«Գալա» համերգը և այլք...


Վերջերս ներկա եղանք Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանի Կոմիտասի անվան երաժշտանոցի 25-ամյակին նվիրված փառատոնին: Հենց սկզբից ասենք, որ հիացմունքի էին արժանի Հայաստանի երիտասարդական նվագախմբի և շուրջ ութ տասնյակ երաժիշտ-կատարողների բարձրարվեստ կատարումները: Հնչեցին մեծահամբավ երաժշտահաններ Ռախմանինովի, Դվորժակի հիանալի ստեղծագործությունները, երաժշտավար Սերգեյ Սմբատյանի արհեստավարժ ղեկավարումը, մենակատար Սոնա Բարսեղյանի ելույթները: Հանդիսատեսը ծափողջույններով և ծաղկեփնջերով էր դիմավորում յուրաքանչյուր կատարում: Ասենք նաև, որ հանդիսատեսն իրեն շոյված զգաց` օթյակում տեսնելով նախկին և ներկա նախագահների տիկնանց: Համերգի տպավորությունը շատ մեծ էր, և վայելքի պահեր ապրեցինք: Սակայն… Համեստ ձևավորված հրավիրատոմսը առաջին իսկ հայացքից սթափեցրեց, տխրեցրեց, առանց չափազանցության` վիրավորեց… Որքան կարելի է խոսել հայոց լեզվի, նրա պետական լինելու մասին և անգամ մշակութային խոշոր միջոցառումներում մեղանչել մեր լեզվի հանդեպ: «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա». բայց ինչու ոչ` երաժշտանոց: Ապա, «դիրիժոր», այլ ոչ թե խմբավար: Սա` գրավոր ձևակերպումը, իսկ հաղորդավարուհին բարձրաձայն ի լուր հանդիսատեսի և աշխարհի հայությանը, հայտարարում է ինչ որ «գալա» համերգի մասին: Լեզվաբան ընկերոջս հետ շվարած իրար ենք նայում և երկուսս էլ ներքուստ ամաչում: Բայց ամաչո՞ւմ են արդյոք նրանք, ովքեր գրում և բարձրաձայնում են այդ կարգի անհեթեթություններ, վիրավորում մեր ազգային արժանապատվությունը… Արդյո՞ք լսեցին Լեզվի պետական տեսչության լեզվագետ պատասխանատուները և ինչ ձեռնարկեցին… Նման խայտառակ իրողություն միայն այս բնագավառում չէ: Ինչպես ասում են` սա դեռ չարյաց փոքրագույնն է` ինչ-որ տեղ սահմանափակ լսարանի առումով: 2006 թվականին «Գեոքարտ կենտրոն» հրատարակչությունը տպագրել է «Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» վարչական քարտեզ (1:400000 մասշտաբ): Ինչ խոսք, չափազանց անհրաժեշտ և գնահատելի գործ: Քարտեզը կազմվել և հրատարակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և Քարտեզագրության Կենտրոն» ՊՌԱԿ-ի կողմից: Գլխավոր խմբագիրն է Աիդա Նազարյանը, խմբագիրը` Անժելա Հակոբյանը, անգամ գրվել է հեռախոսահամարը: Դա լավ է, բայց… Ժամանակին Վայքից Սևանի տարածք (ներկայիս Մարտունի և այլուր) է անցել թուրք արնախում Սելիմ սուլթանը` կոտորելով, ավերելով մեր ժողովրդին ու երկիրը, անցել է 2410 մ բարձրության լեռնանցքով, և լեռնանցքը անվանվել, ասվել է այդ բորենու անունով: Անձամբ եղել եմ քարտեզագրության այդ ձեռնարկությունում, ընդվզումս հայտնել` արնախում թուրք սուլթանի անունով մեր տարածքը կոչելու փաստի դեմ: Նոր քարտեզներում բարեբախտաբար այդ շան անունը չկա: Բայց… նույն քարտեզի վրա նախկինի փոխարեն այդ լեռնանցքը անվանվել է ոչ ավելի, ոչ պակաս «Սուլեմայի լեռնանցք»: Ով է այդ սուլեման, ինչու պետք է նրա անունը հավերժացնենք… Իսկ դպրոցներում երեխաները հիմա էլ «Սուլեմայի լեռնանցքն» են ուսանում և հարցնում ուսուցչին, թե ով է, ինչ «նշանավոր հայ» է այդ «Սուլեման»: Սա դեռ ոչինչ, այդ առարկաների դասագրքերում նախկին սուլթանի անունը այդպես էլ մնում է և ուսուցանվում հայ երեխաներին: Հ. Գ. Կարծում ենք, ժամանակն է, որ հանրապետությունն ունենա «Քարոզչության և Տեղեկատվության» նախարարություն, որը համարժեք պետք է լինի Արտգործնախարարությանն ու Զինված ուժերի: Նրա ձեռքում պետք է լինի հային, Հայաստանին վերաբերող բոլոր մեծ ու փոքր հարցերը, իսկ մնացած այս կարգի թերզարգացած վարչություններն ու կազմակերպություն ները պարզապես լուծարվեն: «Այժմ մեզ հայ է պետք, մեր իդեալը պետք է լինի Հայությունը»… ժամանակին ասել է մեծն Րաֆֆին:

Սերգեյ ԱՎԱԳՅԱՆ