Ազատ ու անկախ Արցախ, Քո տուն -ամրոցը կերտեցինք...


(ԼՂՀ օրհներգից) Բազմաթիվ քննարկումներից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուրվագծեց իրավիճակից դուրս գալու տարբեր ուղիներ: Բայց հաղթանակած արցախցու համար ուղին մեկն է` ժողովրդական կամքը վահան դարձնել ու երբեք չնահանջել: Արցախահայության ամենամեծ` իրենց հանրապետությունն անկախ տեսնելու երազանքն արդեն 15 տարի է, ինչ իրականություն է: Ու դրան նվիրված միջոցառումների շարքից անմասն չէր կարող մնալ նաև ՀՀ Ազգային գրադարանը, որտեղ բացված ցուցահանդեսներում արցախյան շունչն էր թևածում: Ցուցասրահում ներկայացված նյութերը դրվագներ էին Արցախի ազատագրման պատմությունից, հայրենիքն արյամբ ազատագրած հերոսների լուսանկարներ, գրքեր, որոնք պատմում էին Արցախի ու նրա մշակույթի մասին, և հեղինակներն էլ արցախցիներ էին (Գուրգեն Գաբրիելյան, Զորի Բալայան, Կիմ Ղահրամանյան...): Ինչպես նշեցին գրադարանի ներկայացուցիչները, ցուցադրվածը Արցախի պատմությանը նվիրված նյութերի մի մասն էր միայն (300 օրինակ), իսկ մյուս մասը պահոցներում է: Փա°ռք ու պատի°վ արցախցուն, ով իր հող ու ջրին, իր արմատներին կառչած շարունակում է պայքարել ու հավատալ, որ բազմաթիվ երկրների համար քաղաքական հարցերի լուծման ասպարեզ դարձած իրենց փոքրիկ հայրենիքը մի օր կթոթափի բոլոր դժվարությունները, ու հաղթական ժպիտը կթրջվի միայն իր քաջ զավակների համար թափվող հիշատակի արցունքներից...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ