«Հիմա ժամանակը չէ»


 

Շաբաթ օրը ռուսական էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ, առանց մանրամասնելու` նշեցին, թե Իսրայելն արդեն պատերազմի ազդանշան է հնչեցրել, և կիրակի օրը երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեկնում է Նահանգներ: Իսկ երկուշաբթի օրն արդեն տեղեկատվություն տարածվեց, որ նախագահ Բարաք Օբաման Իսրայելին կոչ է արել իրանական միջուկային օբյեկտների դեմ ռազմական ուժ չկիրառել: Ընդգծենք` ոչ թե Իրանի, այլ այնտեղ գտնվող միջուկային օբյեկտների դեմ: Այսինքն, Իսրայելի ցանկացած ոտձնգություն որակվելու է ոչ թե ընդդեմ պետության: Դիվանագիտությունն` իսկապես, ճկուն մտքի արվեստ է:

Սպիտակ տան տիրակալն իր կոչը հնչեցրել է Ամերիկա-իսրայելական հանրային հարաբերությունների կոմիտեի ամենամյա կոնֆերանսում` Նեթանյահուի հանդիպման նախօրեին:

- Հանուն Իսրայելի, Ամերիկայի անվտանգության, հանուն խաղաղության և ոչ երկրի անվտանգության` հիմա ուժ կիրառելու ժամանակը չէ: Հիմա դեռ ժամանակ կա` ուժեղացնելու ճնշումը (Իրանի վրա) և աջակցելու գործողություններին միջազգային կոալիցիայի, որն արդեն մենք ստեղծել ենք,- ասել է Օբաման:

Նա միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնել` Իրանին թույլ չտալու միջուկային զենք ունենալ:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, սակայն, «համաձայնելով» մերժել է հորդորը: Կամ գուցե պարզապես անհրաժեշտ է գտել ևս մեկ անգամ տագնապ ներշնչել.

- Խաղաղությունը մեզ համար առաջնահերթ տարբերակ է: Բայց մեզ հարկադրում են ուժային գործողությունների: Եվ, հավատացեք ինձ` մենք կհաղթենք:

Միացյալ Նահանգները գտնում է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակվելու սպառնալիքներն ազդում են նավթի գների վրա, որից ստացած եկամուտներով պաշտոնական Թեհրանը ֆինանսավորում է իր միջուկային ծրագիրը: Եվ իսկապես, տեղի չտալով միջազգային պատժամիջոցների ուժեղացմանը, Իրանն այդ ոլորտում շարունակում է ընդարձակել գործունեությունը:

Իսկ արդյո՞ք նրա հասցեին հնչող սպառնալիքներն ու կիրառվող պատժամիջոցներն է´լ ավելի չեն նպաստում` արագացնել միջուկային զենք ստեղծելու գործընթացը: Եվ արդյո՞ք փակ շրջան չի ստացվում. ռազմական սպառնալիքի դեմ պետք է նախապատրաստվել, և միջուկային զենք եք կռում` կհարձակվենք: Ու կողմերից ոչ մեկը փաստորեն, գործնականում չի խնայում այն փխրուն խաղաղությունը, որը բոլորի, այդ թվում և իր ծրագիր-սպառնալիքներից չհրաժարվող պետությունների զարգացման երաշխիքն է: