Հուղարկավորության տարօրինակ ծեսեր


Հոգու անմահությանը հավատացողներն անգամ մեծ ցավ են ապրում մտերիմների մահով: Եվ օրինաչափ է, որ հուղարկավորությունը մռայլ, լալահառաչ արարողութ յուն է: Բայց ամենուրեք չէ, որ այդպես է: Շատ ժողովուրդներ ավելի սառնասրտորեն են մահն ընդունում որպես անհրաժեշտություն և տխրալի չեն համարում ապրողներից հեռացող հարազատի` մի վիճակից այլ վիճակի անցնելը: Դրա համար ևս գոյություն ունեն ծիսակարգեր, որոնք մեզ (և ոչ միայն մեզ) համար կարող են արտառոց թվալ, անընկալելի լինել: Դիցուք.

ՋԱԶ ՀԱՍՑՐԵՔ

Նոր Օռլեանը ճանաչված է վուդուիստական ծիսակարգերով և ջազասիրությամբ: Ամերիկայի հարավի բնակիչներն այս երաժշտությունը պատրաստ են անվերջ լսել` բոլոր իրավիճակներում և բոլոր առիթներով: Այդ թվում և` հուղարկավորումների ժամանակ: Այդ ծեսն այստեղ ուղեկցվում է ոչ միայն ջազային իմպրովիզներ հնչեցնող նվագախմբով, այլև պարերով, որոնք սկսվում են անմիջապես այն պահից, երբ հանգուցյալին հորիզոնական դիրքով տեղավորում են հողի մեջ:

ՄԱՀՎԱՆ ԳՆԴԻԿՆԵՐ

2000 թ. Հարավային Կորեայի կառավարության ընդունած օրենքի համաձայն` գերեզմանների անձեռնմխելիությունը սահմանափակվում է 60 տարով: Այդ ժամկետը լրանալուց հետո գերեզմանատեղին փորում են` տեղ ազատելով այն աշխարհ մեկնող նոր «ճամփորդների» համար: Իրենց հանգուցյալ մերձավորների շիրիմներից այդքան շուտ բաժանվել չցանկացող կորեացիները գերադասում են դիակիզումը: Հանգուցյալի աճյունից մնացած մոխիրը պահպանում են իրենց տներում, բայց ո´չ փոշու տեսքով: Մասնագիտացված ֆերմաներն այդ մոխիրը վերածում են թանկարժեք գնդիկների:

Ի դեպ, արտառոցության սիրահարներն այդ (կամ դրանց նմանությամբ) գնդիկները կրում են որպես զարդ:

ՄԱՀՎԱՆ ՊԱՐ

Ֆիլիպինցի գեղջուկները համոզված են, որ իրենց հորինած ծիսակարգով խաբում են մահին: Անընկալելի է իսկապես, թե ինչն են նրանք խաբել համարում, երբ մահն արդեն «գիտե», որ իրենց հարազատն այլևս կենդանի չէ: Այդուհանդերձ, ննջեցյալին զուգում են նրա լավագույն հագուստով, նստեցնում են հատուկ բազկաթոռի մեջ և տեղավորում տան մուտքի առջև: Ֆիլիպինյան վերջին նորաձևությամբ հագնված հանգուցյալի ատամների արանքը սիգարեթ են դնում, իսկ ձեռքերի մեջ` տեղական ինքնաթոր օղիով լի բաժակ: Մեռյալին այդ դիրքով և նույն տեղում կարող են թողնել օրեր շարունակ, եթե եղանակն ու վայրի գազանները «մահին խաբող» նրա հարազատներին չստիպեն ավարտել ծիսակատարությունը:

ԳԻՇԱԿԵՐ-ՍԱՆԻՏԱՐ

Տիբեթում ընդունված են այսպես կոչված երկնային հուղարկավորությունները»: Տեղաբնակները հավատում են հոգու վերաբնակեցմանը` մարմինը համարելով դատարկ անոթ: Որպեսզի մարմին կոչյալ ապականված պատյանը անմահ հոգուն չխանգարի ճամփորդել, անհրաժեշտ է այն ոչնչացնել: Ու դա արվում է ամենապարզ ձևով. դիակը ժայռից վայր են նետում` այն դարձնելով գիշատիչների կեր: Նույնիսկ հիմա` 21րդ դարում հուղարկավորության այս տեսակն է ընտրում տիբեթցիների 80 %-ը:

ԿԱՆԱՉ ԹԱՂՈՒՄՆԵՐ

Հնարավոր ամեն ձևով բնությունը պահպանելու միտումը դարձել է առանձնաշնորհը այն ժողովրդի, որը բավական քիչ հոգսեր ունի իր կյանքում: Այսպես կոչված «Կանաչ թաղումները» տարածվել են բոլորովին վերջերս, և դա կիրառում են առայժմ միայն Նյու-Յորքի քաղաքացիները:

Հանգուցյալի մարմինը չի մշակվում, որպեսզի չդանդաղեցվի դիակի քայքայումը: Դագաղներն էլ պատրաստվում են չոր ճյուղերից` նույն նպատակով: Կարծում եք դա նվազեցնո՞ւմ է հուղարկավորության ծախսերը: Բնավ: Նվազագույն հաշվարկներով ծախսերը հավասարազոր են մի լավ մեքենայի արժեքին: Հետո՞ ինչ. նորաձև է:

ԴԻԱԿԻԶՈՒՄ

Ինդոնեզական Բալի կղզում դիակիզումը համարվում է միակ հասանելի միջոցը, որպեսզի հոգին լավագույն աշխարհում տեղավորվի: Հասարակ մահկանացուների դիակները պարզապես այրում են: Բայց ահա պաշտոնյաներին առանց շքախմբի այն աշխարհ չեն ճանապարհում: Չէ´, նրանց ենթականերին չեն ստիպում ինքնասպան լինել: Ննջեցյալի շքախումբը «համալրում» են թանկարժեք տեսակի ծառերից կտրտված փայտից տաշված կենդանիների հսկայական պատկերներով: Օրինակ, 2008 թ. թագավորության առաջնորդ Ագըն Սայասեի (Agung SuyΖse) հսկայական դամբարանադագաղը ցուլի տեսքով էր և պետական բյուջեին արժեցավ ավելի քան 1 միլիոն դոլար:

(ըստ bigΘicture.ru-ի)