Հայրենասիրության բաց դաս` Զորականում


Տավուշի մարզի Զորական գյուղում մեծ տոնախմբության վերածվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի բացման հանդիսավորությունը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան զինվորա կաններ ու հյուրեր, մարզի համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՌԴ Ռոստովի մարզի մշակույթի փոխնախարար Տիմոֆեյ Սուբոտինը:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ կատարվեց խաչքարերի օծման արարողություն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադառնալով հայազգի խորհրդային մարշալների գործունեությանը, Մեծ հայրենական պատերազում հայ մարտիկների գործած սխրանքներին, ընգծեց, որ այդ սխրանքները հետագայում իրենց արտացոլումը գտան Արցախյան հերոսամարտում: Շնորհակալություն հայտնելով զորականցիներին և բարերարներին հուշակոթողը կառուցելու համար, Սեյրան Օհանյանը նշեց, որ նմանաբնույթ յուրաքանչյուր կոթող ու միջոցառում առաջին հերթին հարգանքի տուրք է մեր նվիրյալներին և անշուշտ` հայրենասիրական բաց դաս սերունդների համար:

Զորական զյուղը խորհրդանշական է նրանով, որ հանգամանքների բերումով 1980-ականներին այստեղ են վերաբնակվել Արցախի Չարդախլուի բնակիչների մոտ 60 տոկոսը:

- Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր փառապանծ մարշալներին, այլև խոնարհվում ենք անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր խաղաղ կեցության համար: Չարդախլուն առանձնահատուկ գյուղ է, որի զավակները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակած ելքը որոշողներից են եղել, ինչը նշանակալի փաստ է,-նշել է Սեյրան Օհանյանը:

Միջոցառման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներ հանձնեց միջոցառման նախաձեռնողներին և հուշարձանների ստեղծմանն աջակցած հովանավորներին, Արցախյան հերոսամարտին մասնակցած զորականցիներին, ինչպես նաև մի շարք զինծառայողների: Տավուշի մարզում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հանձնվեցին «Հաղթանակի 70-ամյակ» հուշամեդալներ:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով և հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրական ելույթներով: