ԲՈԼՈՐ ԿՈՒՌՔԵՐԸ ԶՈՀԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ


Այսպես կոչված «համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում» Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առանցքը մարտի 1-2-ին Երևանում կատարված ողբերգության մեղքը նախկին ու ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ուսերին բարդելն էր: Ոչ մի խոսք` անձամբ իր քաղաքական ու բարոյական, բնականաբար` նաև միանգամայն հնարավոր քրեական պատասխանատվության մասին: Ոչ մի խոստովանություն, որ ինքը 6-7 ամիս շարունակ ուղղակի նախապատրաստում էր մարտի 1-2-ի պայթյունը: Նախապատրաստում էր տևական ագրեսիվ քարոզչությամբ` առկա դժգոհությունները ատելության վերափոխելով, մարդկանց վարդագույն խոստումներով մոլորեցնելով ու հեղափոխականացնելով: Դա ծայրահեղ անպատասխանատու քաղաքական վարքագիծ էր: Միայն հետաքննությունն ու դատաքննությունը կարող են տալ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք այդ ամենը նաև իշխանության բռնազավթման հանցավոր փորձ չէր: Ակնհայտ է, որ այդ փորձը ձախողվեց: Ավա¯ղ, արյան գնով: Հիմա եկել է հեղված արյան պատասխանատվությունից խույս տալու, «ջրից չոր դուրս գալու», ձեռքերը լվանալու և կաշին փրկելու ժամանակը: Հենց այդ` սեփական դեմքի մուրը ուրիշների դեմքին քսելու «ազնիվ» նպատակով էլ մայիսի 2-ին գումարվել էր «համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը»: Դեռ ապրիլի 25-ին հրապարակելով Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, Արմեն Հարությունյանը, երևի իր համար էլ անսպասելի, դարձավ ՀՀՇ-ական քարոզչամիջոցների դատափետումների թիրախ: Որովհետև անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, ազնվաբար մատնանշեց, թե դրանք ուսումնասիրելու համար ձևավորվելիք անկախ հանձնաժողովը «պետք է հաշվի առնի այդ օրը առավոտյան, կեսօրին և երեկոյան տեղի ունեցած միջոցառումները և հետաքննի միասնական ձևով, քանի որ նրանց մեջ պատճառահետևանքային կապ կա»: Արմեն Հարությունյանի այս հայտարարությանը անմիջապես հետևեց ՀՀՇ-ի կողմից նրա ողջ նախընթաց գործունեությունը նսեմացնելու փորձը: Նրան մեղադրեցին հատկապես մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող «միջազգային անկախ հանձնաժողովի» ստեղծումը տորպեդահարելու չարամիտ դիտավորության մեջ: Մինչդեռ միջազգային որևէ կառույցից երբևէ չի հնչել և չէր էլ կարող հնչել մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու համար «միջազգային անկախ հանձնաժողով» ստեղծելու որևէ առաջարկ: Եվրոպական կառույցներից եղել և ուժի մեջ է մարտի 1-ի իրադարձությունների անաչառ հետաքննության, քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակելու, խոսքի, մամուլի, խաղաղ հանրահավաքների ու երթերի ազատություն ապահովելու պահանջ. ոչինչ ավելի: Քանզի համաշխարհային պրակտիկայում չկա և չի կարող լինել որևէ ինքնիշխան երկրում տեղի ունեցած որևէ միջադեպի կամ հանցագործության «միջազգային անկախ հետաքննութ յուն»` շրջանցելով տվյալ երկրի իրավապահներին, պետական ու հասարակական կազմակերպություններին: Դա անհեթեթության ոլորտից է: Այդ` ամենևին էլ ոչ միջազգային, այլ ազգային հանձնաժողովը, հնարավոր է` ձևավորվի հենց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի շուրջ, միջազգային հեղինակավոր փորձագետների ներգրավմամբ: Այդպիսի փորձագետների ներգրավելու անհրաժեշտությունը բարձրաձայնել է նախ և առաջ հենց Արմեն Հարությունյանը: Ահա ինչու ՀՀՇ-ական մամուլն արդեն իսկ ձեռնամուխ է եղել այդ դեռ չկազմված հանձնաժողովի և Արմեն Հարությունյանի հանդեպ անվստահություն սերմանելու գործին: «Իրականությունն այն է,- հայտարարում է ՀՀՇ-ն իր պաշտոնաթերթի էջերից,- որ եթե հանձնաժողովը լինի հայաստանյան, ապա ինչքան էլ արտասահմանից փորձագետ հայտնվի, միևնույն է, անաչառ հետաքննություն չի կարող լինել»: Նախապես բարձրացված այս աղմուկը անվերապահորեն վկայում է, որ ամենից ավելի բարձր գոռալով «մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն» անցկացնելու մասին, ՀՀՇ-ն ամենից ավելի է վախենում հենց այդ… հետաքննությունից: Մայիսի 2-ին ունեցած ելույթում, անգամ էժանագին դերասանական նմանակումների և ինքն իրեն հարգող քաղաքական գործչին ոչ վայել լեզվաոճական ճամարտակությունների քողի տակ, իր այդ վախը, եթե չասեմ սարսափը չէր կարողանում թաքցնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Հրաշալի գիտակցելով, որ ոչ մի «միջազգային անկախ հետաքննություն» լինել չի կարող, ՀՀ 1-ին Նախագահը փարիսեցիաբար շարունակում էր պահանջել…«միջազգային անկախ հանձնաժողովի» ստեղծում: Եվ այդ պահանջը հասցեագրում էր…Նախագահ Սերժ Սարգսյանին: Իբր` Սերժ Սարգսյանը, ոչ թե ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, կարիք ունի ապացուցելու սեփական անմեղությունը, «այլապես հազար տարի էլ անցնի, նա նույնքան մեղավոր կդիտվի մարտի 1-ի արյունահեղության գործում, որքան Ռոբերտ Քոչարյանը»: Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ շանտաժ, հոխորտանք, մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու նպատակով դեռևս չստեղծված հանձնաժողովի աշխատանքն ուղղորդելու փորձ: Իբր, թող Ռոբերտ Քոչարյանից բացի` ուրիշ մեղավոր չփնտրեն, և Նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ոճրագործությանը մեղսակից լինելու մեջ չմեղադրվելու համար, թող… աջակցի: Փուչիկ է, կպայթի, ինչպես պայթեց այն սուտը, թե իբր մարտի 1-2-ի գիշերը զոհվել է ոչ թե 8, հետագայում` 10, այլ մի քանի տասնյակ մարդ: Այժմ նույնիսկ ամենամոլեռանդ «քարոզիչներն» այլևս չեն շրջանառում այդ ակնհայտ կեղծ պնդումները: Կպայթի ևս մի սուտ, որ մայիսի 2-ին շրջանառության մեջ դրեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Ամենաանպարկեշտ արտահայտություններով հարձակվելով միջազգային կառույցների ու նրանց դիտորդական առաքելությունների վրա, որոնք դեռ փետրվարի 20-ին արձանագրեցին, թե «Հայաստանի Հանրապետության Նախագահի փետրվարի 19-ի ընտրությունները հիմնականում անցկացվեցին ԵԱՀԿ և Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների ու չափանիշների համաձայն», Լևոն Տեր-Պետրոսյանը ճգնում էր լսարանին համոզել, թե նրանք, իբր, այդպիսի իրավունք չունեին: Իբր, միջազգային դիտորդները պետք է սպասեին մինչև «խախտումների բողոքարկման ու ձայների վերահաշվարկի համար սահմանված ժամկետի ավարտը» կամ «ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումը»: Կեղծի°ք է: Միջազգային դիտորդական կազմակերպությունների նախնական զեկույցի համար այդ կարգի մտացածին «ժամկետներ» սահմանված չեն: Նրանք ամենուրեք հանդես են գալիս հենց ընտրությունների հաջորդ օրը և ասում են այն, ինչին ականատես են եղել բուն ընտրությունների ընթացքում: Պարզից էլ պարզ է, որ Տեր-Պետրոսյանը և նրան սատարողները, ունենալով ամեն գնով իշխանության բռնազավթման ծրագիր, արդեն նախապես տրամադրված էին` ընտրությունների արդյունքները չընդունել: Եթե նրանք միջազգային դիտորդներին ականջալուր լինելու տարրական ազնվություն ունենային, եթե չհորինեին բուն ընտրությունների ընթացքի վերաբերյալ ամեն կարգի «բողոքարկումների հիմքեր» և այդ «հիմքերի» շուրջ տևականորեն հանրահավաքային վայնասուն չբարձրացնեին ու երկրի հասարակական մթնոլորտը չշիկացնեին` մարտի 1-2-ի գիշերվա արյունը չէր թափվի: Լևոն Տեր-Պետրոսյանի հորինած հերթական կեղծիքներից մեկն էլ այն է, թե ԵԱՀԿ-ն ու Եվրախորհուրդը, որոնց անդամակցելիս մեր երկիրը որոշակի պարտավորություններ է ստանձնել, իբր «տրամաբանորեն` իրենց հերթին պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջև… ապահովելու նրա անվտանգությունը, ժողովրդավարական ազատությունները և քաղաքացիական իրավունքները»: Եվրոպական կառույցները, մանավանդ ԵԱՀԿ-ն ու Եվրոպայի խորհուրդը, որևէ երկրի «անվտանգությունը ապահովել» ուղղակի չեն կարող: Դա հեքիաթ է: Ամեն երկիր ի°նքն է ապահովում իր անվտանգությունը: Ճիշտ նույն կերպ ամեն երկիր ինքն է պատասխանատու ժողովրդավարական ազատությունների ու սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Եվրոպական կառույցները ընդամենը կարող են դիտարկումներ կատարել և թերություններ մատնանշել` եթե այդպիսիք տեսնում են: Իսկ այդ թերությունների վերացումը տվյալ երկրի իշխանությունների ու հասարակության հասունության մակարդակից է կախված: Եվրոպական կառույցներն ու կազմակերպությունները, նրանց դիտորդները ի՞նչ մեղավոր են, եթե իրենք Հայաստանում կայացած ընտրությունները գնահատում են իբրև «միջազգային չափանիշներին համապատասխանող», իսկ արմատական ընդդիմադիրները, որդեգրելով հեղափոխական կեցվածք, չեն ընդունում այդ գնահատականը: Որևէ երկրում հեղափոխություն կանխելը ամենևին չի մտնում միջազգային կառույցների լիազորությունների մեջ: Այն հասարակությունը, որը չի գիտակցում հեղափոխական ճանապարհով գնալու կործանարարությունն իր համար, ինքն է վճարում իր խելահեղության դիմաց: Մարտի 1-2-ի գիշերը, ավաղ, մենք այդ ծանր գինը… վճարեցինք: Մի՞թե դա բավական չէր: Քանի դեռ հասարակության մի մասը, թեկուզև գնալով փոքրացող հատվածը, դեռ շարունակում է միամտաբար հետևել Լևոն Տեր-Պետրոսյանին` այդ անպարագիծ իշխանատենչ ու չարագույժ գործչին, իսկ որոշ զոմբիացվածներ էլ նրան նույնիսկ կուռք են դարձնում, մենք չենք կարող ապահովագրված լինել նոր աղետներից, Աստված մի արասցե` նույնիսկ նոր զոհերից: Որովհետև բոլոր կուռքերը միշտ…զոհե¯ր են պահանջում…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ