Աստծուն մոռացած` սատանայի հետ մի˜ գրկախառնվեք

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ´. ԲԱՅՑ ՀԱՍՏԱՏ` Ո´Չ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ


 

 

Ոստիկանները պարտավոր են պաշտպանել բոլորի, հատկապես` տուժողի շահերը, անկախ նրանից` գործազո՞ւրկ է, գործարա՞ր, թե՞ գլխավոր խմբագիր: Պարտավոր են գտնել ու բռնել իրավախախտին, այս դեպքում` վրաերթ կատարողին, քննությունից խուսափողին, մարդկայնության տարրական կանոնները չպահպանողին: Ինչը և արվել է...

Մնում է միայն ավելացնել. ոստիկանությանը հայհոյելու միջոցով սեփական վարկանիշը փրկելու ջանքն առնվազն տգեղ է: Իսկ շարքային ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը, վնասվածքներ ստացած մարդուն անօգնական թողնելը, վնասի փոխհատուցումից խուսափելը ոչ միայն քրեորեն է պատժելի, այլև` անբարոյականություն է:

Պետք չէ մարդկանց փորձության ենթարկել. Աստծո դատաստանը մոռացած` սատանայի հետ մի˜ գրկախառնվեք...

Ոստիկանությունը հավաստիացնում է` ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու

 

Անկեղծ ասած, այս հրապարակումը կարող էր և չլինել, որովհետև ձգտում ենք ձեռնպահ մնալ մեր գործընկերների` երբեմն անհանդուրժելի կեցվածքին անդրադառնալուց: Սակայն ուշի ուշով ծանոթանալով խնդրի էությանն ու փորձելով հասկանալ իրականությունը, պարտավոր ենք դա անել, հանուն նույն լրագրողական «համքարությունում» ընդունված ճշմարիտին և ազնիվին հասնելու մղումով:

Այո, այս հրապարակումը կարող էր և չլինել, սակայն եթե անկեղծ լինենք, երբեմն ինքներս էլ վատ ենք զգում մեր որոշ գործընկերների պահվածքից ու գործելաոճից. նրանց, ովքեր ինչ-ինչ ակնկալիքներ փայփայելով, ինչ-ինչ պատվերներից շլացած` մութ գործարքների մեջ են մտնում իրենց խղճի հետ և առողջ քննադատության անվան տակ ցեխ շպրտում իրենց պատվիրատուների մատնանշած ազնիվ անձանց, անհատների հասցեին: Առավել ևս` երբ այդ անհատը ինքնանվեր գործունեություն է ծավալում և հաջողությամբ լուծում է բազմաբարդ խնդիրներ:

Բայց ամեն ինչ` ըստ հերթականության:

Հունվարի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Իրողությունը այս է և արդեն շատերին հայտնի: Մինչդեռ քաղաքացուն վրաերթի ենթարկած ու պատահարի վայրից ճողոպրած-փախուստի դիմած` «Հայկական ժամանակ» թերթի աշխատակից Հայկ Գևորգյանի կալանավորումը անհարկի շահարկման առարկա դարձավ որոշ լրատվամիջոցների կողմից: Իսկ դավադրություններ ու խարդավանքներ նյութելու մեջ վաղուց հմտացած ու բազմափորձ նրա գործատուն դրանից շոու սարքեց և արդեն քանի օր ասուլիս է հրավիրում` տեղի ունեցածը ներկայացնելով որպես լրագրողի հետապնդման փորձ` կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Շարունակենք: Վրաերթի փաստի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր: Տուժող Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով` հարվածել է իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել ու սպառնացել է ոստիկանություն կանչել: Հետո անպատվել է տուժողին, ապա նրան անօգնական վիճակում թողնելով` հեռացել:

Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` նրան պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Տուժողի բողոքի հիման վրա հունվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ու սկսվել է նախաքննութ յուն:

Ոստիկանները պարզում են` ում անունով է հաշվառված մեքենան: Մեքենայատիրոջը տեղեկացնում են, որ մեքենան փնտրվում է: Հաջորդ օրը ծանուցագիր է ուղարկվում: Գործին միջամտում է մեքենայատիրոջ ամուսինը, ինչպես պիտի պարզվեր` Նիկոլ Փաշինյանը: Նա կապվում է քննիչի հետ ու սկսում աղմկել ծանուցագրի թերությունների և մարդու ու քաղաքացու իրավունքների մասին: Նույն կերպ` նաև Հայկ Գևորգյանի պարագայում:

Ինչևէ, վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով, ճանաչման ներկայացնելու արձանագությամբ:

Հունվարի 23-ին Հայկ Գևորգյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գևորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, և դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ընդգծենք` դատարանի, այլ ոչ` ոստիկանության, առավել ևս` ո´չ ոստիկանապետի որոշմամբ: Հենց դատարանի որոշմամբ էլ երեկ փոխվել է խափանման միջոցը, և Հ. Գևորգյանն ազատ է արձակվել` բնակության վայրից չբացակայելու պայմանով:

Փետրվարի 3-ին Հայկ Գևորգյանը հայտնաբերվել, կալանավորվել և ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Իսկ օրերս կազմակերպած իր ասուլիսում Փաշինյանը խոստովանում է.

- Երբ Հայկն ինձ հարցրեց, թե ճի՞շտ արեցի, որ հեռացա ՃՏՊ-ի վայրից, ես ասեցի` հա, նորմալ ա, նորմալ:

Այդ նույն ասուլիսում խոսելով տուժողի մասին, ասես «երկրորդ սորտի» մարդու, Փաշինյանը քամահրանքով նետում է, թե նա «ինչ-որ գործազուրկ է...»:

Նախ, այդ մարդը գործազուրկ չէ, այլ հիմա այդպիսին դարձավ: Եվ հետո, ողջախոհ հանրությունը մեկ անգամ չէ, որ համոզվել է` Փաշինյանի հետ գործ ունեցողները հաստատ ոչ միայն գործազուրկ կդառնան, այլև… Հիշենք մարտիմեկյան ողբերգությունը, երբ հազարավոր անմեղ մարդկանց նա մղում էր վայրագություններ հրահրելու:

Հիմա նույնն էլ Հայկ Գևորգյանի պարագայում է. եթե «շեֆը» բարեհաճեր ու Հայկին թույլ տար ներկայանալ ոստիկանություն, ապա այս ամբողջ աղմուկ-աղաղակը գուցե և չլիներ: Եվ հետո, քրեադատավարական այդ ամբողջ ճղճղոցի փոխարեն ավելի մարդկային կլիներ, որ Փաշինյանը գոնե հետաքրքրվեր, թե ինչ եղավ մեքենայի տակ ընկած մարդը, ո՞ղջ է, հաշմվե՞լ է, մեռա՞վ...

Բայց բարոյականությունն ու մարդկային տարրական վերաբերմունքը կարծես նրա սրտովը չէ: Իսկ մնացածը ինքնապաշտպանության մարտավարություն է, հարձակողական ինքնապաշտպանություն` կառուցված ծանուցագրի ու հետախուզման իրավական նրբությունների վրա: Ասուլիս են անում, կոկորդ պատռում, թե քննությունից թաքնվողի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Իսկ ոստիկանություն չներկայանալը թաքնվել չի՞: Հայտարարում են, թե ոստիկանները օրեր շարունակ չեն բռնել բոլորի աչքի առաջ պտտվող վրաերթ կատարածին: Ի դեպ, ոստիկանները պարտավոր չեն անձամբ ճանաչել Հայկ Գևորգյանին, ով գուցե արժեք է իր գործատուի համար, բայց` ոչ համահայկական արժեք: Բացի այդ, նա միակ հետախուզվողը չէր. ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից այսօր հետախուզվում է 600-ից ավելի մարդ, որոնցից 6-ը` սպանության համար: Եվ այդքանը` 4 ոստիկանի ուժերով, իսկ առաջնահերթությունը տրվում է հետախուզվողի վտանգավորության աստիճանին: Հայկ Գևորգյանը, հաստատ, ամենակարևոր հետախուզվողը չէր:

Ոստիկանության պետի նշանակումից ի վեր նրա ու կառույցի դեմ ակնհայտ պայքարի նետվածներն ասում են, թե ոստիկանության կողմից դիտավորություն կա, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական հրահանգով է այս ամենն արվում. այն էլ` հատկապես` Հայկ Գևորգյանի նկատմամբ: Փաշինյանը նաև համոզված է, թե լրագրողի նկատմամբ հետապնդում է իրականացվում, քանի որ նա համարձակվել է գրել ոչ միայն ոստիկանության պետի մեքենայի վրա ԱՊՊԱ կտրոնի բացակայության, այլև` թե որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով է Վլադիմիր Գասպարյանը ձեռք բերել իր շքեղ ու թանկարժեք ավտոմեքենան (հետաքրքիր է` նրանց հարցնող կա՞, թե իրենց մեքենաներն ի՞նչ միջոցներով են ձեռք բերել):

Իրականում դիտավորություն իսկապես կա´. ինչպես վկայում են փաստերը, դիտավորությունը հենց Փաշինյանի ու նրա ղեկավարած «հիմնարկի» կողմից է: Այդ նրանք են խեղաթյուրում փաստերը, հենց Փաշինյանն է, ինչպես ասում են` «փուռը տվել» իր աշխատակցին` թույլ չտալով ոստիկանություն գնա... Ուրեմն ո՞վ է շրջանցում օրենքն ու օրենքի պահանջները: Նրանք իրենց իրավունքների մասին խոսում են բացառիկ մեծարանքով` ընդգծելով, որ իրենք մարդ են ու քաղաքացի: Բայց միայն` երբ խոսքն իրենց ու յուրայինների մասին է: Իսկ մյուսնե՞րը, մյուսները... ինչպես Փաշինյանն է գրեթե զզվանքով արտահայտվում տուժողի մասին` ինչ-որ գործազուրկ...

Մինչդեռ, ո´չ Հայկ Գևորգյանը, ո´չ էլ իր մասնագիտական գործունեությունը ոչ մեկին չեն հետաքրքրում: Ինչ վերաբերում է ԱՊՊԱ կտրոնը չփակցնելուն, ապա դա ընդամենը վարչական խախտում է եղել, ինչի համար օրենքի տառը պահպանելով` տուգանվել վարորդը: Իսկ վրաերթը, առավել ևս տուժողին անօգնական թողնելն ու փախչելը` հանցագոր ծություն է: Եվ դեռ այդքանից հետո «արդարության ջատագով» Փաշինյանը, զոռ տալով երևակայությանը, իրեն թույլ է տալիս իմաստավորել, թե իբր տուժողը վրաերթից հետո մի քանի մետր քայլել է, հետո նստել ու ինքն է իր գլուխը խփել պատին և ուղեղի ցնցում ստացել...

Միանգամից ասենք, որ այս մտահնարանքը նույնպես հերքվել է դատաբժշկական փորձաքննությամբ: