Պետականության կերտման անխոնջ մշակն է մտավորականը

Համենայնդեպս` այդպիսին պետք է լինի

Ժամանակի շունչն է նա, և նրա ներուժի արտացոլանքը պիտի լինի ժամանակը: Բոլոր հասարակարգերում ընդդիմադիր է մտավորականը, զի մտածող մարդը, բանական արարածը չի կարող անվերջ լիարժեքության չձգտել: Թվացյալ ամենայն կատարյալի մեջ չի կարող թերությունները չտեսնել, առավել ևս` վտանգները չկանխատեսել: Նույնիսկ եղած լավը գնահատելով` նա այդ լավի շարունակական կատարելագործումն է ակնկալում: Պահանջում է, պատրաստ` հանուն հանուրի բարեկեցության իր ջանքերը ներդնել: Հենց սա է առաքելությունը ճշմարիտ մտավորականի, ով, ի տարբերություն քաղաքական ընդդիմության, չի ձգտում իշխանություն ձեռք գցել, մի քանի տարին մեկ գլուխը չի հանում ժողովրդից իրեն անջրպետող ինչ-որ «խորխորատներից» և փորձում «սիրելի ընտրողի» ունկերն ու բերանը մի քանի օրով քաղցրացնել:

Ինչպես Նժդեհն էր ասում` մտավորականության մի մասի հոգևոր ծուլության պատճառով են ժողովուրդները տկարանում...

Մոտավորապես հենց այս մտահոգությամբ էլ ամիսներ առաջ ստեղծվեց «Մտավորականների խորհուրդ», որի կազմում ընդգրկված տարբեր ոլորտների ներկայացու ցիչները մտահոգ են երկրիս ապագայով: Նրանք ունեն և պատրաստվում են կոնկրետ առաջարկներ ներկայացնել կառավարությանը` տնտեսական ծանր վիճակը մեղմելու, համատեղ ուժերով ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Խորհրդի հրավիրած անդրանիկ ասուլիսը հենց այդ նպատակն էր հետապնդում` ծանուցել, որ կա իրատեսական իր առաջարկներով պետության կայացմանը նպաստ բերելու պատրաստակամ մի խումբ, որի անդամները զերծ են նեղ-անձնական շահերին հագուրդ տալու մոլուցքից:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵԼՈՎ «Մտավորականների խորհրդի» առաքելությունը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ ընդգծում է.

- Խորհուրդը քաղաքական միավոր չէ: Դրա անդամներից յուրաքանչյուրն ունի քաղաքական համոզմունքներ, գուցեև` կուսակցական համակրանքներ, բայց դա էական չէ այս պարագայում: Հայոց Եղեռնի 100-ամյակի միջոցառումները փաստեցին, որ եթե ուզում ենք, կարող ենք լավ աշխատել. և´ իշխանությունը, և´ ժողովուրդը միասին կարող են մեծ գործ կատարել: Բայց դրանց ավարտից հետո տեսնում ենք, որ կանգնած ենք նույն վիճակի առջև, գրեթե ավերված կամ կիսավեր տնտեսություն, արտագաղթ, որի դադարելու նշաններ դեռևս չկան, և որը սարսափելի սպառնալիք է մեր երկրի համար: Աղքատություն, կոռուպցիա և այլն: Մեր խորհուրդը իշխանության խնդիր չունի. Խորհրդի կազմում մասնագետներ են, ովքեր իշխանական նկրտումներ չունեն: Մեզ անհանգստացնում է հանրապետության վիճակը, և փորձելու ենք միացյալ ուժերով ելքեր ցույց տալ` գործնական առաջարկություններով:

Մեզ համար կարևոր է ոչ թե իշխանափոխությունը, ոչ թե սոսկ քննադատությունը, այլ` իմաստուն մոտեցումը: Իսկ իմաստուն մոտեցում նշանակում է առօրյա աշխատանքով, միացյալ ջանքերով փորձել երկիրը դուրս բերել այս վիճակից:

Քաղաքական հավակնություններից զերծ լինելու լավագույն վկայությունը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԻ անդամակցությունն է «Մտավորականների խորհրդին»: Մասնակցությունը` ոչ թե որպես քաղաքական մի հոսանքի գաղափարակիր, այլ ճշմարիտ մտավորական, ով անտարբեր չէ երկրի ապագայի հանդեպ: Եվ մյուսների նման` անմասն չէ հանուրին պատուհասած հոգսերից.

- Որն է մեր հիմնական նպատակը: Իհարկե` հասարակության ձայնը տեղ հասցնելը: Մտավորականները պետք է կարողանան համախմբված լինել և ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք հրատապ են ժողովրդի համար: Բացի այդ, իշխանությունները և հատկապես կառավարությունը քաղաքացիական հանրության առանձնահատուկ ճնշում չի տեսնում: Ու նաև դա է պատճառներից մեկը, որ այնտեղ կարծում են, թե մարդիկ անհոգ ապրում են: Մեր խորհրդում ծավալվող քննարկումների արդյունքում ձևավորվելու է համապարփակ մի ծրագիր, որը կընդգրկի գրեթե բոլոր բնագավառները: Եվ հենց դա էլ կլինի երկրի զարգացմանն ուղղված այլընտրանքային ծրագիր, որը մենք կներկայացնենք և´ հասարակությանը, և´ իշխանություններին: Կներկայացնենք նաև այդ ծրագրերի իրագործման մեխանիզմները:

- «Մտավորականների խորհուրդը» հենց այն կառույցն է, որի հետ պետք է աշխատեն ու համագործակցեն իշխանությունները,- կայացած արվեստագետին վայել ինքնավստահությամբ համոզմունք է հայտնում քանդակագործ Ֆերդինանտ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ և հավելում.

- Մտավորականը նա չէ, ով ձգտում է աթոռի: Մտավորականն ընդդիմություն չէ, որ իշխանություն պահանջի, իսկ ստանալուց հետո մոռանա թե´ իր խոստումները, թե´ ժողովրդին: 2 միլիոն ժողովուրդ և 70 կուսակցություն. սա ողբ չէ՞: Ի՞նչ է ուզում այսօրվա ընդդիմությունը. իշխանափոխություն և ուրիշ ոչինչ: Մենք ուզում ենք լավ երկիր կառուցել: Մենք` մտավորականներս, ճիշտ չենք պահել մեզ: Վերջին հաշվով` հայոց պետականության կառքը դարերի´ց է գալիս, մշակույթո´վ է գալիս: Մենք ոչ թե աշխարհին զարմացնելու ցանկությամբ ենք եկել, այլ` կարողությամբ: Նայեք, թե ի˜նչ հարուստ է մեր կառքը` Նարեկացի, Շիրակացի, Ռոսլին... Իսկ այսօր ո՞ւր ենք հասել. երիտթուրքերի երազանքն էր դա: Մենք խնդրում ենք բոլորին, որ լսեն մեզ գոնե մեկ անգամ. 25 տարի մեզ չեն լսել:

Երիցս հիմնավոր է Հայաստանի հելիոֆիկացիայի արժեքավոր ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻ այն պնդումը, որ միայն գիտությունը և գիտության վրա հիմնված արդյունաբերությունը կարող է փրկել Հայաստանը.

- Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները ցույց տվեցին, որ Հայաստանը լավ ճանաչված երկիր է, և մենք բարոյական ոչ մի իրավունք չունենք` այսպիսի թշվառ տնտեսություն ունենալու: Մեր այս Խորհուրդը կարող է հարթակ դառնալ, որտեղ կձևավորվեն տնտեսության առաջընթացին նպաստող առաջարկություններ և կներկայաց վեն իշխանություններին: Ես համոզված եմ, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են Հայաստանի տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից: Մեր գիտնականները դեռ խորհրդային տարիներին այնքան գործեր են արել, որոնք այսօր էլ կարող են օգտակար լինել:

Իսկապես, արդյունաբերության վերացմամբ գիտությունն էլ մեզանում վերածվեց սոսկ տեսության:

Մի խոսքով, մտավորականների մի խումբ «հայտ» է ներկայացրել` անշահախնդրորեն ստանձնելու կառավարություն-հասարակություն երկխոսության կայացման գործը և, իհարկե` գործնական ծրագրերով նպաստելու տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու հրամայականին:

Մաղթե´նք և հուսա´նք: