«Ծառա˜ եմ ձայնիդ...»


Լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ իր հնչերանգային գունապնակով եզակի «Քրոնոսի» երևանյան բեմելին առանձնակի հետաքրքրությամբ էր սպասում հայաստանցի երաժշտասերը:

Չէին խամրել մեր «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շնորհիվ կայացած առաջին բարձրարվեստ հանդիպման արտասովոր տպավորությունները: Երաժշտախմբի հիմնադիր, ջութակահար Դեյվիդ Հարինգթոնի մտահղացմամբ` Վիետնամի պատերազմով ոգեշնչված Ջորջ Քրամբի «Սև հրեշտակների» գործիքային մեկնաբանությունը հնարամտորեն հարստացված էր ջութակի աղեղով նվագվող ջրով լի բաժակների, էլեկտրոնային զգայացունց հնարքների հնչերանգներով, բանավոր խոսքով: Միանգամայն արդարացված «արկածախնդրություն», որին 1973-ի հիմնարկեքից ցայսօր հետամուտ է Հարինգթոնի համախոհների եռյակը: Ջութակահար Ջոն Շերբան, ալտահար Հենք Դաթը և թավջութակահար Սանի Յանգը կատարողական բարձրակարգ վարպետությամբ ի զորու եղան ձևավորել, զարգացնել և համաշխարհային համերգասրահում հաստատել գեղագիտական մի նոր, զարմանահրաշ ուղղություն: Տարազգի տաղանդավոր կոմպոզիտորների և բազմաթիվ վիրտուոզ երաժիշտ կատարողների հետ համագործակցությունը ոչ միայն էապես նպաստեց «Քրոնոսի» երկացանկի բազմերանգությանը, այլև իրատեսական լծակներ ապահովեց Սան Ֆրանցիսկոյում տեղակայված «Քրոնոս քառյակ» կատարողական արվեստների ընկերակցության համարձակ նախագծերի կենսագործման համար:

Ապրիլվերջյան այդ երեկո, կրկին «Երևանյան հեռանկարների» հրավերով, մեզ էր ներկայանում միջազգային նախանձելի բարձր համարումը ավելի քան 40 տարի պահպանող «Քրոնոսը»` երկապնակում ունենալով դասական գոհարների ու ժամանակակից կոմպոզիտորների երաժշտական կտավների 50 ձայներիզներ, հատուկ իր համար գրված 800 ստեղծագործություններ ու մշակումներ:

20-րդ դարի անպատժելի մնացած մեծագույն ոճրագործության` Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին խոնարհումն ու հարգանքի տուրքն էր մատուցում «Քրոնոսը»` բազմապրոֆիլ Մերի Գույումճյանին պատվիրած «Լուռ կռունկների» համաշխարհային պրեմիերայով:

- Մինչ ավելի քան 20 երկրներ և ԱՄՆ-ի 42 նահանգներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից Թուրքիան մերժողական դիրքորոշում ունի և սպառնում է ազատազրկել նրանց, ովքեր այդ թեման կարծարծեն իր սահմանների ներսում: Նույնիսկ հիմա, 100 տարի անց, այս պատմական գորդյան հանգույցը շարունակում է չլուծված մնալ,- պարզաբանում է կոմպոզիտորը:

Լինելով առաջին սերնդի ամերիկահայ, ում ընտանիքը, կամա-ակամա, հայտնվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Մեծ Եղեռնի արնածոր արհավիրքների հուժկու հորձանուտում, մեր հայրենակցուհին հանրածանոթ «Կռունկի» հենքով էր հյուսել իր 4 մասանոց եղեռնապատումը: Թատերաերաժշտական ինքնատիպ ձևավորում ներով միջազգային մշակութային ասպարեզում հայտնի մուլտիմեդիա դիզայներ Լորի Օլինդերի դիտարժան և խորիմաստ ձևավորած տեսանյութով առանձնակի ներգործուն ուժ էին ստանում «Քրոնոսյան» բարդընկալ կատարումները: «Ծառա եմ ձայնիդ», «Ինձ պատասխան չտվիր», «Արնաթաթախ փետուրներով» և «Թռար հեռացար» խորհրդանշական խորագրեր կրող մասերի երաժշտական դրամատուրգիան արտասովոր նրբերանգներով էր կերպավորվում հայկական գորգերով ու կարպետներով շրջանակված հինավուրց վավերագրերի էկրանային «հորդառատ հոսքով»:

Թուրքական յաթաղանից հրաշքով փրկված երբեմնի մանուկների բազմաձայն բողոքի ահագնացող հնչողությանը զուգորդվում էին Արմենակ Շահմուրադյանի կոմիտասյան սրտառուչ, տարաբախտ Վարդապետին այնքան հոգեհարազատ կատարումները: Խելամտորեն ընտրված իրարահաջորդ պատկերներով աներևույթ ուժգնանում էր անմեղ նահատակների արյան կանչը մեր պատմական հայրենիքի տարազահանդերձ քարտեզի բոլոր արնաներկ հանգրվաններում: Այլընտրանքային լրագրության ինստիտուտի կողմից ԶԼՄ առաջատար հերոսների տասնյակում ընդգրկված Դեյվիդ Պարսամյանի «Մի դար...» երկի բանաստեղծական հատվածների հայերեն-անգլերեն ասմունքով համամարդկային խղճի խայթը դարավոր նիրհից հոգեդարձելու փորձ էր վերստին արվում` «Քրոնոսյան» ներշնչված միահյուսմամբ: Հայոց արնաթաթախ կռունկների հուսահատ լռությանն ի պատասխան` «Ծառա˜ եմ ձայնիդ» լեյթմոտիվով ամբողջանում էր Մերի Գույումճյանի «Լուռ կռունկների» առաջին տպավորիչ մեկնաբանութ յունը:

Արձագանքելով չմարող ծափերի տարափին` «Քրոնոս» լարային քառյակը, որպես սպեղանի, լիբանանյան ժողովրդական «Սիրելիս» երգի քնարական ակորդներով է ավարտում երևանյան վսեմ առաքելությունը: Մաեստրո Տիգրան Մանսուրյանի անմիջական գնահատությամբ` ամեն ինչ հրաշալի էր մտահղացված և ի կատար ածված:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ