Հայաստանի պատանեկան նվաճումների Շրջանավարտների միության


Ապագա մասնագիտության ընտրությունը բարձր դասարանցու համար ամենապատասխանատու և դժվարլուծելի խնդիրն է, որը հետագայում ճակատագրական կարող է դառնալ նրա համար: Ներկա օրերում այդ հարցի լուծումը մի քանի գործոններից է կախված` համապատասխան գիտելիքներ, ֆինանսական միջոցներ, մասնագիտության արդիականություն և այլն: Այս ամենին գումարվում է նաև այն, որ, ընտրելով ապագա մասնագիտությունը, երեխան դեռևս լավ չի պատկերացնում հետագայում իր անելիքը: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում մինչև մասնագիտության մեջ կողմնորոշվելը սեփական աչքով տեսնել, ուսումնասիրել այն ոլորտը, որտեղ աշխատելու ցանկություն կա: Ահա այս նպատակն էր հետապնդում ս/թ ապրիլի 11-ին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության և Հայաստանի պատանեկան նվաճումների Շրջանավարտների միության նախաձեռնած «Մասնագիտության օր» միջոցառումը: Միջոցառմանը սիրով մասնակցեցին Երևանի վեց դպրոցների տնտեսագիտություն և գործարար բարոյագիտություն ուսումնասիրող թվով 14 աշակերտներ և տարբեր բուհերում սովորող 16 ուսանողներ, որոնց համար այդ օրը յուրատեսակ անակնկալների և հաճելի զգացողությունների օր էր: Ընտրված էին այնպիսի ընկերություններ, որոնք այսօր մեծ կշիռ և դեր ունեն մեր հանրապետության տնտեսության մեջ, իրենց գործունեության ոլորտում առաջատարներից են: Մասնավորապես մասնակիցները այցելեցին Տիգրան Մեծ հրատարակչություն, Երևանի կոնյակի գործարան, Մեգերյան կարպետ, STAR DIVIDE և Եվրովագեն ընկերություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Ինչպես հետո նշեցին միջոցառման մասնակիցները, ձեռնարկությունների ներկայացուցիչները հաճույքով և մանրամասնորեն ներկայացրին իրենց ձեռնարկութ յան գործունեությունը, պատասխանեցին երեխաների կողմից հնչեցրած ամենատարբեր, այդ թվում նաև գործարար բարոյագիտությանը առնչվող այնպիսի հարցերի, որոնք վերաբերում էին ընկերության ղեկավարման համակարգում ծագած բարոյագիտական խնդիրներին, բարոյագիտական արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվելուն, բարոյագիտական երկընտրանքների լուծմանը, սպառողների նկատմամբ ունեցած պատասխանատվությանը և այլն: Նշենք, որ 2004 թվականից «Գործարար բարոյագիտություն» դասընթացը ուսումնասիրվում է մեր դպրոցներում: Եվ երեխաները շատ արժեքավոր տեղեկություններ և խորհուրդներ լսեցին թե° գործարար բարոյագիտության, թե° ապագա մասնագիտություն ընտրելու վերաբերյալ: Ինչպես նշեց ՀՊՆ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը. «Նմանատիպ այցեր արտասահմանում հաճախ են կազմակերպվում և իսկապես ծառայում են իրենց նպատակին. երեխաները գործնականում, և ոչ տեսականորեն ծանոթանում են ձեռնարկությունների, կազմակերպությունների աշխատանքներին, որը օգնում է նրանց կողմորոշվելու մասնագիտություն ընտրելու հարցում: Հուսամ, որ մեր երկրում էլ այն կդառնա ավանդույթ»: Առաջարկվեց միջոցառումը դարձնել շարունակական և հետագայում ավելի շատ դպրոցականներ ներգրավել միջոցառման մեջ: Ցեղասպանությունը մնալու է մարդկության ամենաամոթալի և հայ ժողովրդի ամենաողբերգական էջը Շատ է գրվել ու խոսվել Մեծ եղեռնի մասին, կատարվել են գիտական ուսումնասիրություններ, գրվել են գեղարվեստական երկեր, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, քաղաքական լույսի ներքո է այն ներկայացվել, սակայն մարդկությունը դեռ համապատասխան գնահատական չի տվել այս ողբերգությանը, և դեռ հայ ժողովուրդը, բռունցքը սեղմած և դեռևս համբերությամբ, սպասում է պատասխանին: Աբովյան քաղաքն էլ ունի իր ճանապարհը, որը ձգվում է դեպի քաղաքի վարչական մասում տեղադրված հուշակոթողը, որը հին պատմություն չունի: Աբովյանը չէր կարող իր հարգանքի տուրքը և անմահ հիշողությունը ինչ-որ կերպ չարտահայտել. 1989 թվականին երջանկահիշատակ Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ կառուցված հուշակոթողը սկզբնապես նվիրված էր 88-ի երկրաշարժի զոհերին, սակայն դարձավ հայ նահատակների հիշատակի հավաքական խորհրդանիշ: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Աբովյանի քաղաքապետ պարոն Կարո Իսրայելյանը, քաղաքի այլ պաշտոնական ներկայացուցիչներ, մտավորականներ այցելեցին հուշակոթող` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Աբովյանը շատ նվիրյալներ ունի, ովքեր իրենց, թեկուզ չնչին ներդրումն ունեն Հայոց եղեռնի ճանաչման գործում: Այդ երախտավորների շարքում է Աբովյանի վարժարանի նախկին տնօրեն և գերմաներենի հրաշալի գիտակ Ռուզան Յորդանյանը: Երկար տարիներ նա զբաղվում է թարգմանչական աշխատանքով, և կատարած թարգմանությունների մեծ մասի թեման հայերի ցեղասպանությունն է: Մասնավորապես արդեն թարգմանվել և տպագրվել են Յոխեն Մանգելսենի գեղարվեստական և Վոլֆգանգ Գուստի կազմած և հրատարակած հրապարակախոսական և փաստագրական երկերը: Անուրանալի է այն մեծ ավանդը, որ կատարել է Վոլֆգանգ Գուստը Հայոց եղեռնի ճանաչման գործում, և ավելի քան կարևոր էր այդ նյութերի հայերեն թարգմանությունը: Ինքս կարդացել եմ այդ թարգմանությունները, և իմ ունեցած պատկերացումները ցեղասպանության մասին զգալիորեն ընդարձակվել են: Ինչպես նշում է Ռուզան Յորդանյանը. «Անչափ դժվար է թարգմանել այդ նյութերը, ակամայից ճնշվում ես, և պահ է լինում, որ արցունքները խեղդում են կոկորդդ, կամ զայրույթից ձեռքդ է դողում, սակայն շարունակում ես կատարել աշխատանքդ, քանի որ գիտես, որ քո ժողովրդի համար կարևոր գործ ես կատարում: Այսօր Գերմանիան դեռ հեռու է հայերի ցեղասպանությունը ճանաչելու մտքից, բայց Վոլֆգանգ Գուստի անկողմնակալ ու օբյեկտիվ գիրքը կարող է լուրջ ու անվիճելի հող նախապատրաստել այդ հարցի ընդգրկուն քննարկումների և հետագա քայլերի համար»: Ռուզան Յորդանյանը չի բավարարվում կատարածով. շարունակում է թարգմանել նյութեր, և արդեն տպագրության է հանձնել հայերի ցեղասպանությանը նվիրված հերթական գիրքը:

Գայանե ՎԱՐԴԱՆՅԱՆ