Հայազգի Մոխրոտը` Ռուսաստանից


- Ինձ հեղեղում են զգացմունքները,- ոտք դնելով հայկական հողի վրա` խոստովանել է միջազգային թատերահարթակում իր կատարողական արվեստով և անզուգական ձայնով բազմիցս հաղթանակած Մարիա Գուլագինա-Մեյթարճյանը:- Չէ՞ որ մենք Մեծ Եղեռնի 100-րդ ողբերգական տարեթիվն ենք նշում: Ես կարծում եմ, որ 2015-ն այդ առումով բեկումնային պիտի լինի, որպեսզի մարդիկ պարզորոշ հասկանան, ընդունեն, գիտակցեն և այս պահից միանգամայն նոր կյանք սկսեն: Բոլորս ենք կարոտ խաղաղության. չարությունն ու ատելությունը կործանարար են:

Օդեսայում ուկրաինուհի մորից ծնված ախալցխացի Աղասի Մեյթարճյանի տաղանդավոր դուստրն ինքը կրողն է Հայոց ցեղասպանության դառնաղի հետևանքների, ժառանգորդն իր ազգի գենետիկ ցավի: Ալիսա Ժամագործյանի դասարանը ծննդավայրի կոնսերվատորիայում ավարտելով` 1984-ից իր հասունության հաղթական վկայագրերն է սկսել ժողովել Երևանում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում: Ամելիայի դերերգով առաջին բեմելը Միլանի «Լա Սկալայում»` Լուչիանո Պավարոտիի խաղընկերությամբ` միևնույն տարում նախանշել է Մարիայի մոտալուտ հաղթարշավը «Մետրոպոլիտենում», «Քովենթ Գարդեն» թագավորական օպերայում, «Արենա դի Վերոնայում», Մարիինյան թատրոնում` աշխարհի բոլոր-բոլոր հեղինակավոր բեմերում:

Մինսկի օպերային թատրոնում եռամյա աշխատանքով 1987-ին արժանացել է Բելոռուսիայի վաստակավոր արտիստի կոչման: Տոսկայի և Տուրանդոտի դերերգերի նրա արտասովոր մեկնաբանությունները հանրահայտ երաժշտաքննադատների` «Մոխրոտը Ռուսաստանից», «Ռուսաստանցի սոպրանո, ում երակներով Վերդի է հոսում», «Վոկալ հրաշք» գնահատությանն են արժանացել: Աշխարհի մեծահամբավ երգիչների ու դիրիժորների` Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Լեո Նուչիի, Ռենատո Բրուզոնի, Խոսե Կուրայի և Ջանանդրեա Գավաձենիի, Ռիկարդո Մուտիի, Ջեյմս Լիվայնի, Վալերի Գերգիևի, Կլաուդիո Աբադոյի հետ տևական համագործակցությամբ բյուրեղացել է Մարիա Գուլեգինայի կատարողական վարպետությունը:

Համաշխարհային հռչակի երջանկությամբ, այդուհանդերձ, չի մոռացվել ու մեղմացել հայազգի երգչուհու գենետիկ ցավը: Միջազգային համերգաշարերում մշտապես հնչել է կոմիտասյան «Կռունկի» նրա հուզառատ մեկնաբանությունը` երաժշտարվեստի ամենընկալ լեզվով նորից ու կրկին բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության դարավոր մորմոքը: Եվ բնական է, որ Մարիայից անբաժան «Կռունկը» ակնածալի խոնարհումով պիտի ընկալվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մատույցներում ապրիլի 24-ին: Եվ գնահատվեց որպես տասնյակ երկրների բարձրաստիճան այրերին անմիջականորեն հղված հայկական ուղերձ: Միայն օրեր անց, երբ օպերայինում մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ իր լավագույն երկացանկի (Լեոնորա, Լեդի Մակբեթ, Ամելիա, Մանոն, Մադալենա) ցնծագին ընդունելությունից հետո Մարիա Գուլեգինան կրկին կատարեց «Կռունկը», շատերը ներողամիտ ժպիտով նկատեցին լայն դիապազոնով կախարդող ձայնի և ռուսական չհաղթահարված առոգանությամբ արտաբերված հայերենի աններդաշնակությունը: Ու դա էլ Հայոց ցեղասպանության հեռավոր, բայց ցցուն արտահայտություններից մեկն էր: Նաև այդպիսով «հայազգի ռուսաստանցի Մոխրոտը» կարող է շարժել աշխարհիս տիրակալների կարծրացած սիրտն ու սեփական շահով կապանքված միտքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան և Ռուս ուղղափառ եկեղեցու «Սուրբ Օլգա» շքանշանակիր Մարիա Գուլեգինայի բազմաթիվ հեղինակավոր մրցանակների ու տիտղոսների գանձանակը բոլորովին վերջերս հարստացավ ևս մեկ «ցուցանմուշով»` Հյուսիսային Օսեթիայի և Ալանիայի ժողովրդական արտիստի պատվավոր կոչումով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ