ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

Լոռվա կատակներ `կանանց տոնին


 

*

- Սոֆիկ, էդ փոքր տորթը ո՞ր մեկիդ,- հարցնում է հարևանուհին:

- Ախչի, էրեխեքին կքնացնենք ու մարդուս հետ կուտենք:

- Բա ո՞նց կուլ կգնա, բկներիդ կկանգնի:

- Ախչի, ուտիլ տենք, ուժեղանանք, որ նրանց պահենք, է˜...

*

Սեթոյի խոտը ծխահամ էր, էշը չէր ուտում, ուրիշի վրա էր ուզում ծախել:

Նախշուն ձալոն առնողին ասում է.

- Վի, ադա, ըսկի մեր էշը չկերավ, ձեր կովը ո՞նց տի ուտիլ...

*

- Վարսո, որ գան կովին առնելու` երկու պտուկը կկթես, երկուսը կթողնես,- ապսպրում է ամուսինը:

Կինը չորսն էլ կթում է: Առնողը գալիս է և ասում.

- Սա Սաղաթելի տունն ա՞:

- Հա, քե մատաղ:

- Կովին կարելի ա՞ տեսնել:

- Հա, քե մատաղ:

- Կովիդ տեսքը լավ ա, բայց լա՞վ ա կթվում:

- Չէ, քե մատաղ, չորս պտուկն էլ կթել եմ, համա ֆորթին բան չի հասել:

*

- Վալոդ, տանը մի մուկ կա,- վախեցած ասում է կինը:

- Ի՞նչ անեմ, թող իրա հըմար ապրի, էլի...

*

Սիրուշ ձալոն գնաց հարևանուհուց մի բան խնդրելու, բայց սուրճ խմեց, դեսից-դենից խոսեց ու մոռացավ, թե ինչի համար էր եկել: Ստիպված հարցրեց.

- Գեղեցիկ ջան, կարող ա դու իմանաս, թե ինչ տեի ուզի քեզանից:

*

- Ապո, էկեք խմենք գեղեցիկ սեռի կենացը:

- Այտա, էդ գեղեցիկ սեռը ովքե՞ր են,- հարցնում է Վարշամը:

- Կանայք:

- Այտա, սխալվում եք, գեղեցիկ սեռը տղամարդիկ են. ոչ քսվում են, ոչ դուխավատ ըլում, բայց ավելի սիրուն ենք: Բա որ քսվեի՞նք...

*

- Տղա ջան, էս պուճուր մատանին ի՞նչ գնանոց ա:

- 100 հազար դրամ:

- Վահ, էսքան պուճուր բանը բա էսքան թանկ կըլի՞,- զարմացավ Վարսենիկ ձալոն:

*

- Վարսենիկ ձալո, լավ է, չէ՞, որ լոռեցիք միամիտ են,- հարցրեց մի միամիտ լոռեցի:

- Այտա, որ քու կնիկը միամիտ-միամիտ գնա ուրիշի ծոցը մտնի, բա դա լա՞վ ա...