«Ստի բերած օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը...»


Հայաստանում օտարերկրացիների մուտքը վաղուց արդեն այլևս նորություն չէ: Փառք Աստծո, աշխարհի դռները բացվել են, ու աշխարհեաշխարհ, պետությունից պետություն անցնելը հասարակությունների ու անհատների համար առնչությունների ու փոխշփումների կերպ է դարձել: Հայաստանում դեռևս 1994 թ., Գերագույն Խորհրդի առաջին գումարման շրջանում օտարերկրացիների մասին օրենք ընդունվեց: 1996-ին Ազգային ժողովն այս օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարեց: Սակայն արդեն տասը տարի անց կյանքը կրկին նոր փոփոխությունների անհրաժեշտություն առաջադրեց: Եվ ահա ասպարեզում «Օտարերկրացիների մասին» նոր օրենքի նախագիծն է, որը, ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի ներկայացմամբ, արդեն իսկ որոշակի ճանապարհ է անցել: Եղել են բանավեճեր, մինչև Կառավարության հավանությանն արժանանալը հնչել են Եվրախորհրդի դրական կարծիքները: Ի տարբերություն սույն օրենքի նախորդ երկու տարբերակների, որոնցում ամրագրված մոտեցումները հնացած էին և ժամանակի քննությունը չէին բռնում, օրենքի նոր նախագիծը հնարավորություն է տալիս ճկունություն դրսևորել տարբեր երկրների հետ երկկողմանի հարաբերություններում: Սույն նախագծով օտարերկրացիներին Հայաստանում աշխատելու իրավունք է տրվում, առաջին անգամ այդ իրավունքը կարգավորվում է օրենքով: Ի դեպ, խոսքը միջազգային պայմանագրերի շրջանակներում դիվանագիտական և այլ առաքելությամբ Հայաստանում աշխատողների մասին չէ: Օրենքը տարբերակո՞ւմ է, արդյոք, ազգությամբ հայ և ոչ հայ օտարերկրացիներին: Նման տարբերակում չկա: Սահմանված են վիզայի նոր տեսակներ: Օրենքը կարգավորում է օտարերկրացիների` ՀՀ մուտք գործելը, տարանցիկ ճանապարհով անցնելը, ՀՀ-ում գտնվելը և ելքը երկրից: Հայաստան օտարերկրացիների մուտքն արգելող հիմքեր չկան: Վարակիչ հիվանդություններով հիվանդների, ահաբեկիչների, ինչպես նաև մի շարք այլ պարագաներում օտարերկրացիների մուտքը Հայաստան կարգավորվում է իրավական այլ ակտերով: Նախագծի մի դրույթ, այնուամենայնիվ, մտահոգվելու տեղիք տալիս է: Օտարերկրացիների նկատմամբ Հայաստանում հողի սեփականության իրավունքը չի սահմանափակվում: Աշխարհի ամեն մի երկրից մի քանի տասնյակ մարդ էլ Հայաստանում հող գնի կամ տուն, անհող, փոքրիկ Հայաստանում մեզ ի՞նչ կմնա: Հարստանանք էլ, առնելու բան չի լինի մնացած: Մենք էլ գնանք այլ երկրներո՞ւմ հող ու տուն գնենք: Ի վերջո, եթե օրենքը նոր-նոր է սահմանում օտարերկրացու աշխատանքի և այլ իրավունքները, նրանք այդ իրավունք ները վաղուց ունեին և իրենց գործը վաղուց են տեսել: Արդյո՞ք անշարժ գույքի գների ժամ-ժամ թռիչքը դրանով կամ գուցե նաև դրանով չի պայմանավորված: Եվ արդյո՞ք օտարերկրացիների ունևոր, վճարունակ լինելը չի խանգարում-չի խեղճացնում երկիրը պահող, երկրի տերը լինելու պատրաստ մարդկանց և չի նպաստում նրանց հիասթափությանը, հուսահատությանը և երկրից հեռանալու ճանապարհը բռնելուն: Այս իմաստով, ահա, ինչ-որ տարբերություններ պիտի որ լինեին:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ