Անգելա Մերկելն այդ քայլը… չարեց


Անցյալ շաբաթ ավարտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկօրյա պաշտոնական այցը Անկարա: Դրա արդյունքներին նվիրված համատեղ ասուլիսում երկու երկրների ղեկավարները շոշափեցին նաև այնպիսի հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում էին մեր շահերին: Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասաց, թե ինքն ու տիկին կանցլերը, ի շարս բազմաթիվ այլ խնդիրների, «քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և 1915 թվականի դեպքերին առնչվող խնդիրներ»: - Մենք, իհարկե, քննարկել ենք այդ թեման,- ասաց Էրդողանը,- մենք քննարկել ենք Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևը: Բացի այդ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և մեր արտգործնախարարի միջև, որի ընթացքում պետքարտուղարն իր ափսոսանքն է հայտնել ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևի կապակցությամբ: Այնուհետև կրկնեց թուրքական կողմի հայտնի դիրքորոշումը, թե «այդ հարցի լուծումը պետք է պատմաբանները ստանձնեն, ոչ թե խորհրդարանները, որոնք այս խնդրի լուծման ասպարեզ չեն»: Պարզվում է` Հիլարի Քլինթոնը իսկապես «ափսոսա¯նք» է հայտնել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողո վում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևին հավանություն տալու համար: Դեռ լավ է, որ չի նվաստացել ու չի իջել մինչև Շվեդիայի անինքնասեր ու անարժանապատիվ վարչապետի մակարդակը և ներողություն չի խնդրել թուրքերից` սեփական օրենսդիրների կողմից անցյալ դարասկզբի այդ սահմռկեցուցիչ ոճրագործութ յունը որպես ցեղասպանություն ճանաչելու և դատապարտելու որոշում կայացնելու համար: Համատեղ ասուլիսում Էրդողանն առանց աչքը թարթելու` նաև բացահայտ սուտ խոսեց, ընդգծելով, թե ինքը «դեռ 2005 թվականին է նամակ գրել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առաջարկելով ստեղծել հարցն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողով, սակայն մինչև հիմա որևէ պատասխան չի ստացել»: Իրականում Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ միանգամայն հիմնավոր պատասխան տվեց Թուրքիայի վարչապետին, ընդգծելով, թե «պատմաբանների հանձնաժողովը չէ, որ պատասխանատու է երկու պետությունների քաղաքականության համար: Պատասխանատուն կառավարություններն են, ուստի շատ ավելի նպատակահարմար է ստեղծել ոչ թե պատմաբանների, այլ` միջպետական հարաբերությունների կարգավորման բոլոր ասպեկտներն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողով, որի իրավասությունների մեջ կմտնի բոլոր վիճելի հարցերի համար համատեղ լուծումներ գտնելու խնդիրը»: Այն, ինչ 2005 թվականին Էրդողանին տված իր պատասխանում առաջարկում էր Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Թուրքիան ընդունեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կողմերի միջև ստորագրված հայտնի Արձանագրությունների մեջ: Այսինքն համաձայնեց, որ միջկառավարական հարաբերությունների կարգավորման հանձնաժողովի կազմում ստեղծվի նաև «պատմական հարթության վրա տարաձայնություններն ուսումնասիրող պատմաբանների ենթահանձնաժողով»: Հայկական կողմի պատկերացմամբ, այդ ենթահանձնաժողովը ոչ թե պետք է պարզի` Հայոց ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, ինչը մեզ համար անսակարկելի է, այլ պիտի հնարավորություն տա Թուրքիային` վերջ ի վերջո ազնվություն ունենալ առերեսվելու իր արյունարբու պատմության այդ ամենաամոթալի էջի հետ և ընդունելու սեփական նախնիների անպարագիծ հանցագործությունը: Սակայն ոչ միայն այդ ենթահանձնաժողովը, այլև մյուս ենթահանձնաժողովներից ոչ մեկը մինչև հիմա էլ չեն ստեղծվել, Անկարան իր իսկ ստորագրած Արձանագրութ յունները մինչև այսօր էլ չի վավերացրել: Ինչու՞: Որովհետև Թուրքիան, ակնհայտորեն, պատրաստ չէ կամ ուղղակի չի ցանկանում նորմալ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: Անգելա Մերկելը այդ առթիվ ընդամենն ասաց. -Արդեն շատ հուսադրող նշույլներ կան, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և երբ դա մեկ օր հաջողվի, իմ կարծիքով, կարևոր քայլ կլինի, որը բոլորս կողջունենք... Թե ի՞նչ «հուսադրող նշույլներ» նկատի ուներ Գերմանիայի կանցլերը և ի՞նչն էր պատրաստվում «ողջունել»` դժվար է ասել: Հակառակը, Անկարան անիմաստ համառում է, ձգտում է հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը կապել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի օգտին Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու հետ: Ինչի՞ն է հավատում Գերմանիայի կանցլերը: Արցախյան հարցում Ադրբեջանի օգտին զիջումներ անելու վերաբերյալ նույն Էրդողանի կողմից համառ հետևողականությամբ առաջ քաշվող նախապայմանների՞ն, թե՞ առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու մասին միջազգային հանրության, այդ թվում իր իսկ շուրթերից հնչող հորդորներին, որոնք թուրքական կողմը բացահայտորեն արհամարհում է: Չի կարելի ասել, թե տիկին Մերկելը դա չի հասկանում: Դրա համար էլ Անկարայում շարունակեց պահպանել Թուրքիային ոչ թե Եվրամիության լիիրավ անդամ ընդունելու, այլ` միայն «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ տրամադրելու իր անհողդող կեցվածքը, իր հերթին Թուրքիային նախապայման ներկայացնելով, թե «որպեսզի մեկ քայլ առաջ կատարվի, նախ և առաջ պետք է Կիպրոսի հարցին լուծում գտնվի»: Եթե տիկին կանցլերը նույն սկզբունքայնությամբ խոսեր նաև Հայաստանի հետ միջպետական հարաբերությունները անպայման կարգավորելու մասին, որպես Թուրքիային ոչ թե Եվրամիության լիիրավ անդամ ընդունելու, այլ նրան «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ շնորհելու նախապայման, այդ դեպքում կարելի կլիներ հուսալ, որ Անկարայում խելքները գլուխները կհավաքեն և հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացնեն: Ավա¯ղ, Մերկելն այդ չարեց:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ