Ձեր լուսավոր կերպարը


Իմ հուշերի կծիկն ինձ տանում է մանկությանս արահետներով, ուր թռվռում է երկար հյուսքերով, ճերմակ ու մեծ ժապավեններով չարաճճի մի աղջնակ, հետո մտովի տեղափոխվում եմ իմ` Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հարազատ դպրոց, ուր փնտրում եմ հարազատ դեմքեր և ամենից առաջ` սիրելի դասղեկիս` ռուսաց լեզվի ուսուցչուհի Թամարա Խաչատրյանին: Չգիտեի, որ շատ տարիներ հետո իմ մանկան հոգում ևս արևի պես պիտի շողշողա այս անգամ իր` Վահան Թեքեյանի թիվ 92 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նաիրա Ստեփանի Յակովլևայի լուսավոր կերպարը: Արմատներով հույն ու հայուհի ծնողներից ժառանգել է բարություն, համեստություն, անսահման սեր աշխարհի ու մարդու հանդեպ: Այդ մեծ սերն ամբարած իր հոգում, ավարտելով համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի բաժինը, ոտք դրեց դպրոց. 1987 թվականից Վ. Թեքեյանի անվան դպրոցը դարձավ հարազատ օջախ: Չկա մի աշակերտ, նախկին շրջանավարտ, ով համակ սիրով, հարգանքով չխոսի նրա մասին: Շատ ծնողների երազանքն ու ցանկությունն է` Նաիրա Ստեփանովնային տեսնել իր երեխային ռուսաց լեզու ուսուցանելիս: Մանկավարժական այս մեծ ու համերաշխ դարբնոցում, ուր խստապահանջ, անաչառ տնօրենի` տիկին Անահիտ Խալաթյանի մանկավարժական երկարամյա գործունեության դասերն են առնում շատ ուսուցիչներ և ուսուցչուհիներ, Նաիրա Ստեփանովնան արդեն իսկ ամրագրել է իր` լավ մարդու, հոգեբանի, մանկավարժի, գերազանց մասնագետի, քրիստոնյայի անաղարտ կերպարը: Առանց ձայնի տոնը բարձրացնելու, առանց կոպիտ խոսքերի, առանց որևէ դժվարության կայանում են նրա բոլոր դասերը, և ռուս դասականներն ու նրանց աշխարհաճանաչ գործերը դառնում են հարազատ ու սիրելի` բոլոր աշակերտների համար: Դասը պարտականություններից վեր է ածվում մի հետաքրքիր ու տպավորիչ միջոցառման, որի շարունակությանը անհամբերությամբ են սպասում դպրոցականները: Բազմաթիվ պատվոգրերի, գովեստի խոսքերի է արժանացել նվիրյալ ուսուցչուհին, և այս ամենով հանդերձ, նա ոչ մի ակնկալիք չունի. ապրում է և աշխատում հանուն իր նախընտրած մասնագիտության, հանուն դպրության, հանուն երեխաների, հանուն գիտության լույսի, հանուն այն հարյուրավոր լուսավոր աչքերի, ովքեր ամեն օր դիմավորում ու ճանապարհում են նրան: Սեր է շաղում ու սեր է ստանում, ապրում է այս անցավոր կյանքն ի վերուստ իրեն շնորհված սուրբ առաքելությամբ: …Վերապատրաստման ու կատարելագործման ոչ մի դասընթաց, ոչ մի դիպլոմ չի կարող էությամբ ոչ մանկավարժին դարձնել մանկավարժ: Մանկավարժ ծնվում են, իսկ այդ մասնագիտության մեխն այս երկրագունդն իր առանցքի վրա պահողը ամենազոր Տերն է: Սիրելի° ուսուցչուհի, ապրե°ք երկար ու առողջ` նույն այդ Արարաչագործ Սիրո զորությամբ: …Կհնչի վերջին զանգը, և այդ զանգի ղողանջների թրթռոցում այս տարվա Ձեր շրջանավարտներն իրենց հետ կտանեն Ձեր թանկ ու հարազատ ձայնի ելևէջները: Ի խորոց սրտի` Կարինե ԱՎԱԳՅԱՆ