ՍԵՐ ՈՒԶԱԾԸ ՄԵԾ ԲԱՆ ՉԷ


Բաց նամակ Հանրային հեռուստատեսության տնօրեն Ա. Հարությունյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռ. Հայրապետյանին Մի անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձմեռային օլիմպիադայի և ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու հաճույքը Հանրային հեռուստատեսության եթերով մեզ պարգևելու և գերազանց մեկնաբանելու համար: (Եթե հիշում եք` «Ավանգարդը ձեր սպորտային մեկնաբաններին անվանեց «ձմեռային օլիմպիադայի հայ հերոսներ»): Այո°, դուք կարող եք հպարտանալ ձեր սպորտային մեկնաբաններով, ովքեր նվաճել են բազմահազար մարզասերների համակրանքը: Ինչպես գիտեք, թե° «Ավանգարդում», թե° «Հայկական ժամանակում», արտահայտելով բազմաթիվ ֆուտբոլասերների դժգոհությունը, բազմիցս քննադատել եմ «Արմենիայի» «մեկնաբան» Ս. Բաղդասարյանին, նշելով, որ նրա հաղորդումների ժամանակ ես և շատ հեռուստադիտողներ անջատում ենք հեռուստացույցի ձայնը` նախընտրելով անձայն էկրանը: Քանզի առանց նյարդայնանալու հնարավոր չէ հանգիստ լսել նրան: Խոսում է ամեն ինչից, բայց ոչ տվյալ խաղից. խոսում է այս կամ այն ֆուտբոլիստի կամ մարզչի անձնական կյանքից, նրանց մորաքույրերից ու քեռիներից, ով ում «ոխերիմ թշնամին է» և այլն, և այլն: Ահա այս ֆոնի վրա հատկապես մեծ էր ֆուտբոլասերներիս հիասթափությունը, երբ ստիպված եղանք Իսպանիայի առաջնությունը դիտել «Արմենիայով»: Ուրեմն` Իտալիայի խաղերը քիչ էին, Իսպանիայի խաղե՞րն էլ հանձնեցինք «Արմենիային» և Ս. Բաղդասարյանին: Վերջինս նույնիսկ ֆիզիկապես չի կարող հասցնել նույն օրը 2-3 հաղորդում «հրամցնել»: Ինչպես արեց այդ նույն հիշյալ օրը` «Արմենիայից» շտապելով «5-րդ ալիք»: Այդ երկու հաղորդումների ժամանակ էլ նա ֆուտբոլասերներին երկար ու բարակ պատմում էր, թե որ ֆուտբոլիստին քանի դոլարով են գնել կամ վաճառել, թե նրանց մարզիչներն ու ֆուտբոլիստ ներն ի՞նչ են ասել ասուլիսում, ով ինչպես է ապրում ու մարզվում, քանի ավտոմեքենա է դրել խաղարկության «Ընտանեկան լոտոն» և այլն: Խաղից` գրեթե ոչ մի խոսք: Ասում եմ գրեթե, որովհետև ճիշտ վեց անգամ կրկնեց. «Եկեք հապճեպորեն ծանոթանանք մրցող թիմերի կազմի հետ»: Բայց հենց թիմի անունը տալիս էր, հիշում էր այդ թիմում խաղացողներից մեկին կամ մարզչին և մոռանում էր կազմը ներկայացնել: Միայն 25-րդ րոպեին կարողացավ ժամանակ գտնել (ինքն էլ խոստովանեց, որ այնքան բան ունի ասելու, որ չի կարողանում թիմերի կազմն ասել), բայց հասցրեց ու ասաց մեկ թիմի կազմը, մյուսը մնաց 7 րոպե հետո: Եղա՞վ, պարոնայք: Մի՞թե «Արմենիայի» ղեկավարներից ոչ մեկը չի նայում այդքան թանկ գնած ֆուտբոլի խաղերը: Խոսքս ուզում եմ ուղղել հատկապես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Հարգելի Ռ. Հայրապետյան, մենք գիտենք, թե Դուք ինչքան մեծ աշխատանք եք տանում ֆուտբոլային թիմերի, հավաքականի և հատկապես մանկապատա նեկան ֆուտբոլի զարգացման գործում: Սակայն ինչո՞ւ ֆեդերացիան չի մտածում, թե այդ թիվ մեկ մարզաձևը ինչպե՜ս է մատուցվում բազմահազար երկրպագուներին: Այդ գործում ինչո՞ւ եք հայտնվել դիտորդի դերում (համենայն դեպս` տպավորությունն այդպիսին է): Մեր ուզածը մեծ բան չէ` վերականգնեք Իսպանիայի խաղերի հեռարձակումը հեռուստատեսության եթերում և մտածեք Իտալիայի խաղերի մասին: Իսկ եթե հնարավոր չէ արդեն պայմանագիրը փոխել կամ մեծ գումարների հարց է, «գործու ղեք» Առաջին ալիքի, ինչու չէ` նաև «Շանթի» մեկնաբաններին «Արմենիա»: Իսկ Բաղդասարյանին պետք չէ նեղացնել, եթե նա վատ մեկնաբան է, բայց ֆուտբոլի գիտակ է, նրան էլ շաբաթական մեկ-երկու օր ալիք տրամադրեք, թող հայրենակիցներին պատմի ֆուտբոլային նորություններից, բայց ոչ ֆուտբոլային խաղերի ժամանակ: Հուսով եմ անուշադրության չեք մատնի ֆուտբոլի բազմահազար երկրպագուների խնդրանքը:

Կառլեն ՔԱԼԱՇՅԱՆ