Հոբելյան և հաղթանակ


Միացյալ Թագավորության բնակչուհի Դորոթի Աֆֆլեկն այս գարնանը տոնել էր իր 100-ամյա հոբելյանը, իսկ վերջերս պարզել է, որ բուժվել է սարսափելի քաղցկեղից: Անցյալ տարի օգոստոսին նրան վիրահատել էին` հեռացնելով կրծքի ուռուցքը: Դորոթին Մեծ Բրիտանիայում այդքան ծանր վիրահատության ենթարկված ամենատարեց հիվանդն էր, բայց այլ ելք չուներ: - Երբ իմացա, որ քաղցկեղ ունեմ` չէի կարողանում հավատալ: Ես համոզված էի, որ ինձ տառապանքի երկար ամիսներ են սպասվում: Բայց բժիշկները հավատացրին, որ կարող եմ դիմանալ վիրահատությանը,¬ պատմել է Աֆֆլեկը: Բժիշկները պնդել են, որ պատկառելի տարիքը խոչընդոտ չի լինի վիրաբուժական միջամտության համար: Եվ վիրահատությունից 1 տարի հետո մասնագետները կնոջ օրգանիզմում քաղցկեղային բջիջներ արդեն չեն հայտնաբերել: Հրաշալի այս իրողությունը, սակայն, դեռ պետք է հիմնավորվի` քառամյա հետազոտություններով: Այսինքն, գոնե հանուն բժշկագիտության` Դորոթին պարտավոր է ապրել ևս 4 տարի: Առնվա´զն: