Բարոյական ահազանգ


Չծախենք մեր հոգիները սատանային... Մեր իրականության նեգատիվ երևույթներն օրեցօր ավելի արտառոց տեսք ու չարաղետ բովանդակություն են ստանում: Դրանց գիշատիչ ճիրաններում են հայտնվել հասարակական կեցության առանց բացառության բոլոր օղակները: Սթափ տրամաբանությունն ու խղճի խայթը չկորցրած մարդիկ (հիմնականում մտավորականները) այլևս անկարող են լռություն պահպանել իրենց հետ և իրենց շուրջը կատարվող անարդարությունների մասին: Ամենաթողության հանցավոր մթնոլորտում, որ համատարած իշխում է մեր երկրում, կազմալուծվել, քայքայվել են երբևէ արդյունավետ ու հանրօգուտ գործած մեխանիզմները, որոնք ապահովում էին հասարակության անվերապահ առաջընթացը (թող չարախնդան այս մտքիս վրա դավանափոխները, հոգ չէ, դրանից պատմական ճշմարտությունը չի նսեմանում) դեպի ռացիոնալ, բարեկեցիկ, ուստի և իսկապես ազատ ու երջանիկ մարդկային համակեցություն: Դարակազմիկ փոփոխություններ ապրածների մեծամասնությունն այսօր արդեն չի վախենում խոստովանել համընդհանուր, արդեն ամենքին հայտնի ուժերի կողմից բորբոքված, ազգայնական-անկախական էյֆորիայի ազդեցությամբ իր իսկ կրած ֆիասկոյի մասին. փոխանակ վերանորոգելու, շտկելու մեր քիչ թե շատ բարեկեցիկ, ապահով տան փլուզումները, անվարան քանդուքարափ արեցինք այն և հիմա, երբ այլևս ոչինչ փոխել գրեթե հնարավոր չէ, ողբում ենք ավերակների վրա... Այսօրվա «փայլուն» նվաճումը անուղղակիորեն օտարի լծի տակ հայտնված, սոցիալականի մամլիչի տակ անգթաբար ճզմվող մեր ժողովրդի հոգեվարքն է, որի ահասարսուռ կերպարանքը հատկապես ցայտուն է երևում այժմ բարոյալքված իշխանություն ների, «թավշյա» հեղաշրջման հորդառատ, արհեստականորեն հարուցված անձրևից հետո սնկի նման աճած կուսակցությունների ազգուրաց գործունեության հենքի վրա: Դեմոկրատական զարթոնք խոստացողներին ակամա հավատացած մի ողջ ժողովուրդ այժմ մատնված է չգոյության` անզոր կասեցնելու ֆինանսական վերևից թելադրվող մեքենայությունները, կքած փոշիացող երկարաժամկետ վարկերի պարտքերի ծանր բեռի տակ, հիմա արդեն շենք առ շենք է զրկվում իր երբեմնի հանրային (համազգային) ունեցվածքից: Իսկ նրա «ազգանվեր» առաջնորդներն առանձնապես չեն էլ մտահոգվում դրանով: Նրանք համառորեն ձգտում են իշխանական հարմարավետ աթոռների ու արտոնությունների` այդ նպատակին հասնելու համար շարունակելով անամոթաբար շահարկել հասարակ ժողովրդի նվաստացուցիչ, հակամարդկային կեցության աղաղակող փաստերը, «մարգարեանալ»` փայփայելով սեփական բարձր բարեկեցության ու ապահովության հարատևության հույսը միմիայն: Քաղաքականությամբ զբաղվելը մեր օրերում դարձել է ապրուստի ամենահարմարավետ ու շահավետ միջոցներից մեկը` չարչարվում ես ընտրարշավներում, քարոզում քո սին գաղափարները, ծեքծեքուն բառեր ու անհասկանալի արտահայտություններ շաղ տալիս ընտրազանգվածների վրա և արդյունքում ստանում ես մի չորս-հինգ տարի ձեռք բերածովդ խաղաղ ու անհոգ ապրելու ռեալ երաշխիքներ, եկամուտներ... Ուստի պատահական չէ, որ «հարազատ» ժողովրդի մասին մեր քաղաքագետները հիշում են ընտրությունից ընտրություն` թիմ հավաքելիս, ընտրակաշառք բաժանելիս, նոր վստահված անձինք հայթայթելիս: Միջոցների միջև խտրություն չդնելով` հասցնում են մարդկանց հոգևոր-բարոյական, մինչև իսկ ֆիզիկական ծախվածության մակարդակը այնպիսի վտանգավոր չափերի, որոնցից ազատվելը այլևս անկարելի է դառնում: Վերջին երկու տասնամյակների դառը փորձը ցույց է տալիս, որ նորաստեղծ պետությունը հավերժական «անցումային» շրջանում պահող նրա իշխանությունները ամենևին էլ մտահոգված չեն իրենց ենթակայության տակ գտնվող, իրենց ապավինած մարդկանց ճակատագրով: Գիտակից, առողջ, բազմակողմանի հետաքրքրությունների տեր արարիչ մարդ արարածը չէ նրանց ուշադրության ու մտահոգության առարկան: Եվ, առանց խղճի խայթի, միտումնավոր նորանոր որոգայթներ են լարվում հասարակ մահկանացուի դեմ, որպեսզի անդարձ լինի ողջ հանրության դեգրադացման, ամբոխացման պրոցեսը, անկասելի, որպեսզի հանապազօրյա հացի կարոտ, տարրական կենսապայմաններից զրկված ու զրկվող իրենց հայրենակիցը այլևս չձգտի հոգևոր բարձր կատարելության, ավելին` կորցնի խելացի ապրելու համար տքնելու ու պայքարելու կամքը, ցանկությունը, հավատը իր անձի պիտանիության նկատմամբ և մնա սոսկ որպես կյանքի բնականոն հունից օտարված, հեշտ կառավարելի հոծ ընտրազանգվածի մի աննշան հյուլեն... Այս պատկերի ամբողջացման հեռահար միտումով «խոհեմաբար» խորացվում է անջրպետը հին ու նոր սերունդների միջև` իր զավակից խորթացող ծնողը, մանավանդ, եթե չունի ինքն իրեն խնամելու հնարավորություն, միանգամայն անտարբեր կդառնա ամեն ինչի հանդեպ և առնվազն չի ընդդիմանա որևէ արտառոց երևույթի, իրադարձության, նույնիսկ` աղետի... Մեր հասարակության հոգևոր-բարոյական, սոցիալ-քաղաքական ներկայիս ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ այսօր որևէ արմատական փոփոխություն, ցավոք, չի ակնկալվում: Դժգոհությունները, որ բարձրաձայն լսվում են առավելապես իշխանություններին ընդդիմադիր կամ ծախված ուժերի կողմից, նպատակաուղղված են այս կամ այն պետական այրին պաշտոնանկ անելուն և ոչ թե նրա որդեգրած, անդուլ ջանքերով կենսագործվող սոցիալ-քաղաքական կործանարար գործընթացը փոխելուն: Այս խավարչտին քաոսում ընտրազանգված դարձած մարդիկ մտածում են միայն սեփական խղճուկ գոյությունը պահպանելու, մի կտոր հաց ունենալու, օրավուր թանկացող կոմունալ վճարումների բեռի տակից մի կերպ դուրս սողալու առօրեական խնդիրների շուրջ` իսպառ հուսախաբված թե իշխանություններից, թե ընդդիմադիրներից, իրենց անձնապես անընդունակ զգալով կյանք հորջորջվող գարշահոտ ճահճում որևէ բան փոխելու: Քիչ թե շատ «հաջողակները» (մանր առևտրականները, որևէ աշխատանք, ապրեցնող եկամուտ ունեցողները) հումորով են վերաբերվում ամեն տեսակ խեղումներին կամ դրանց մասին վկայող նոր փաստերին: Նրանք գոհ են, որ մեզանում ծաղկող քրեածին արատները անմիջականորեն չեն անդրադառնում իրենց համեմատաբար ապահով վիճակի վրա: Սրանցից ոմանք պատրաստ են ենթարկվելու ամենանվաստացուցիչ կերպարանափոխություն ների, միայն թե չզրկվեն իրենց կայուն բարեկեցությունից: Մինչդեռ իշխանական աթոռներին բազմած, պղտոր ջրում ձուկ որսացող գործարարները` հանցավոր կամ կասկածելի օրինավոր անցյալից մնացած պիտակներով նույնիսկ դառնում են նոր կյանքի լիիրավ տերերը` բարձր դիրքերի հասնելու համար օգտագործելով համատարած ծախվածության անվրեպ գործող մեթոդը: Առանց մեծ դժվարությունների հանդիպելու դառնում են ժողովրդի խոսնակները խորհրդարանում, իրենց դրամագլուխը սրընթաց շրջանառության մեջ դնող ինչ-ինչ փոքր ձեռնակություններ հիմնելով հպարտանում են ազգանպաստ գործունեությամբ, աշխատանքով ապահովում են որոշ քանակությամբ մարդկանց, ուրեմն` օգնում են աղքատության վերացմանը (ի դեպ, այս առումով «հրաշալի» որոշում կայացվեց` վերացնել «աղքատություն» բառը...): Այս ճարպիկ փարիսեցիներն իրենց մանր-մունր մեղքերը քավելու համար նույնիսկ եկեղեցիներ են կառուցում, զանգվածային բարեգործությամբ զբաղվում (չնչին ողորմություն ների դիմաց ազատվում են պետական մեծ տուրքերից): Այս ամենից հետո, իհարկե, ոչինչ չի խանգարում, որ բացահայտ, գռեհիկ ձևերով, ըստ իրենց ինտելկտուալ աղքատիկ ռեսուրսների, «վայելեն» էլիտար կյանքը: Հնարամտորեն ստեղծված հեղինակավոր կապերի շնորհիվ ապահովագրվելով հնարավոր ֆիզիկական և ֆինանսական վտանգներից` անում են ինչ խելքներին փչի: Կարող են, օրինակ, օրը ցերեկով մարդաշատ վայրում «կռիվ-կռիվ» խաղալ, թրխկացնել մեկ-երկուսին (նաև` միանգամայն անմեղ մարդկանց), բայց անպատիժ մնալ: Կարող են կազինոյում շահած գումարը ժամանակին չստանալու դիմաց անպատիժ մորթել տանուլ տվողի ողջ ընտանիքը: Կարող են մարդասպաններ վարձել, կարող են... Ինչեր ասես, որ չեն կարող անսպասելի գլխապտույտ հաջողություններից ու աննախադեպ հարստությունից հարբած այս մարդագայլերը. իրենց ձեռքերում են հիմա օրենքն էլ, օրենքի պահապանն էլ... Մինչ գեղեցկախոսության մեջ մրցող դեմագոգ «քաղաքագետները» խաբում են ժողովրդին մատաղացու ոչխարի իրենց չքմեղ դիմակներով ու կեցվածքներով, սրանք անպատիժ տնօրինում են խեղճուկրակ ժողովրդի` գործազուրկ, բոմժացված մարդկանց ճակատագրերը, ամրապնդվում երկրի իրական տիրոջ իրենց բարձունքներում... Մեր ամոթալի, անպատվաբեր այս ապրելակերպի մասին դեռևս չեն վախենում ահազանգել ճշմարիտ մտավորականներից ոմանք` իրերը կոչում են իրենց անուններով, դատապարտում են իսկական մեղավորներին... Բայց փշոտ է նրանց ճանապարհը, երբ կրկին ծավալվող նախընտրական անզիջում պայքարում նոր անունները նոր մեթոդներով են սկսել հաղթանակի ճամփա հարթել` կիրառելով լայնորեն նաև հնում իրենց միանգամայն արդարացրած հնարքները: Արդարության ձայնը հազիվ թե նույն թվացյալ ազատությամբ հնչի այս անգամ: Ի տարբերություն հների, որոնցից շատերն ստիպված կլինեն ստվերում հայտնվել, այս նորերը խուսափում են դեմոկրատական խաղերից, նրանց բացահայտորեն դուր չեն գալիս դիպուկ հարցադրումները, լրագրական մանրակրկիտ, անաչառ հետաքննությունները, հրապարակային դիմակազերծումները... Կարծում եմ, ամենահամարձակնե րին ամեն գնով կմեկուսացնեն` նրանք անհաղթահարելի խութեր են, չբուժվող գլխացավանք: Եվ անպայման գործի կդրվեն բռնության նոր շղթաներ` օգտագործելով ամենազոր մամոնայի և անձեռնմխելի ազդեցիկ լծակների ողջ հզորությունը: Բոլոր նախանշանները դաժանորեն հուշում են այն մասին, որ ապագայի հետ բարեփոխումների լուրջ հույսեր կապելը մանկամտություն է, ցնորամիտ ռոմանտիզմ: Գորդյան նոր հանգույցը քակել հազիվ թե հնարավոր լինի (համ էլ` ո՞ւմ ուժը կպատի...): Մանավանդ, որ մարգինալացված զանգվածները չթաքցված կարոտով են սպասում իրենց առօրեական խնդիրները հոգալու նախընտրական ժամանակահատվածներում ասես բնականոն ի հայտ եկող ռեալ հնարավորության մոտալուտ գալստյանը. արդեն չափչփում են նորահայտ հռետորների, կուսակցությունների, առաջնորդների քսակների ծանրությունը` ձեռքներն անտարբեր թափ տալով համընդհանուր պրոբլեմների վրա: Որևէ մեկի շքախմբում գործի կդնեն ընտրական «թափանցիկ» մեխանիզմ ները, կզինվեն մահացած մարդկանց մեծաքանակ ցուցակներով, թեկուզ դիտորդ կձևանան... Փոխարենն իրենց համար պատկառելի գումար կվաստակեն, կլուծեն բնակարանի մասնակի վերանորոգման կամ երեխայի ուսման վարձավճարի հարցը, կկարճեն իրենց արգելափակված հարազատի պատժաժամկետը, կազատվեն կուտակված պետական պարտքերից, չաղլիկ հոնորար կստանան գովազդներից, ո՞ր մեկը թվես... Գուցե հաջողվի նաև կարգին աշխատավարձով մի մշտական գործ էլ «կպցնել»: Էլ Աստծուց ի՞նչ են ուզում: Խեղճ Աստված: Եկեղեցամոլության և բազմաաղանդավորության մեր սրբապիղծ ժամանակներում ով ասես չի շահարկում քո սուրբ անունը: Մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք մեր հասարակական օրգանիզմի անխտիր բոլոր անդամների այլազան խեղումները, բնության միակ բանական արարածի մեր ուղեղը մթագնենք հոգևոր-բարոյական այս զազրելի թույնով, որ երբեք չի գտնի իր հակաթույնը, եթե շարունակենք ամեն ինչ ստորադասել սոսկ սեփական ստամոքսին, արհամարհենք մեր մերձավորների կենսական պահանջներն ու ապրելու, լիարժեք ապրելու իրավունքը: Իսկապես, չե՞նք գիտակցում, որ նոր նախընտրական հիպնոսին անմնացորդ, վաղաժամկետ տրվելով (ցավոք` հաճախ գիտակցաբար) կորցնում ենք շատ ավելին` թեկուզ վաղվա աղ ու հացը... Այս ո՞ւր ենք հասել: Մի՞թե ազգովի փրկվել, ընդդիմանալ չենք ուզում: Ո՞վ ասաց` չենք կարող... Անհապաղ սթափվել է հարկավոր համաճարակի պես մեզ համակած ներկա թմբիրից: Հակառակ դեպքում անկասելի կդառնա մեր համընդհանուր ուծացման, կործանման դժնդակ ընթացքը: Եկեք չկորցնենք պատասխանատվության զգացումը վաղվա օրվա հանդեպ, չծախենք մեր հոգիները սատանային...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ