ՈՎ Է, ԻՆՉ Է


Կրիմինալի վերջին շրջանի աստիճանական ակտիվացումն ավելի հիմնավորում է վերջինիս` գերիշխանություն հաստատելու նկրտումները: Ըստ էության` քաղաքական աշխուժության նախանշանները միախառնվում են քրեականների փոխհարաբերությունների պարզաբանումներին և արտահայտվում ավելի ուշ` նրանց քաղաքական արմատները որոնելիս: Այսպիսով, քաղաքական ուժերի անճարակությունն ու անտարբերությունը դրսևորվում են նաև այստեղ. որպես կանոն` կուսակցական շապիկներով հակամարտող քրեականներին զսպելու եղանակներ հայրենի քաղաքական ուժերը չեն հայտնաբերել (համենայն դեպս` առայսօր): Նման վերաբերմունքն ստիպում է եզրակացնել, որ այս հարցում նշված շրջանակները մինչև անգամ համապատասխան շահագրգռություն չունեն: Հակառակ ասվածին` մի պահ կարելի է կարծել, թե հայրենի քաղգործիչները փողոցային «ռազբորկանե րի» հետ որևէ առնչություն չունեն, բայց չպետք է անտեսել նաև, որ կուսակցական քրեականներին մարդ սպանելու համարձակություն և հանձնարարություն միմիայն կամ գոնե առավելապես նրանց կուսակցական բոսսերն են տալիս: Նման եզրակացությունը բոլորովին էլ մերկապարանոց չէ, քանի որ դեպքի(երի) վայրում հայտնված սարսափահար իրավապահները, ինչպես տեսնում ենք, խոստանում ու որևէ բան այդպես էլ չեն բացահայտում: Զարթոնք ապրող «բեսպրեդելի» համար հանրությանը մեղադրելը նույնպես սխալ է: Բայցևայնպես չպետք է անտեսել նաև, որ քրեականները, ինչպես ասում են, ժողովրդի ծոցից են դուրս գալիս, ընտրովի պաշտոններ այդ նույն ժողովրդի աջակցությամբ են ձեռք բերում, և, վերջապես, հանրությունը քրեականների գործողություններին «թամաշա» անելուց բացի ուրիշ ոչնչով չի միջամտում: Անմեղ զոհեր տալով հանդերձ` մեր երկրի ժամանակակից քաղաքացին զգուշանում է, փորձում ավելի զգոն և ուշադիր լինել... Բայց և ոչ մի դեպքում պաշտպանվելու, ավելին` լկտի ու սանձարձակ թափթփուկների անակնկալ հարձակումներին դիմադրելու, նրանց կարգի հրավիրելու, չեզոքացնելու մասին չի մտածում: Ինքնապաշտպանության, ավելի թույլին օգնելու փոխարեն հասարակական գիտակցությունը սահմանափակվում է պարփակվելու անհեթեթ դրսևորումներով: Հանրությունը կրիմինալի հաղթարշավը կարող է նաև զսպել` հենց նրանց օգտին չքվեարկելով: Վերջնարդյունքում սրանք ժողովրդին վնասում են` հենց այդ նույն ժողովրդի վստահության քվեն կորզելով: Մյուս կողմից էլ այստեղ նույնպես հանրությունը մեղքի բաժին չունի և պարտավոր չէ մանրամասնորեն ծանոթ լինել բոլորի կենսագրության մութ էջերին: Այնուամենայնիվ, քաղաքական որոշ շրջանակներ ծրագրում են այդ մութ էջերը արևերես հանել: Թե որքանով կնպաստի դա դիմակներ պատռելու ցանկալի գործընթացին, դժվար է ասել: Մի բան պարզ է. մարդիկ պետք է ճանաչեն իրենցից վստահության քվե հայցողներին և առաջիկա ընտրություններում էլ ըստ արժանվույն գնահատեն նրանց: