«Հպարտանում եմ բոլոր կին զինծառայողներով»


Դարեր շարունակ կանայք սատարել են մարտնչող զինվորներին, իսկ այսօր նրանք նաև ծառայում են Հայոց բանակում և` ոչ միայն որպես բժիշկ ու բուժքույր£ Մայրության ու գեղեցկության գարնանային գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորելով պաշտպանության համակարգում աշխատող բոլոր կանանց, մաղթում ենք կանացի անանց հմայք և խիզախություն£ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կադրերի և շարային մասի պետ Սուսաննա ՄԱԹԱՆՅԱՆԻ հետ զրույցն անդրադարձ է հայրենապաշտպան կնոջ նկարագրին£ Ծնվել է 1968 թ. հոկտեմբերի 1-ին` Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում: Ունի մասնագիտություններ` քիմիկ-տեխնոլոգ և իրավաբան-տնտեսագետ: ՀՀ զինված ուժերում է 2003 թվականից: Սուսաննա Մաթանյանը զինծառայությունը վեր է դասում ամեն ինչից£ Բնավորությամբ զարգացած և կիրթ անձնավորություն է, յուրաքանչյուրի հանդեպ յուրովի վերաբերմունքով£ Եվ իր ճիշտ խորհուրդներով օգնում է, ինչպես ժամկետային զինծառայողներին, այնպես էլ մեզ` երիտասարդ սպաներիս: - Ի՞նչ է Ձեզ համար ծառայությունը ՀՀ զինված ուժերում: -Նախ` պարտավորեցնող աշխատանք, պատասխանատվության մեծ զգացում£ Ես հպարտանում եմ դրանով, քանի որ ինձ համարում եմ այս ամուր շղթայի մի փոքրիկ մասնիկ: - Ինչպե՞ս եք վերաբերվում դասալիք կամ զինծառայությունից խուսափել փորձող երիտասարդների հանդեպ£ - Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ պետք է անպայման ծառայի բանակում: Ապագա զինծառայողի դաստիարակությունը սկսվում է նախ ընտանիքից£ Իսկ բանակն ավելի է ամրապնդում տղամարդուն վայել բոլոր դրական հատկանիշները: Իմ կարծիքով պարտադիր ժամկետային զինծառայությունը ոչ թե սոսկ «պարտադրված ծառայություն» է, այլ գիտակից յուրաքանչյուր պատանի ինքը պետք է ձգտի կոփվել բանակում£ - Ի՞նչ է Մայրության և գեղեցկության տոնը Ձեզ համար. հիմնականում ո՞ւմ հետ եք անցկացնում այն: - Որպես կին զինծառայող, այս գեղեցիկ գարնանային տոնը նշում եմ զինակիցներիս հետ: Հպարտանում եմ բոլոր կին զինծառայողներով. ինչպես յուրաքանչյուր ընտանիքում կինը ջերմություն ստեղծող և պահպանողն է, այնպես էլ բանակում առանձնահատուկ է կնոջ դերը£ Ես գտնում եմ, որ հայկական բանակի յուրաքանչյուր կին զինծառայողի հետ կարելի է ոչ միայն գնալ «հետախուզության», այլ նաև` «պատերազմ»: Պետք է ասեմ, որ մայրության, գեղեցկության տոնին կին զինծառայողները հատուկ ուշադրության են արժանանում թե° Պաշտպանության նախարարի, թե° հրամանատարության և թե° շարքային զինակիցների կողմից: - Ի՞նչ կմաղթեիք մեր բոլոր կին զինծառայողներին և զինվորների մայրերին ու քույրերին£ - Բոլորին մաղթում եմ անամպ երկինք. անկախ բոլոր տեսակի դժվարությունից` թող մնան միշտ կանացի և գնահատված: Իսկ ինչ վերաբերվում է մայրերին, ում որդիները ծառայում են հայկական բանակում, ցանկանում եմ համբերություն ու հավատ` որ իրենց որդիները պատվով կծառայեն և կվերադառնան առնականացած: - Եթե Ձեզ առաջարկեին բարձր վարձատրվող քաղաքացիական աշխատանք, կթողնեի՞ք ծառայությունը£ - Արդեն ասել եմ, որ ես հպարտանում եմ իմ աշխատանքով, որը նաև թույլ է տալիս ի հայտ բերել բոլոր մարդկային դրական հատկանիշները£ Զինծառայությունը կյանքի դպրոց է: Սովորելը երբեք ուշ չէ, քանի որ ծառայության ընթացքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ մեզանից յուրաքանչյուրը ձեռք է բերում մեծ կենսափորձ: Իսկ ինչ վերաբերում է այլ աշխատանքի ընտրությանը, ապա ուզում եմ կրկնել` ես հպարտորեն եմ կրում հայ սպայի ուսադիրները: - Ձեր խոսքը կամ մաղթանքը բոլոր ձեր գործընկերներին - Անչափ հարգում եմ յուրաքանչյուրին: Ես համարում եմ, որ մեկ հոգին ոչինչ չի կարող անել, միայն համատեղ և միասնական աշխատանքն է թույլ տալիս գտնել ցանկացած խնդրի լուծման բանալին£ Իմ զինակիցներին մաղթում եմ ամրություն, հետևողականություն և բարություն£

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ