Զգո´ւյշ, աղանդ է Թող սա հնչի որպես ահազանգ


Հարգելի խմբագրություն, ձեզ դիմելու դրդապատճառը մտահոգությունս է մի հարցի շուրջ: Ինչպես նաև ամենաարատավոր երևույթներից մեկի դեմ պայքարին թեկուզ այս քայլով մասնակցելու ցանկությունս: Թող իմ կողմից սա հնչի որպես ահազանգ: Միշտ էլ ամենակնճռոտ խնդիրներից մեկը եղել և մնում է աղանդների կործանարար ազդեցությունը, նրանց ակտիվությունը: Իսկ նրանց դեմ պայքարն օրվա հրամայականն է: Ինքս երբեք չեմ մասնակցել որևէ հավաքի, երբեք չեմ շփվել այս կամ այն կրոնական կազմակերպության հետևորդների հետ: Օրեր առաջ համալսարանի բակում` ամենաբանուկ հատվածում, որտեղ ուսանողներն ավելի շատ են, ինձ մոտեցավ մի ժպտադեմ երիտասարդ և մի թերթիկ հանձնեց հետևյալ բովանդակությամբ. «Սիրելի´ երիտասարդ, շնորհավորում ենք Ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հրավիրում Ձեզ հանդիպելու Երևանի տարբեր բուհերի ուսանողների և երիտասարդների հետ: Հանդիպման ժամանակ Դուք կարող եք լսել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները…»: Իսկ երբ ծանոթացա քննարկվելիք թեմաներին` մարդկային կյանքի իմաստը, Աստվածաշնչի հիմնական գաղափարը, Աստծո նպատակը մարդու վերաբերյալ, Քրիստոսը և եկեղեցին, ինչպես զգուշանալ աղանդներից (Եհովայի վկաներ, մորմոններ...), ուսանողական տարիների թանկարժեքությունը, անմիջապես կռահեցի, որ գործ ունեմ Հայ Առաքելական Եկեղեցուց շեղված ինչ¬որ կրոնական կազմակերպության հետ: Բայց երբ նկատեցի, որ թերթիկի վրա բացակայում է կազմակերպության անվանումը, կասկածս է´լ ավելի հիմնավորվեց: Ինձ հետաքրքրեց, թե հիմա՞ ինչ խմբավորում է փորձում նոր հոգիներ որսալ: Այն էլ` մայր բուհի տարածքում: «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահը մարդաշատ էր: Ջերմ մթնոլորտ, հյուրասիրություն, ժպտադեմ, անհոգ մարդիկ... Սեղանների շուրջ հավաքված երիտասարդների մտերմիկ զրույցներից հասկացա, որ առաջին անգամ չեն հանդիպում: Ու թեև մեծ էր հետաքրքրությունը, բայց բազմաթիվ փորձերից հետո անգամ չհաջողվեց իմանալ ովքեր են կազմակերպիչները: Մենք ջանում էինք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները. դիցուք` ովքեր են այս «խորհրդավոր հյուրասիրության» հեղինակները: Բայց բոլոր հարցերին նույն պատասխանն էր հնչում. թե իրենք աղանդավոր չեն, ճշմարիտ քրիստոնյաներ են, ովքեր փորձում են Աստծո խոսքը հասցնել երիտասարդներին: Եթե այդպես էր, ուրեմն ինչո՞ւ հրավիրյալներին Աստծո տուն` Եկեղեցի չէին հրավիրել, կամ ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցու որևէ սպասավոր ներկա չէր: Մասնավոր զրույցներից պարզ դարձավ, որ Հայ Առաքելական եկեղեցին դասում են բոլոր քրիստոնեական կառույցների շարքը` բացառելով նրա առաջնորդ լինելու իրողությունը` «մոռանալով»` դա մեր պետական կրոնն է: Պնդում էին, որ դեմ չեն մեր եկեղեցուն, հավատարիմ են քրիստոնեական նույն ճշմարտություններին: - Մենք մարդիկ ենք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին` որպես Աստված և Փրկիչ ու չենք տարանջատում քրիստոնյաներին,- ասում էր եղբայրներից մեկը: Չնայած հետաքրքրությունը մեծ էր, հետաքրքրվողներն էլ բավական համառ, այնուամենայնիվ, չկարողացանք իմանալ ովքեր են այս ամենի հետևում կանգնած, և ի՞նչ է ի վերջո այս մարդկանց նպատակը: Ո՞վ է առաջնորդը: Հարցեր, որ անպատասխան մնացին: Պնդում էին, թե առաջնորդ չունեն, կազմակերպություն չունեն, պարզապես ճշմարիտ քրիստոնյաներ են: Եվ եթե որևէ մեկի անուն առանձնացնեն, կստացվի սուտ վկայություն են տալիս: Բայց չէ՞ որ հեշտ է «Ճշմարիտ քրիստոնյա» բարձր կոչումով քողարկվելը, և այդպիսիներին, դժբախտաբար, հաճախ ենք հանդիպում ամեն փողոցում: Չէ՞ որ իրականությունը թաքցնելն արդեն իսկ հակասում է քրիստոնեական ճշմարտություններին, ավելին` նաև բարոյականությանը: Աստծո խոսքը չպետք է ճանաչի արգելքներ ու պատնեշներ, պիտի հնչի ինքնաբուխ, մաքուր, շիտակ: Իսկ ճշմարիտ գաղափարներ տարածողը նախևառաջ պետք է գոնե ճշմարտախոս լինի: Բավական թանկարժեք հյուրանոցի ընդարձակ սրահում թեկուզ համեստ հյուրասիրություն կազմակերպելու համար, մեղմ ասած, գոնե ֆինանսական հովանավորի առկայությունն հերքել չէր կարելի: Իսկ եթե անգամ այս ամենն արվում էր հանուն հավատի, ապա ծպտվելու անհրաժեշտություն չկար: Երբ տղաներից մեկի նյարդերը տեղի տվեցին և բացահայտ բոլորին աղանդավոր անվանեց, ես և էլի մի քանիսը նրա հետ դուրս եկանք: Ավելորդ էր ժամավաճառ լինել և շարունակել լսել սեփական անձի նրանց ուրացումները: Կարճ ժամանակով հանդիպմանը ներկա էր նաև «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նրանից իմացանք, որ նմանատիպ կառույցների թիվը Հայաստանում բավական մեծ է` շուրջ 200: Նրա խոսքերով` ամենայն հավանականությամբ սա խարիզմատիկ եկեղեցի է, ոչ բնիկ: Հիմնադիրը չինացի է, բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղից էլ ներխուժած հոսանք է: Սիրելի ընթերցող, փորձեցի նկարագրել այն, ինչ տեսել եմ ես: Դժվար չէ կռահել, որ նմանատիպ կառույցները փորձում են ներքաշել իրենց շարքերը հատկապես երիտասարդներին: Ես ինքս` որպես ուսանող, իմ պարտքն եմ համարում կոչ անել բոլորին` զգուշանալ կասկածելի մարդկանցից, իսկ այսպիսի իրավիճակներում հնարավորինս սթափ լինել, սառը ուղեղով դատել և ճիշտ կողմնորոշվել: Վահագն ՍԱՀԱԿՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Իսկապես անկեղծ ընդվզում է, լուրջ մտահոգություն: «Ավանգարդը» բազմիցս անդրադարձել և անդրադառնալու է հոգեորսների թեմային` քանի դեռ առկա է մոլորեցնելու վտանգը: Աստծո Որդին դեռ երկրային իր կյանքում նախազգուշացնում էր. «Զգո´ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: ...Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի...»: Եվ իրենց հավատի մեջ հաստատուն քրիստոնյաների համար նրանք վտանգ չեն կարող ներկայացնել: Մեր մտահոգությունն անտեղյակ այն երիտասարդների համար է, ովքեր դեռ չեն ճաշակել ճշմարիտ Աստծո խոսքը և կարող են կուլ տալ հավատը բիզնես դարձնողների հոգեսպան խայծը: Սթա´փ եղիր, հայ երիտասարդ և զգուշացիր մոլորեցնողներից: