Կանխատեսված հայտ` դեպի ընդդիմադիր դաշտ


Ըստ երևույթին, քաղաքական գործընթացներից հեռու մնալու երկամսյա «արձակուրդը» ՀՀ առաջին Նախագահը վերցրել էր հետագա իր ծրագրերը լրջորեն քննել-զննելու համար: Իսկ արդեն հրավիրված կոնգրեսից հետո պարզ է` Լևոն Տեր-Պետրոսյանը նախատեսում է գործող իշխանության ռեալ հակակշիռը դառնալ և ընդդիմադիրի կարգավիճակը պահպանելով հանդերձ` չկորցնելով ցանկացած հարմար պահի իշխանության անցնելու հույսն ու հնարավորությունը: Հետաքրքիր է վերհիշել, որ նախընտրական շրջանում նրա այս ծրագրի քողազերծման փորձերը իր թիմակիցների կատաղի դիմադրությանն էին արժանանում: Կյանքը ցույց տվեց, որ «Իշխանություն կամ ոչինչ» բանաձևը, մեղմ ասած, կենսունակ չի կարող լինել: Սակայն այսօր կարևորը ոչ այնքան ընդդիմություն դառնալու մասով իրականության վերափոխվող կանխատեսումներն են, այլ այդպես էլ անորոշ մնացած կարգավիճակի հստակեցման գնահատելի միտումները: Խնդիր, որ չնայած համատեղ գործող մեծ ու փոքր ուժերի խայտաբղետությանը, միայն ու միայն առաջին Նախագահը պետք է որոշեր: Այն էլ` միայն ու միայն հայտնի դեպքերի արդյունքում լարված հասարակական տրամադրությունների առաջացրած հետևանքների լիարժեք վերականգնումից հետո: Այս առումով բոլորովին էլ պատահական չէ, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթն սկսում ու մանրակրկիտ վերլուծության է ենթարկում հատկապես մարտի 1-ի իրադարձությունները, դրան նախորդած ներքաղաքական իրավիճակը և դեպքերին հաջորդած գործընթացները: Ընդհանուր առմամբ` նրա վերաբերմունքն այս ամենի հանդեպ կանխատեսելիության շրջանակներում է: Սակայն կոնգրեսում հնչած գնահատականներում կա մի էական նրբերանգ. թե° պատասխանատվության, թե° մեղքի ողջ ծանրութունը Լ. Տեր-Պետրոսյանը գցում է Ռոբերտ Քոչարյանի վրա… Մի մարդու, ով գոնե ներկայումս հասկանալի պատճառներով չի առնչվում երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին: Հակառակ սրան` հռետորը գործող Նախագահին առաջարկում է իր բաժին անմեղությունն ապացուցելու նպատակով միջազգային անկախ հետաքննություն սկսել` կատարվածը մանրամասնորեն ուսումնասիրելու համար: Հասկանալի է. նպատակը ոչ այնքան տեղի ունեցած անցանկալի իրադարձությունների վերլուծությունն է (հատկապես, որ ամեն ինչ վաղուց պարզ է ու հստակ), այլ հատկապես նորընտիր Նախագահի հետ հարաբերություններում նոր էջ բացելը, ամեն ինչ սկզբից սկսելը: Այլ կերպ ասած` երկխոսությունը: Ահա թե ինչու է Լ. Տեր-Պետրոսյանն այդքան ջանասիրաբար և լիարժեքորեն ետին պլան մղում միջազգային կազմակերպություններին` ընդդիմության համար հաճախ բարենպաստ գնահատականներով ու մնացած ամեն ինչով հանդերձ: Առաջին Նախագահը լավ գիտի ու բոլորովին էլ պատահաբար չմեջբերեց Ս. Դեմիրճյանի` դեռևս 2003-ի Նախագահի ընտրություններից հետո Եվրոդատարան դիմելու և դեռևս անհուսալիորեն անպատասխան մնալու խնդիրը: Այնպես որ, մի քանի շաբաթ առաջ նույն քայլին դիմելով` նա ընդամենը դժգոհ մնացածների ավանդական արարողակարգից չշեղվելու խնդիրը միայն լուծեց: Իսկ ներկայում, երբ քաղաքականությունը վերստին թողնելու կամ ապագայի քաղաքական նոր ծրագրեր առաջադրելու կարևորագույն խնդիրն է ինքնաբերաբար և անխուսափելիորեն նորից առաջ մղվում, բնականաբար միջազգայինների վաղուց ներկայացրած և բոլոր իմաստներով ազդեցությունը կորցրած զեկույցներն այլևս Տեր-Պետրոսյանի համար գրոշի արժեք չեն կարող ունենալ: Փոխարենը` երկար խորհելուց հետո նա արդեն օրախնդիր է համարում ոչ միայն Նախագահի նոր ընտրությունների, այլ նույնիսկ նոր խորհրդարան ունենալու հեռանկարը: Այո, հեռանկարը, քանի որ ըստ կոնգրեսի հիմնական բանախոսի` «Գիտակցելով, որ գաղափարի հասունացումը որոշ ժամանակ է պահանջում, մենք` Համաժողովրդական շարժման ներկայացու ցիչներս, պարտավոր ենք հստակեցնել մեր առաջիկա քայլերը և հասարակությանը գործողությունների խորապես մշակված ծրագիր ներկայացնել»: Եվ այսպես, նորաստեղծ Հայ Ազգային կոնգրեսը, որն ամենայն հավանականությամբ առաջիկայում կուսակցության է վերափոխվելու, հրավիրված հավաքում ընդհանուր գծերով, իսկ առաջիկայում ավելի հանգամանորեն պատրաստվում է ներկայացնել իր անելիքները: Այստեղ համախմբված ուժերը լավ են հասկանում, որ գոնե ընդդիմադիր դաշտում մրցակիցների բացակայությունը փայլուն հնարավորություն է տալիս քաղաքական դաշտի առնվազն այս հատվածը հնարավորության սահմաններում «մոնոպոլացնել»: Առանձին միավորի ստեղծումն էլ թեպետ կոնգրեսում համախմբված ուժերի գործունեության շառավիղն արտաքուստ չի սահմանափակելու, սակայն նոր ձևաչափը, ըստ էության, հենց զսպաշապիկ դառնալու նպատակն ունի: Տվյալ դեպքում` խաղի ընդհանուր կանոնների պարտադիր կիրառումը հնարավորութըուն կտա կոնգրեսի «դարպասների» մուտքն ու ելքը որոշակի կանոնակարգման ենթարկել: Ներկայումս դրա անհրաժեշտությունը որքան էլ փոքր լինի, այնուամենայնիվ, տևական պայքարի պատրաստվող այս կառույցը քայքայումից հեռու պահելու լավագույն տարբերակը թերևս սա է: Ընդհանուր առմամբ` նման շարժումների կենսունակությունը նրանց արձանագրած հաջողություններով է պայմանավորված լինում: Հայ Ազգային կոնգրեսի պարագայում, սակայն, բացարձակապես անհայտ է, թե, ինչպես նշեցինք, տևական պայքարի պատրաստվող այս ուժը ե՞րբ կգրանցի իր առաջին հաջողությունը կամ, որ ավելի հավանական ու տեսանելի է` երբևէ կկարողանա՞ ինչ-որ բանի հասնել… Այս հարցին իսկապես դժվար է պատասխան գտնել, սակայն մինչ այդ` կարևորը կարգավիճակի և տեղի հստակեցման ձգտումն է: Հանգամանք, որը քաղաքական անցուդարձի լուսանցքում մնալուց հաստատ ավելի գերադասելի է: