ՀԱՄԱՏԵՂՈՒՄ


Նոր կառավարության ծրագրերի հանդեպ առկա վերապահումները, որոշ դեպքերում էլ թերահավատությունը աստիճանաբար վստահության է վերափոխվում: Այստեղ առաջնայինը նախ և առաջ հասարակական վստահությունն է, ինչը թանկացումների, ասել է թե կյանքի դժվարացման «հեռանկարներին» զուգահեռ առկա է: Կարևորագույն այս գործընթացը հաշվի առնելով հանդերձ` մարդիկ նկատել են, որ իշխանության հավակնոտ ծրագրերի եթե մի մասն անգամ կյանքի կոչվեն, մեր երկրում լրջագույն առաջընթաց արձանագրելու պահին երկար չենք սպասելու: Վերջին հաշվով` արդեն իբրև կայացած փաստ, դժվար է շրջանցել կառավարության նոր ծրագրերի` առայժմ խորհրդարանում արձանագրած լրջագույն հաջողությանը: Հատկապես քվեարկությունից հետո, որքան էլ գերիշխող լինի «այդպես էլ պետք է լիներ» գնահատականը, այդուհանդերձ, Ազգային ժողովի «դատին» հանձնված փաստաթուղթը նույն հաջողությամբ կարող էր լրջագույն դիմադրության արժանանալ և մինչև անգամ մերժվել: Ակնհայտորեն Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ «բարեշրջումների» միտված, կամ այլ կերպ ասած` ընդգրկուն ռեֆորմների փաստաթուղթը, որքան էլ ցանկալի ու հասունացած փոփոխությունների ճանապարհները փորձի նախանշել, հընթացս նաև դրանց համար չափազանց սեղմ ժամկետներ է սահմանում: Իսկ այդ ամենի արագ կենսագործումը բնականաբար էապես մեծացնում է ռիսկի գործոնը, ինչու չէ, նաև ձախողվելու վտանգը: Կարիք չկա առանձին մանրամասնել, որ միայն լավատեսությունն ու աշխատանքի լծվելու պատրաստակամությունը բավարար չեն` նախատեսվածը լիարժեքորեն կենսակոչելու համար: Բացի այդ, խորհրդարանն էլ այնքան «միամիտ» չէ` կառավարությանն այդքան թեթև «քննելուց» հետո, նույնքան հեշտ ու թեթև քվեարկություն կազմակերպելու և գրեթե միաձայն պատասխանատվության սեփական չափաբաժինը ստանձնելու համար: Հավաստիացումները, թե կողմ քվեարկած 88 պատգամավորներից ոմանք անգամ զլացած կլինեն ծրագրին ծանոթանալ, միգուցե իրականության հետ իսկապես աղերսներ ունի: Մյուս կողմից էլ, սակայն, կասկածից վեր է, որ քառակողմ կոալիցիան պատասխանատվության այդչափ ծանր բեռը առնվազն մանրադիտակային զննումից հետո միայն կարող էր ստանձնել: Դժվար չէ վերհիշել, որ Կառավարություն-Ազգային ժողով հարաբերություններում անգամ ընթացիկ հերթական քննարկումներն են հաճախ փոխադարձ մեղադրանքներով «զարդարվող» դիմադրութ յան արժանանում: Այս դեպքում, սակայն, խնդիրն ավելի բարդ է: Արդեն իսկ այնպես է ստացվել, որ մեկ-երկու տարի հետո այլևս «ջրից չոր դուրս գալու» մինչև այսօր փորձված տարբերակը չի գործելու: Ավելին, նույնիսկ նման փորձը կարող է կատարյալ փորձանք դառնալ տվյալ քաղաքական ուժի համար` անհնարին դարձնելով հասարակական պատասխանատվությունից խուսափելու, մանևրելու ցանկացած շանս: Սա նախ և առաջ քառակողմ կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժերն են լավ գիտակցում: Հետևաբար, համատեղ գործելու ակնհայտ տրամադրվածությունը կառավարության ծրագրերի լիարժեքորեն կենսագործելիության մասին է վկայում: Իսկ դրա շուրջ այդչափ արագ և առանց սկզբունքային տարաձայնությունների համախմբումը հերթական անգամ այն փաստի վկայությունն է, որ նոր կառավարության անելիքները հիմնականում քառյակի նախընտրական ծրագրերի վրա են խարսխված: Այսինքն, խորհրդարանին «մատուցվեց» այն, ինչն այնտեղ ներկայացված ուժերից յուրաքանչյուրը ժամանակին` նախընտրական քարոզարշավի շրջանում, ինքն էր առանձնացրել` հաջողության դեպքում ավելի ուշ կենսագործելու համար: