ԲՀԿ անակնկալը


 

Փետրվարի 16-ին խորհրդարանում կսկսվեն համամասնական-մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ քաղաքական ուժերի միջև առկա տարակարծությունների առնչությամբ լսումները: Սակայն այսօր արդեն զգացվում է, որ քաղաքական ուժերին չի հաջողվի ընդհանուր հայտարարի հանգել, քանի որ նրանց դիրքորոշումները ծայր աստիճան բևեռացված են: Այս իրավիճակում, երբ ընդդիմությունը պնդում է 100 տոկոս համամասնական ընտրակագի անցնելու անհրաժեշտությունը, իսկ «Հանրապետականն» ՕԵԿ-ի հետ միասին մտադիր չեն զիջելու, կարևորվում է կոալիցիոն երրորդ անդամի` ԲՀԿ-ի դիրքորոշումը: Սակայն ԲՀԿ-ն հասարակական հնչեղություն ստացած` խնդրո առարկա հարցի վերաբերյալ միասնական տեսակետ դեռևս չունի. կուսակցության քաղաքական խորհուրդն այդ առնչությամբ դեռևս քննարկում չի ծավալել:

- Մենք կարծում ենք, որ մեր տեսակետը կարող է մշակվել հրավիրվելիք խորհրդարանական լսումների արդյունքում` ծանրակշիռ կերպով ծանրութեթև անելով բոլոր կողմ և դեմ կողմերը: Դրանից հետո կարտահայտենք մեր քաղաքական դիրքորոշումը,-ասում է ԲՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Այնուամենայնիվ, նա հիշեցնում է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ընդունված` կոալիցիոն հուշագրում նշված է, որ կոալիցիայի քաղաքական ուժերը պետք է ջանքեր գործադրեն քաղաքական համակարգի կատարելագործման և այդ համակարգում քաղաքական կուսակցությունների դերի մեծացման ուղղությամբ:

- Մենք կարծում ենք, որ համամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թվի և համամասնական ընտրակարգի դերի մեծացումը մեր օրենսդիր մարմնում` կարող է խոսել մեր երկրում քաղաքական կուսակցությունների կշռի մեծացման մասին,-հայտարարում է Արամ Սաֆարյանը:

Ըստ էության, կուսակցության պատգամավորական խմբակցության քարտուղարն անուղղակի կերպով կողմ է արտահայտվում խառն ընտրակարգի օգտին` սակայն ընդգծելով մեծամասնականի հաշվին համամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի ավելացման անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, համամասնական, մեծամասնական, թե խառն ընտրակարգով` հարցերի հարցը մնում է այն, թե ընտրությունները կանցնեն ազատ և արդա՞ր, թե՞ արդյունքում կունենանք այն, ինչ ունեցել ենք մինչ այժմ, երբ ընտրությունների արդյունքները միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից: Եվ հիմա, երբ այս հարցերում քաղաքական ուժերի միջև բացակայում է համաձայնությունը, Հայաստանի քաղաքագետների միությունում (որտեղ երեկ հրավիրվել էր առաջիկա ընտրությունների առնչությամբ հերթական քննարկումը) գտնում են, որ անչափ կարևորվում է ընտրությունների ընթացքի նկատմամբ հանրային վերահսկողությունը: Իսկ քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի կարծիքով, իրոք արդար ընտրություններ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում տնտեսական-քաղաքական վերնախավը ձևավորի բազմաբևեռ քաղաքական իրականություն: Որպես գոծող սուբյեկտներ կարող են հանդես գալ ՀՀԿ-ն, Հանրապետության նախագահը, ՀԱԿ-ը` Հայաստանի առաջին նախագահով. ցանկալի է նաև երկրորդ նախագահի ներկայությունը:

- Ասվածի համատեքստում հնարավոր է արդյոք համարել, որ ԲՀԿ-ն այսօր միտում ունի երրորդ բևեռ ձևավորել: - «Ավանգարդի» այս հարցին ԲՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղարը միանշանակ չի պատասխանում:

- Ես զերծ կմնամ նման գնահատականներից: Դա քաղաքագիտական միջավայրի գնահատական է: Ես կասեմ, որ մենք խոսքի ու գործի կուսակցություն ենք, և անցած 6 տարիների ընթացքում չի եղել որևէ դեպք, որ մենք որևէ բան ասենք և չանենք: Չի եղել և չի լինելու: Ես ասում եմ` մենք գործը տանելու ենք դեպի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, մենք գործը տանելու ենք դեպի քաղաքական դաշտի համաձայնեցված մոտեցումներ և զերծ ենք պահելու հասարակությանն առճակատումներից և թշնամություններից:

Արդեն խորհրդարանում երեկ ԲՀԿ պատգամավորները չմասնակցեցին «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քվեարկությանն, այդպիսով փաստորեն տապալելով դրա ընդունումը: ԱԺ նախագահը սրտնեղած ասաց, որ օրենքը դեմ էր ստվերային տնտեսությանը, և նրանք, ովքեր այսօր տապալեցին օրինագիծը, վաղը կուրծք են ծեծելու ընտրողների առջև: Իսկ Արամ Սաֆարյանը լրագրողներին ասաց, թե ԲՀԿ-ն տարաձայնություններ ուներ օրինագծի վերաբերյալ, և կարիք չկա քվեարկությունը քաղաքականացնելու: Այնուամենայնիվ, առաջին հայացքից այս անմեղ թվացող միջադեպն իրոք քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ` Քաղաքագետների միությունում ասված բազմաբևեռ քաղաքական իրականություն ձևավորելու համատեքստում: Արդյո՞ք ԲՀԿն այդ իրականության ձևավորման առաքելությունը չի ստանձնել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ