Հանգուցյալի բույրը` սրվակում


Ինքնատիպ հղացումների պակաս չկա նորաձևությունների մայրաքաղաքում: Հիմա էլ առաջարկվում է օծանելիքի տեսքով փայփայել սիրելի մարդու բույրը, որի 1 սրվակը կարժենա 600 դոլար:

Նորարարության հեղինակը 52-ամյա Կատյա Ապալագետին է, ով մեծ ողբերգություն է ապրել` կորցնելով հորը: Այդ ժամանակից էլ մտածել է մերձավորի «բույրը» վերականգնելու մասին: Ֆրանսուհին կարծում է, որ այդ կերպ հնարավոր է մեղմել կորստյան ցավը և բարվոքել հանգուցյալի հարազատների հուզական վիճակը:

Կատյան արդեն դիմել է Հավրի համալսարանի մասնագետներին, ովքեր մարդու մարմնի հոտը թորելու հարուստ փորձ ունեն (գրել է «Մեդիցինա 99»-ը): Մարդու հոտ ստանալու համար ընդամենը հարկավոր է ունենալ նրա հագուստից մի կտոր: Ենթադրելի է, որ դրանից հնարավոր է առանձնացնել այն մոլեկուլները, որոնցով պայմանավորված է յուրաքանչյուր անձի յուրատիպ հոտը: Այդ մոլեկուլներն օծանելիք դարձնելու համար կպահանջվի 4 օր:

Չգիտես` տարօրինա՞կ, թե ինքնատիպ այս ծառայությունը հասանելի կդառնա առաջիկա սեպտեմբերից: Կատյան ու նրա գործընկերները կարծում են, որ այդ ծառայության համար նախատեսված 600 դոլարը չի սարսափեցնի գնորդներին: Սոցցանցերում անցկացված հարցումները փաստել են, որ շատերը կվճարեն այդ գումարը` մերձավորի բույրը միշտ զգալու համար: