ՖՐԱՆՍԻԱՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԻՐ ՁԵՌՔԸՆ


Լիբանանում հրադադար հաստատելու ուղղությամբ տարվող ինտենսիվ դիվանագիտական փորձերի շրջանակում Ֆրանսիան գլխավոր դեր էր ստանձնել, թեև մեծ էր նաև այն վտանգը, որ հակամարտությունը կարող էր կառավարումից դուրս գալ: Արդյո՞ք Ֆրանսիան իր ձեռքում ունի Մերձավոր Արևելքի խաղաղության բանալին: Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ փորձում էր ձեռք բերել հրադադարի համաձայնագիր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի միջոցով: Ֆրանսիական դիվանագետները նշում էին, որ անհրաժեշտ է, որպեսզի և° լիբանանյան, և° իսրայելական կողմերը ներկայացնեն իրենց առարկությունները ՄԱԿ-ի բանաձևի նախագծի վերաբերյալ: Այդուհանդերձ, խիստ դժվարին խնդիր էր երկու հակամարտող կողմերի պահանջների համաձայնեցումը: Ֆրանսիական արտաքին քաղաքականությունը պնդում էր, որ ԱՄՆ-ը իր սխալների պատճառով ապակայունացրեց իրավիճակը Մերձավոր Արևելքում (սկսած Իրաք ներխուժումից), և որ Ֆրանսիան կարող է բարելավել ստեղծված իրադրությունը: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի անունը նույնպես վտանգի տակ էր դրված, սակայն նրան աջակցության ցածր ցուցանիշը վերելքի նշաններ է ցույց տալիս` շնորհիվ ֆրանսիական ժամանակակից բարձրակարգ դիվանագիտության: Այսպիսով, նախագահ Շիրակը հուսով է, որ կունենա միջազգային դրամատիկ հաջողություն նախքան մայիս ամիսը, երբ ավարտին կհասնի նրա երկարատև քաղաքական գործունեությունը: Իսրայելա-լիբանանյան հակամարտության լուծման հաջողությունը կամ ձախողումն էլ համապատասխանաբար ամոթ կամ փառք կբերի նրա քաղաքական վարկանիշին: ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ - Մինչ աշխարհը շփոթված դիտում էր իսրայելա-լիբանանյան խորապես արմատացած զինված հակամարտության վերջին պոռթկումը, մեկ այլ վաղեմի մրցակցություն` ամերիկյան և ֆրանսիական դիվանագիտությունների միջև պայքարը, Նյու Յորքից շարժվում էր Բեյրութ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին քողազերծում է այն բացառիկ կարևորությունը, որ պաշտոնական Փարիզը տալիս է այս մրցակցությանը: «Ֆրանսիական դիվանագիտության կարևորագույն հաղթանակ», - ահա թե ինչպես ներկայացրեց նա օգոստոսի 1-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից ընդունած համաձայնագիրը` կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ֆրանսիան պնդում էր, որ ծագած ճգնաժամը չի կարող ունենալ ռազմական լուծում, հետևաբար և° Իսրայելը, և° Հըզբոլլահը պետք է դադարեցնեն կրակը: Սակայն Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ պնդում էին, որ նախևառաջ պետք է թույլատրել Իսրայելին իր երկարաժամկետ անվտանգության ապահովման համար լրջորեն թուլացնել Հըզբոլլահին, և այդ իսկ պատճառով չպետք է հարկադրել իսրայելական ուժերին` հաստատել վաղաժամկետ հրադադար, նախքան վերոհիշյալ նպատակի իրականացումը: Այս ճգնաժամային իրադրությունը բացառապես բարենպաստ էր Ֆրանսիայի կենտրոնական դերի համար: Այսպես` Ֆրանսիան նախկին գաղութային իշխանությունն էր Լիբանանում և ինքնակոչ «արաբական աշխարհի ընկերը», այն նաև Արևմտյան միակ իշխանությունն է, որն ունի զարգացած և մոտ հարաբերություններ արաբական բոլոր տեսակի կառավարությունների հետ, այդ թվում և Իրաքում Սադամ Հուսեյինի նախկին վարչակարգի: Ինչպես գիտենք, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1920թ. ապրիլին, երկարատև սակարկում ներից հետո, Անտանտի բարձրագույն խորհուրդը Սան-Ռեմոյում տեղի ունեցած խաղաղության վեհաժողովում որոշում կայացրեց Անգլիային հանձնել Իրաքի և Պաղեստինի մանդատները, իսկ Սիրիայի և Լիբանանի մանդատները` Ֆրանսիային: Ֆրանսիական իշխանությունների կողմից Լիբանանը վերածվեց «Մեծ Լիբանան» հատուկ պետության, որի սահմանները շոշափելիորեն ընդլայնվեցին պատերազմից առաջ գոյություն ունեցող սահմանների համեմատությամբ: Սակայն անգլո-ֆրանսիական մրցակցության սաստկացման պայմաններում «Ազատ Ֆրանսիա» կոմիտեն Լիբանանի հայրենասիրական ուժերի ճնշման տակ ստիպված եղավ 1941թ. նոյեմբերի 26-ին պաշտոնապես հաստատելու մանդատի վերացումն ու Լիբանանին անկախության տրամադրումը: Միացյալ Նահանգները քաղաքականապես տեղի է տալիս: Իրաքում իր զինուժը տեղակայելուց հետո հստակ երևում է, որ ԱՄՆ-ը կորցնում է պայմաններ թելադրելու իր բարոյական հեղինակությունը: Մեծ Բրիտանիան` տարածաշրջանում մեկ այլ գաղութային իշխանություն, որպես Միացյալ Նահանգների համախոհ, նույնպես վարկաբեկված է արաբական աշխարհում: Մեծ Բրիտանիան հրաժարվեց զորախումբ տրամադրել Լիբանան ուղարկվող բազմազգ խաղաղապահ զորքի համար` դարձյալ նախաձեռնությունը զիջելով Ֆրանսիային: Սա հաղթանակ է պարգևում Ֆրանսիային, որի լիբանանյան դիվանագիտությունը ճգնում է նորոգել ծեծված հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Բայց միևնույն ժամանակ պրն. Դուստ-Բլազին բացահայտ ստեղծում է այնպիսի տպավորություն, որ իր երկիրը բոլորովին էլ չի հրաժարվում իրագործել իր վաղեմի տենչը` համընդհանուր գործերի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած գերիշխանությունը փոխարինել եվրոպականով, որը և կղեկավարի ինքը` Ֆրանսիան: Նա նաև ողջունում է վերջին իրադարձությունները` որպես ապացույց, որ «քաղաքական Եվրոպան գոյություն ունի», և, որ մենք ապրում ենք «բազմաբևեռ» աշխարհում: Ահա սրանք են նախագահ Շիրակի սիրելի արտահայտությունները: Այսպիսով, օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջապես միաձայն ընդունեց իսրայելա-լիբանանյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևը, որը պահանջում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և Լիբանանի հարավային սահմանի երկայնքով լիբանանյան բանակի հետ մեկտեղ 15-հազարանոց խաղաղապահ զորքերի տեղաբաշխում: Միաժամանակ կոչ է արվում իսրայելական կառավարությանը` դուրս բերել իր զինված ուժերը Հարավային Լիբանանից: Ֆրանսիան, որն արդեն իսկ ընդգրկված էր Լիբանան ուղարկվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում, ամեն կերպ փորձում է ընդլայնել իր թվաքանակը: «Մենք մեր եվրոպական գործընկերների հետ փորձում ենք քննարկել լրացուցիչ օգնության հնարավորությունը, որն ի վիճակի կլինենք ցուցաբերել» , - «Մոնդ» թերթին տված հարցազրույցում ասել է Ֆիլիպ Դուստ-Բլազին: «Ֆրանսիան արդեն ընդգրկված է այդ ուժերում և պատրաստ է մասնակից դառնալ ընդլայնված կազմով», - հավելել է նա: Նույն օրն իսկ ֆրանսիական երկու ռազմանավեր ուղևորվեցին Լիբանան` իրենց հետ տանելով ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերին անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դեղորայք: Ներկայումս նրանք ներկայացրել են 2000 մարդու, այդ թվում և ֆրանսիական 200 զինծառայողների: Անվտանգության խորհրդում միաձայն ընդունված բանաձևի համաձայն` Ժամանակավոր ուժերի կազմը պետք է ընդլայնվի մինչև 15 հազար մարդ: Իսկ Իսրայելը օգոստոսի 13-ին հստակ նշեց կրակի դադարեցման օրն ու ժամը` օգոստոսի 14-ին, ժամը 05:00-ին: Այսպիսով, այդ երկուշաբթի առավոտյան իսրայելական զորքերին հրամայվեց դադարեցնել ռազմական գործողությունները հակամարտության գոտում, սակայն միևնույն ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնին հայտարարեց, որ իսրայելական զորքերը կլքեն գրավյալ տարածքները միայն այն ժամանակ, երբ լիբանանյան 15-հազարանոց զորքը և ՄԱԿ-ի Ժամանակավոր հավասարազոր քանակությամբ խաղաղապահ ուժերը կտեղակայվեն Հարավային Լիբանանում: Վերադառնալով Նյու Յորքից` Ֆրանսիայի արտգործնախարարը օգոստոսի 13-ին հեռախոսային զրույց ունեցավ Իսրայելի արտգործնախարարի և Իրանի արտգործնախարար Մութակիի հետ` մեկ անգամ ևս վստահ լինելու, որ երկուշաբթի առավոտյան 05:00-ին Իսրայելի և Հըզբոլլահի միջև հրադադար կհաստատվի: Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է նաև, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի իրականացումը անհապաղ է և բխում է բոլորի շահերից», ավելացնելով նաև, որ «այն խախտող կողմն իր վրա կվերցնի ծանր պատասխանատվություն»:

Ն. ՄԱՐԳԱՐՅԱՆ