ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃԸ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ


 

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ ավելացել է ոգելից խմիչքների արտադրության ծավալները: Ռեկորդային ցուցանիշ է արձանագրել հայկական ավանդական գինին` 83,8 տոկոս: Շուրջ 37 տոկոսով ավելացել է գարեջրի, 27,3 տոկոսով` օղու և 50,1 տոկոսով` կոնյակի արտադրությունը: Ուշագրավ է, որ օղի Հայաստանից ընդհանրապես չի արտահանվում, իսկ գարեջուր` խորհրդանշական ծավալներով: Բայց գինու և կոնյակի տեսականու մեծ մասն արտերկրում է իրացվում:

Խմիչքի հայկական շուկան փոքր է և խիստ սահմանափակ: Տեղական ընկերություններն արտահանման ուղղությամբ ավելի մեծ ծրագրեր ունեն և հուսով են, որ այս տարի իրենց կհաջողվի առկա ցուցանիշները բազմապատկել: Ենթադրվում է, սակայն, որ հայկական խմիչքների պահանջարկի աճը բարձրացնելու է նաև խաղողի գինը: Ավելին, ընկերությունների միջև մրցակցությունն այնքան է սրվել, որ առավելագույնը 130-140 դրամով մթերվող խաղողն այս տարի նրանք արդեն 200 դրամով են նախատեսում ընդունել: Պարզ է, որ շուկաներում վաճառվող խաղողի գինը նույնպես բավական թանկ է արժենալու: