ՏՈՆ ԶԱՐԹՈՆՔԻ, ՍԻՐՈ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ

Կանանց գնահատում են արվեստագետները


 

 

Մուրադ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ.

ՀՀ վաստակավոր արտիստ.

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՆԵՐԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

Շեքսպիրն իր հերոսներից մեկի շուրթերով ասում է. «Թուլություն, կին է անունդ»: Շա˜տ խորն ու փիլիսոփայական միտք է սա, որը բնավ էլ չի նշանակում, թե կինը թույլ է: Ես կասեի` ամենաուժեղն է կինը, ով կարողանում է թուլության քողի տակ ահռելի ուժ պարփակել: Մենք ասում ենք` թույլ սեռ: Բայց դրա կողքին էլ ասում ենք` գեղեցիկ սեռ: Ավելացնենք` հոգեպես ամուր և բազմաբովանդակ սեռ: Թատրոնում և էկրանին իմ ստեղծած մի շարք հերոսներ անվերջ հակամարտությունների մեջ են կանանց հետ, իմ շատ հերոսներ անձնազոհության են գնում հանուն կանանց: Իմ հերոսներից մեկն էլ հանել է իր աչքերը, որպեսզի լույսը չտեսնի, չարբենա կանացի գեղեցկությամբ... Իմ հերոսները մշտապես փնտրում են կնոջ առեղծվածը, ուզում են հասկանալ այդ առեղծվածը: Դա նույնն է, թե աշխարհի ստեղծման առեղծվածը փնտրես: Ուրեմն, կինն ու աշխարհը մեկ միասնություն են, զարմանալի ներդաշնակություն:

Զարմանալի է կյանքը, այն ստեղծել է հակադրություններ և համադրություններ կնոջ և տղամարդու միջև` այդ ամենով գեղեցիկ դարձնելով կյանքը: Պիկասոն կյանքի գեղեցկությունն ու իմաստը փնտրում ու հաստատում էր կնոջ կերպարի միջոցով: Վերածննդի նկարիչները կնոջ գեղեցկության մեջ էին տեսնում աշխարհի զարթոնքը: Ապշել կարելի է, այնպես չէ՞: Կինն ամենայն գեղեցիկի ու ամեն ինչի խորհրդանիշն է: Ինձ համար աշխարհի թիվ մեկ կինը մայրս է, ումից հետո նոր միայն ես հիշում ու սիրում եմ մյուս կանանց: Բայց մայրը կին չէ միայն: Բանաստեղծը ճիշտ էր ասում, որ մայրն աստվածություն է: Ամեն մի կին այդ աստվածության մասնիկն է, մի հյուլեն... Ես չեմ սպասում տոնական օրերի, որպեսզի կանանց գեղեցիկ բառեր ասեմ, հաճոյախոսեմ: Ինձ համար ամեն օր կանանց տոնն է, որովհետև ես ամենուրեք տեսնում եմ նրանց, տեսնում եմ այն գեղեցկությունը, որը շրջապատում է ինձ, կանանցից եկող տաք էներգիան եմ զգում, որը դառնում է ներշնչանք: Ու որքան շատ եմ ներշնչվում, այնքան լավ եմ հասկանում Սայաթ-Նովային ու Չարենցին... Մեծագույն սիրահարներին, որոնց համար «գոզալը» մի աշխարհ էր, տիեզերք:

Արթուր ՀԱԿՈԲՅԱՆ. թատրոնի և հեռուստատեսության դերասան.

ԴԺՎԱՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ ԿՆՈՋԸ

Եթե ասեմ, որ կինն ամեն ինչ է իմ կյանքում, ապա, հավատացեք, շատ քիչ բան ասած կլինեմ: Այնքա˜ն շատ են գրել ու խոսել կանանց մասին, որ կարծես մակդիրներն ու համեմատությունները պակասել են, գունաթափվել: Իբրև դերասան, ասեմ, որ առանց կնոջ ներկայության անհնար է պատկերացնել թատերական կամ կինո որևէ իրողություն: Դե, պատկերացրեք, ներկայացում եք դիտում, որտեղ կին չկա: Կամ էլ հեռուստատեսությամբ ձեզ օրեր շարունակ մատուցում են սերիալ` առանց կնոջ ներկայության... Տաղտկալի բան կստացվի: Կինը ոչ միայն գեղեցկություն ու հմայք է բերում, այլև կոնֆլիկտներ է ձևավորում, կռիվ է բերում, որոնցից էլ արվեստի ստեղծագործությունը դառնում է հետաքրքիր:

Տարիներ առաջ Ֆրանսիայում մի երիտասարդական թատրոն ստեղծեցին, որտեղ միայն տղամարդիկ էին խաղում: Իհարկե` տղամարդկանց դերեր: Ասում են, որ հանդիսատեսը ձանձրանում էր` որքան էլ որ տաղանդավոր էին դերասանները, և հետաքրքիր էին ընտրված պիեսները: Չէ, առանց կնոջ բեմն անապատի է նման: Էկրանն էլ նման է սև ու սպիտակ մաշված պատկերի: Երբ բեմում կամ էկրանին տղամարդիկ են իրար հետ վիճում, կռվում` հետաքրքիր չէ, կանայք շատ հետաքրքիր ինտրիգներ են բերում, իրենց գոյությամբ զարմանալի շարժում և ռիթմ են հաստատում: Ես և դերասան Հովհաննես Հովհաննիսյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի «Կնոջս անունը Մորիս է» ներկայացման մեջ մարմնավորում ենք կանանց: Պարզապես խաղում ենք, որովհետև շատ դժվար է կնոջ հոգեբանությունը հասկանալը, նրա անսպասելի հայտնագործությունները կռահելը: Մի խոսքով, բնության ամենազարմանալի ստեղծագործությունն է կինը: Երևի դա է պատճառը, որ ինչքան էլ գրում են կանանց մասին, նրանց ներկայացնում են բեմում և էկրանին` թվում է, թե մակերեսից այն կողմ չեն անցել: