Մրցակցություն` առանց ականների


Տարիներ շարունակ Հայաստանի մամուլը, առանց դույզն ինչ ձանձրույթի, թմբկահարում է ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև եղած (միգուցե չեղած) հակասությունների և տարաձայնությունների թեման: Թե որտեղից է «սնուցվում» այդ տեղեկատվությունը, մինչ այսօր դժվար է պարզել: Լրատվամիջոց ների «հավաստի աղբյուրների» վկայակոչումը որպես լուրջ հիմք ընդունելը մանկամտություն կլինի, քանզի բոլորին են հայտնի լրագրողական հնարքները` սեփական ենթադրությունները մատուցել որպես սեփական աղբյուրներից «բխած» ճշմարտություններ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ոչ հրապարակավ, ոչ ակնարկներով երբեք չեն հաստատել, թե իրենց միջև թեկուզ փոքր տարաձայնություններ գոյություն ունեն: Ընդդիմախոսների հակադարձումը պարզ է և տրամաբանական. դիվանագիտության տարրական նորմերը թույլ չեն տալիս նման բացահայտումներ կատարել: Ընդունենք դա այդպես է: Բայց այդ դեպքում պետք է փաստարկներ ու ապացույցներ ներկայաց վեն, թե կոնկրետ ո՞ր խնդիրների շուրջ են ծագել (և ծագում) տարաձայնությունները: Մի՞թե կարելի է փաստարկ անվանել այն «կարծիքը», որ իբր թե Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում ապագայում վարչապետ «աշխատել Սերժ Սարգսյանի մոտ»: Գործող նախագահը սահմանադրորեն երրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի, հետևաբար եթե ցանկանում է մնալ քաղաքական ասպարեզում և շարունակել առանցքային տեղ զբաղեցնել իշխանական համակարգում, ասենք` դառնալ վարչապետ, ապա ինչո՞ւ նրա համար դա պետք է նվաստացուցիչ լինի Սերժ Սարգսյանի նախագահ լինելու պարագայում և ոչ նվաստացուցիչ, եթե պետության առաջին դեմքը լինի ինչ-որ իքս: Եթե իրոք ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև կան լուրջ տարաձայնություններ, ապա ավելի ողջամիտ կլիներ դրանք որոնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, արտաքին քաղաքական կողմնորոշումների, պետական կառավարման համակարգի խնդիրներում: Սակայն այդ կարգի «որոնումները» հաճախ հանգեցնում են կատարյալ խառնաշփոթի: «Վերլուծություն ների» արդյունքում մերթ ՀՀ նախագահն է ներկայացվում որպես Ղարաբաղը «ծախող», մերթ Պաշտպանության նախարարը: Հերթականությամբ և փուլային պարբերականությամբ արևմտամետ է «դառնում» Ռ. Քոչարյանը, ռուսամետ` Ս. Սարգսյանը և ապա` հակառակը: Վստահ լինելով, որ այս թեման արհեստականորեն ուռճացվում է, բոլորովին էլ այն կարծիքին չենք, թե ՀՀ նախագահի և Պաշտպանության նախարարի միջև տարաձայնություններն իսպառ բացառվում են: Դա նաև տեսականորեն անհնար է: Պարզապես ներիշխանական խոհանոցում առկա անցուդարձի, իրադարձություն ների և իրավիճակների նրբերանգները հասու չեն շարքային մահկանացուներիս: Այստեղից էլ սկիզբ են առնում հավանական ճշմարտություններին շաղախված միֆերն ու լեգենդները: Այնուամենայնիվ, սկսած այն ժամանակներից, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը կապվեց ՀՀ նախագահի անվան հետ, իսկ Պաշտպանության նախարարն անդամակցեց ՀՀԿ-ին, ճշմարտությունն ու հնարովին սահմանազատելու հնարավորություններ ստեղծվեցին: Առայժմ միայն հնարավորություններ, քանզի դեռևս հայտնի չէ, թե իշխանության գալու հայտ ներկայացնող «Բարգավաճ Հայաստանը» ի՞նչ համակարգային փոփոխություններ է փորձելու իրականացնել, որն էականորեն տարբերվի ներկայիս իշխանության գործելակերպից: Այլ կերպ ասած` «ԲՀ»-ՀՀԿ մրցակցությունն ընդամենը կուսակցությունների և անձերի՞ պայքար է լինելու, թե՞ Հայաստանի ապագային միտված գաղափարախոսությունների և ծրագրերի: «ԲՀ»-ի ծրագրային դրույթները, որոնք հրապարակվեցին մամուլում, հիշեցնում էին սոսկ բարի ցանկությունների ցանկ` նպատակների կենսագործման վերացական մեխանիզմներով: ՀՀԿ ծրագրում առկա գաղափարախո սությունը ոչնչով չի զիջում, իսկ ազգային պահպանողականությանը վերաբերող դրույթների առումով գուցե ավելի գերադասելի է բացարձակ լիբերալ արժեքներ դավանող «ԲՀ» գաղափարախոսությունից: Առհասարակ մեր ժողովուրդը հակված չէ իր համակրանքը դրսևորել և ընտրությունը կատարել` հաշվի առնելով կուսակցությունների գաղափարախոսությունը և ծրագրերը: Մարդիկ ընկալում, ընդունում կամ չեն ընդունում անհատներին, ովքեր այս կամ այն քաղաքական ուժի լիդերներ են: Այս առումով «Բարգավաճ Հայաստանում» այսօրվա դրությամբ չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց հանրությունը ճանաչում է և համակրում: «ԲՀ»-ի գլխավոր հովանավոր Գագիկ Ծառուկյանին բոլորը ճանաչում են որպես խոշոր գործարար, ոչ ավելին: Միակ քաղաքական գործիչը «ԲՀ»-ի կազմում, որ հայտնի է հանրությանը, նախկին արմատական ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանն է: Նա էլ աջից ու ձախից հարվածներ է ստանում ճամբարափոխության, իմա` դավաճանության մեղադրանքով: ՀՀԿ-ում ամեն ինչ առավել քան պարզ է: Կուսակցության խորհրդի կազմում ընդգրկված են մեծ թվով քաղաքական գործիչներ, նախարարներ, պատգամավորներ, հայտնի գործարարներ: Այսինքն` ՀՀԿ-ն «խաղում» է բաց խաղաքարտերով և չի թաքցնում, որ ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում կառավարության կազմում նոր անունները մեծամասնություն չեն կազմելու: «ԲՀ»-ն գոնե մակերեսային դիտարկմամբ, թվում է, արմատական փոփոխությունների կողմնակից է: Շուտով, ամենայն հավանականությամբ, «ԲՀ»-ում կհայտնվեն մեկ-երկու նախարարներ, և դա արդեն հնարավորություն կտա պարզելու, թե ովքեր են այսօրվա իշխանության մեջ այն բացառիկները, ովքեր «ԲՀ» հաջողության դեպքում կպահպանեն իրենց տեղը կառավարությունում: Եթե պայմանականորեն «ԲՀ»-ն նույնացնենք ՀՀ նախագահի, իսկ ՀՀԿ-ն` Պաշտպանության նախարարի հետ և այս տեսանկյունից փորձենք գտնել տարաձայնությունները վերջիններիս միջև, ապա կարող ենք հանգել հետևյալ եզրակացության. դիրքորոշումների հիմնական տարբերությունները դրսևորվել և դրսևորվելու են ապագա կառավարության կազմի, գործարար աշխարհի հայտնի և անհայտ ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի ՀՀ ապագա մարտավարության պահպանողական և լիբերալ սկզբունքների տեսքով: Առաջին հայացքից թվում է, թե հավանական տարաձայնությունների այս գամման կարող է հանգեցնել խորը հակամարտության` երկու քաղաքական ուժերի միջև առաջացնելով այնպիսի բևեռացում, որի պարագայում հետդարձի կամուրջները, որպես կանոն, այրված են լինում: Սակայն չպետք է մոռանալ, որ գաղափարական տարբեր դիրքորոշումների հետևորդներ Սերժ Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանը մի կողմից, ՀՀ նախագահը մյուս կողմից երկար քաղաքական ճանապարհ են անցել միմյանց հետ, և երեքն էլ հավասարակշռված, հեռատես, պրագմատիկ պետական գործիչներ են: Հետևաբար, այնպիսի կոշտ առճակատումը, որը կարող է կասկածի տակ դնել երկրի քաղաքական կայունությունը, առավել ևս` սուր ցնցումների առիթ հանդիսանալ, գրեթե բացառվում է: Կա երկու տարբերակ. ա) կողմերից մեկը հաղթում է ԱԺ ընտրություններում, իսկ մյուս կողմն արժանապատվորեն ընդունում է սեփական պարտությունը, բ) հավասար մրցակցության պայմաններում կողմերը ձեռք են բերում գրեթե նույնքան քվեներ և փոխհամաձայնությունների ճանապարհով լուծում են բոլոր կնճռոտ հարցերը: Այս երկու տարբերակներն էլ, բնականաբար, հաճո չեն արմատական ընդդիմադիրներին, ովքեր կցանկանային, որ իշխանական թևերը պարզապես հոշոտեին միմյանց, և իրենք, գոնե որպես «երրորդ կողմ», շահող դուրս գային: Բայց մեկ բան է ցանկությունը, այլ բան` իրականությունը: Արմատականներին մնում է միայն համախմբվել և «խաղալ» սեփական խաղը, այլ ոչ թե հույսը դնել ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանելու «մարտավարության» վրա:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ