Ասանժին կձերբակալեն իր հայրենիքում


Ավստրալիայի կառավարությունը ՎիկիԼիկսի հիմնադիրի դեմ հայց է նախապատրաստում` 250 հազար չխմբագրված ճեպագրերի հրապարակման համար: Ջուլիան Ասանժի դեմ հնարավոր քրեական գործի հարուցման մասին տեղեկատվությունը շրջանառվեց այն պահից, երբ ՎիկիԼիկսում հրապարակվեցին ամերիկյան դիվանագետների չխմբագրված գաղտնի 250 հազար գրագրությունները: Երկրի գլխավոր դատախազ Ռոբերտ Մակկլելանդը հայտարարել է, որ այդ փաստաթղթերում նշվում է ամերիկյան գաղտնի ծառայությունների աշխատակիցներից առնվազն մեկի անունը: Ավստրալիական օրենսդրության համաձայն` ցանկացած տեղեկատվություն, որը կարող է բացահայտել հետախուզական ծառայությունների սպայի անունը, հրապարակ ման ենթակա չէ: Իսկ հարյուր հազարավոր այդ փաստաթղթերը, որոնց ուսումնասիրությունը շարունակական է լինելու, բուռն արձագանք են գտել հանրության շրջանում: Հիմա արդեն ՎիկիԼիկսի հետ համագործակցությունից պատրաստ են հրաժարվել նույնիսկ նրա նախկին գործընկերները, որոնց թվում են Cuardian, New York Times, Spiegel և El Pais նշանավոր լրատվամիջոցները: - ՎիկիԼիկսի հետ մեր համագործակցությունը կառուցվում էր այն հիմքով, որ մենք համաձայնում էինք հրապարակել միայն այն փաստաթղթերը, որոնք մանրազնին խմբագրման են ենթարկված: Մենք կշարունակենք պաշտպանել մեր համատեղ բոլոր նախորդ հրապարակումները տպագրելու որոշումը, բայց ոչ բոլոր տվյալների հրապարակումը. մենք բոլորս դա դատապարտում ենք: Այդ փաստաթղթերը հրապարակելու որոշումը կայացրել է Ջուլիան Ասանժը և միայն ինքը` միայնակ,¬ ասված է վերը նշված պարբերականների համատեղ հաղորդագրության մեջ: