, որոնք ապրում են տնակներում, ճանաչել որպես պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթևաններ և մոտակա 2 տարում նրանց ապահովել բնակարաններով:

2. Չհաշվառված, բայց 1988 թվի երկրաշարժից հետո փաստացի անօթևան դարձած ընտանիքներին հնարավորություն տալ հաշվառվելու և փոխհատուցվելու` ըստ ընտանիքի փաստացի անդամների թվի:

3. Անօթևանության պայմաններում ապրող մյուս ընտանիքներին հատուկ կարգավիճակ շնորհել և առաջիկա 2 տարում ապահովել պետական կամ համայնքային սեփականութ յուն հանդիսացող սոցիալական բնակարաններով, որտեղ նրանք անժամկետ և առանց վարձավճարի բնակվելու իրավունք կստանան` վճարելով միայն կոմունալ ծախսերը:

4. Առաջնահերթության կարգով սոցիալական բնակարաններով կամ դրանց հավասարեցված կացարաններով ապահովել երիտասարդ ընտանիքներին: Բազմանդամության կարգավիճակ ունեցող անօթևան ընտանիքներին տրամադրել սոցիալական վարկեր:

Հատկապես վերջին տարիներին տարբեր ամբիոններից շատ հաճախ են բարձրացվում այս խնդիրները: Մի՞թե անհնար է գտնել այս հիմնահարցերի լուծումները, մի՞թե դժվար է նոր ցուցակներ կազմել, մարդկանց հաշվառել, հնարավորության տալ օգտվելու պետական միջոցներով կառուցվող բնակարաններից: Չէ՞ որ այս մարդիկ կարող են հեռանալ երկրից` առավել տիրական դարձնելով արտագաղթն ու մշակութային օտարումը: Մեր երկիրը բազմաթիվ միջազգային վարկեր է ստացել, մինչդեռ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ընդամենը 50 մլն դոլարին համարժեք դրամ, որը կարելի է նաև մասհանել պետական բյուջից: Նշանակում է` ոչ այնքան ֆինանսական միջոցների, որքան մարդկային հոգատարության բացակայությունն է գերակա: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ