Երկձևությունները հայոց լեզվում


կամ Ո՞վ է է մեղավոր ստեղծված քաոսում... Շատերը նոր ուսումնական տարին նոր սպասումներով ու ակնկալիքներով սկսեցին դպրոցում, իսկ ընդունելության քննության խոչընդոտները հաղթահարածները` բուհերում... Իհարկե, քննական խոչընդոտներից կարելի է համարել երկձևությունները (որոնք էլ բողոքարկման հիմնական պատճառներն էին), որոնց հանդիպում ենք շատերս ամենատարբեր բնագավառներում: Բայց ընդունելության քննությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ հայոց լեզվում դրանք հասնում են մեծ չափերի (օրինակները բազմաթիվ են): Սակայն ընդունող հանձնաժողովի համար ոչ միշտ են ընդունելի (անգամ հայոց լեզվի շտեմարանում, որով անց էին կացվում քննությունները) նշված երկձևությունները: Երկձևությունները հանդիպում են ինչպես քերականական, այնպես էլ շարահյուսական և այլ բնույթների (օր.` մի տարի «այնպես անսպասելիորեն» արտահայտությունն ընդունվում է առանց կետադրականի, մյուս տարի արդեն կետադրականով` «այնպե՜ս անսպասելիորեն»: Այս տարի երկրորդի հերթն էր, չնայած նույն շտեմարանի համահեղինակ Հ. Զաքարյանն ընդունում է I տարբերակը, և այլ նմանատիպ դեպքեր): Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար: Բոլոր նրանք, ովքեր առնչվում են հայոց լեզվի կանոնները մշակելու գործին, թող վերջապես իրենցից մեկի ունակություններին ու կարողություններին վստահեն մեր լեզվում անհիմն տարաձայնությունները վերացնելու գործը, որը ծիծաղելիորեն խանգարում է անգամ նույն տարում համատեղ աշխատող նույն առարկայի 2 հանձնաժողովների աշխատանքներին: Բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով, մաղթում եմ, որ վերոնշյալ իրագործումն սկսվի հենց այս` նոր ուսումնական տարուց ու մտցվի նաև դպրոցական դասագրքեր, որպեսզի նորից չկրկնվի այս խառնաշփոթ իրավիճակը ոչ «այդպե՜ս անսպասելիորեն...»:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ