Հայ ժողովուրդը` որպես մի անձեռնմխելի ազգ


Առհասարակ` անդրադառնալ հայ ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նույնն է, թե թերթենք ողջ հայոց պատմությունը: Միայն մեզ չէ, որ հայտնի է հնուց ի վեր մեր` հայերիս, ստեղծող ու արարող ազգ լինելը: Չկար մի այնպիսի ամայի հողակտոր, ուր ապրած լիներ հայը և ծաղկեցրած չլիներ այն, չկար մի դարաշրջան, ուր հայի միտքը գոհարներ ծնած չլիներ: Ընդհանուր առմամբ մենք, մեր բնավորությամբ հանգիստ ու խաղաղ, ստեղծագործ ու արարող ժողովուրդ լինելով, դարերի ընթացքում շինել ու կառուցել և զարգացրել ենք ոչ միայն մեր, այլ նաև այլոց արտն ու բոստանը, տունն ու բերդը, այգին ու թանգարանը: Համաշխարհային մեծերը խոստովանել են, որ հայ ժողովուրդն արարման հոմանիշ է: Աշխարհում կան պետություններ, որոնք, չխառնվելով քաղաքական մեծ անցուդարձերին, հիմնականում ապրում են արտոնյալ անձեռնմխելիների իրավունքով: Նման ազգ ու պետություն պետք է լինի առաջին հերթին հայ ժողովուրդը: Սենք ներքաշվում ենք այս կամ այն քննարկումների վիճահարույց հարցերի մեջ, սակայն դրանում բնավ չկա հայ ժողովրդի մեղքը: Նորից եմ կրկնում` «Մենք խաղաղ ենք մեր լեռների պես...»: Մենք ծնվել ենք, որ կառուցենք Զվարթնոցի պես անմահ կոթողներ, որ հրի ու սրի դարում ոտնակոխման վտանգի առաջ կանգնած մեր ժողովրդին սնենք խաղաղության կրոնով ու չեղած մեղքերի համար ապաշխարանք տանք: Մենք ծնվել ենք, որ աշխարհին պարգևենք հայկական խնձորի անմահությունը, խաղողից ու նռից գինի ստանանք: Մենք ծնվել ենք, որ բերդ ու քոչարի պարենք, առանց պետության դարերով կրոն ու դպրություն պաշտենք: Մենք ծնվել ենք, որ նարեկներ գրենք ու նկարենք իններորդ-ալիքներ, որ հին դարերում, երբ աշխարհը մի բուռ էր, աստղադիտարան կառուցենք: Ահա թե ինչու ենք մենք ծնվել: Այս ամենով հանդերձ` մենք չենք թափել ոչ մի օտարի արյուն, չենք սպառնացել ոչ մի ցեղի գոյությանը: Աշխարհի ժամանակակից տերերը, քողարկված լինելով ժողովրդավարական ատոմային ռումբերով, այս ամենը չեն հասկանում: Նրանք չեն գիտակցում, որ մենք` հայերս, իրենց համար բժիշկ ու վարժապետ, նկարիչ ու այլ արվեստագետ լինելով, խաղաղ ենք, և մեզ պետք է խնամեն հատուկ ձևով ու, ավելին, ոչ թե մի հայ պետք է թողնեն, որ մնա թանգարանում, այլ ամբողջ հայությանը պետք է պահպանեն թանգարանի ամենասուրբ մասունքի պես: Եթե այլ համակարգերից մեզ այցելության գան, ապա այս ամենով միայն կարելի է լցնել մեր հազարամյա դատարկ գոյությունն այլ մոլորակում: Նրանց միայն գոհարներ են անհրաժեշտ և ոչ մեր ինքնաոչնչացման մարդկային ամենաահեղ ինստինկտը: Անվերջ կարելի է խոսել հայ ժողովրդի ստեղծածի մասին, դարերով մոնղոլների ու արաբների, թուրք ու տաճիկ վանդալների կողմից ավերվածի ու ոչնչացվածի մասին: Սակայն ոչ ոք մեզ չի լսի, ու ոչ մի մեծ պետության չի հետաքրքրի այս ամենը, եթե չունենանք հզոր բանակ ու զենք: Ուստի մենք մեր ձայնն այլոց կարող ենք հասցնել միայն զենքով ու զորքով: Ցավոք, այո...

Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ