Հա՞ որ...


ՀԵՐՔԵԼՈՎ Արարատի մարզպետ նշանակվելու մասին վերջերս շրջանառվող լուրերը` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը բավական ինքնատիպ մեկնաբանությամբ («Մարզպետի պաշտոնը ոչ ուտելիք է, ոչ էլ Նիվա) այդկերպ փորձել է համոզել, թե ինքը բոլորովին էլ Արարատի թիվ 1 դեմքը լինելու նկրտումներ չունի ու նշված պաշտոնը բնավ յուղոտ պատառ չի համարում£ Մեկնաբանությունը որքան էլ յուրօրինակ լինի, այդուհանդերձ պարզ է, որ գործող մարզպետի գլխին սև ամպեր են կուտակվում, ու անկախ նրանից` ԱԺ նախագահի եղբայրը, թե ուրիշ մեկը կնշանակվի այդ պաշտոնում, միևնույն է, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դրածոն համարվող Արարատի մարզի ներկայիս ղեկավարի օրերն արդեն հաշված են£ Ու երևի` օրինաչափորեն£ ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ վատ չէր լինի, եթե մարզպետափոխության գործընթացն ավելի լայն ընդգրկում ունենար£ Այս պաշտոնն զբաղեցնողներից շատերը դեռևս 2000-ականների սկզբին են նշանակվել, և դժվար չէ վերհիշել այն ժամանակների համառ պնդումները, թե նշված պաշտոնը 200-300 հազար դոլարի դիմաց է վերջիններիս տրվել£ Թե այն տարիներին իրականում որքա՞ն է վճարվել, իհարկե, դժվար է կոնկրետացնել, բայց իրողությունն այն է, որ անցնող տարիները տեղական ֆեոդալիկների համար բավական եկամտաբեր են եղել£ Ու եթե անգամ ժամանակին կլորիկ գումարներ են վճարվել, ապա «կորուստը» վաղուց արդեն վերականգնված է£ Դիցուք, հանրապետության հյուսիսային մարզերից մեկի ղեկավարն օրերս ափսոսանքով արձանագրել է, թե այն ժամանակ, երբ ինքը Տանզանիայում է եղել, ուժեղ կարկուտը վնասել է մարզպետարանի բակում կայանած մի քանի մեքենաներ£ ՀԻՄԱ ինքներդ դատեք£ Հեռավոր ճամփորդության մեկնող պաշտոնյան միայն աշխատավայրի բակում մի քանի սեփական մեքենա է թողել£ Կարելի է ենթադրել, որ մի քանիսն էլ սույն պարոնի բակում (գուցեև` բակերում) որոշներն էլ առանձնատան ավտոտնակում են կայանած եղել և այլն£ Համեմատաբար ոչ այնքան ապահով վայրում մնացած և կարկտահարված մեքենաներից ամեն մեկի արժեքը մի քանի տասնյակ հազար դոլար է կազմում£ Իսկ բնության տարերքը փաստորեն նման պաշտոնյաների իրական հնարավորությունների մասին պատկերացում կազմելու բավական լավ հնարավորություն է ընձեռում£ Այնպես որ, եթե նույնիսկ հայրենի գավառապետերը հանուն իրենց կարիերայի, նյութական զոհողությունների էլ են դիմել, ապա կոնկրետ օրինակով դժվար չէ համոզվել, որ միայն կարկուտից տուժած մեքենաների գինն արդեն գերազանցում է ժամանակին վճարված գումարների չափը£