ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՊԱՊՅԱՆՆԵՐԸ


1993 թվականի մարտի 30-ին զոհվեցին հայր և որդի Ալֆրեդ, Մալֆրեդ Պապյանները: Խաթարվեց հերոս ընտանիքի անդորրը, ողջ մնացածները ապրեցին անդառնալի կորստի ցավը, տարիների հեռվում կորսված երջանկության փշրանքների միջից ծնվեց հանուն զավակի ապրելու ցանկություն` սիրած մարդկանց երազանքներն իրականաց նելու համար ճիգ ու ջանք չխնայելով: Հայրենիքին անմնացորդ նվիրված Մալֆրեդի կնոջ` Լիլիթ Չիբուխչյանի հետ հանդիպման ընթացքում կենսագրվեց մի ողջ գերդաստանի պատմությունը: Արցախյան գոյապայքարի ժամանակ Ալֆրեդ Պապյանն ընտանիքով ՌԴ-ում էր: Նա դեռևս Աֆղանստանի պատերազմի ժամանակ ջոկատներ էր պատրաստել: Կինը` Օլյա Պապյանը, աշխատել ու դասախոսել էր այնտեղ: Երբ մեր երկրում լարվածությունը խորացավ, Ա. Պապյանին հրավիրեցին Հայաստան` հմտությունն ու փորձն այստեղ ներդնելու: 90-ականների սկիզբն էր, Պապյանների ընտանիքը նոր էր վերադարձել Հայաստան: Մի գեղեցիկ օր պատահաբար հանդիպեցին Լիլիթ Չիբուխչյանն ու Մալֆրեդ Պապյանը. հրավիրված էին ծննդյան տարեդարձի: Ասում են` պատահաբար ոչինչ չի լինում կյանքում: Միմյանց սիրեցին անմնացորդ սիրով: - Հայաստան գալով, նախ` Մալֆրեդն ընդունվել էր Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ (հեռակա ուսուցման բաժին), միաժամանակ զորամասում 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ էր: Նա ընդամենը 20 տարեկան էր, բայց հասուն մարդու պես էր մտածում: Հոգատար էր, բարի, նվիրված: Ծնվեց դուստըրս: Ամեն երեկո ամուսինս փոքրիկ Էլենիս հետ զբոսնում էր դրսում ու անտրտունջ պատասխանում դստերս անսպառ «ինչու»-ներին: Նա հայերենին վատ էր տիրապետում, բայց շատ արագ սովորեց իր մայրենին և փորձում էր մաքուր հայերենով հաղորդակցվել: Ես մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան եմ, աշխատել եմ խուլ ու համրերի դպրոցում (դեֆեկտոլոգ): Մի օր, երբ կրկին երեկոյան մոմի լույսի ներքո սեղանի շուրջն էինք հավաքվել, սկեսրայրս հայտարարեց, որ այդուհետև բոլորս մասնակցելու ենք զորավարժանքներին` դառնալով հայրենիքի պաշտպաններ: Հայրս և սկեսրայրս որոշել էին` մենք հայրենիքին պիտի ծառայեինք: Սկզբում դա կատակ համարեցի: Երբ հաջորդ առավոտյան սովորականի պես շտապում էի դպրոց, հանդիպեցի սկեսայրիս սաստող հայացքին, հետո ասաց. - Չլսեցի՞ր երեկոյան ինչ ասացի… Ալֆրեդ Պապյանը հատուկ գնդում դեսանտագրոհային գումարտակի, ապա զորամասի հրամանատար էր: Նրա երկու զավակներն էլ դարձան հայրենյաց հողի համար մարտնչողներ: Նրանց կողքին մշտապես գտնվելով, Լիլիթը կյանքին այլ աչքերով սկսեց նայել: Մոռացավ, որ առաջնեկը շատ փոքր է, իսկ կրծքի տակ կրում էր երկրորդ զավակին ու մի գեղեցիկ օր ինքն էլ սկսեց մասնակցել զորավարժանքներին: Նվիրվեց ու սիրեց իր գործը: - Հայրս Հատուկ գնդում թիկունքի գծով փոխհրամանատար էր: Թեպետ դեռ մանկուց մեր ընտանիքը զինվորականի ոգով է ապրել, բայց նախապատրաստական, իսկ հետո էլ մարտական գործողություններին ուղղակի մասնակցելն այլ էր: Մեզ հետ էր նաև մեր տան ամենակրտսերը` դուստրս, ում ասում էին գնդի որդի: Ամեն առավոտ վաղ արթնանում էր ու պապիկների հետ լինում զորամասում: Իսկ ես կարճ ժամանակ անց սկսեցի փորձառուների հետ մեկնել սահմանամերձ վայրեր: Գնում էինք ընտանիքի բոլոր անդամներով: «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանը մարտընկերների մասին պարզապես ասաց. - Հայր ու որդի Պապյանները շատ հայրենասեր էին. Պապյան ավագը հրաշալի մասնագետ էր, այդ ծանր օրերին նրան հրավիրեցինք Հայաստան: Նա մեծ գործ արեց` ստեղծեց դեսանտագրոհային գունդ: Փոքր Պապյանը ձեռնամարտի հմուտ վարպետ էր` գրագետ ու խելացի: Այդ օրերին քչերի վրա կարելի էր հույս դնել: Նրանց նմանների վերադարձն անհրաժեշտություն էր մեզ համար: Ընտանիքի մարտական մկրտությունը Նոյեմբերյանի Կոթի գյուղում էր: Նրանք 1990-1993-ին մասնակցել են Հայաստանի սահմանամերձ վայրերի ու Արցախի գրեթե բոլոր տարածքների մարտական գործողութուններին: Մի ուշագրավ դեպք պատմեմ. Արծվաշենի գրավման նախապատրաստման ժամանակ մի քանի «մասնագետներ» քարտեզը հակառակ կողմից էին տարածել սեղանին ու համոզված էին, որ գրավման ժամանակ 500 զոհ ենք տալու: Ա. Պապյանը, ձեռքը խփելով սեղանին, հայտարարեց, որ իր տղաներով կգրավեն ու ոչ մի զոհ չեն տալու: Այդպես էլ եղավ. միայն որդին ` Մաֆոն (ընկերները Մալֆրեդին այդպես են դիմել), վիրավորվեց: Պատերազմից հետո կարևորը պատմության, զոհվածների կատարած գործի վերարժևորումն է, որպեսզի հաջորդ սերունդը կրկին ընտրի նվիրումի ճանապարհը: Արծվաշենի մարտական գործողության ժամանակ Մալֆրեդը վիրավորվեց: Համոզված էր, որ այլևս իրեն գնդակ չի դիպչի: Բայց ընդամենը մի քանի ամիս անց` 1993 թ. մարտի 30-ին, չվրիպեց թշնամու երկրորդ գնդակը: Այդ օրը Պապյան ընտանիքի համար դարձավ ողբերգական: - Միասին էինք ողջ ընտանիքով: Զոհվեցին ամուսինս, սկեսրայրս ու դեռ չծնված զավակս, քանի որ ինքս գլխից ծանր վիրավորվել էի և 20 օր անգիտակից վիճակում էի: Վիրավորվել էին նաև հայրս ու սկեսուրս: Հուլիսի 14-ին ամուսինս դառնալու էր 22 տարեկան: Երբեմն մտածում եմ` ինչպիսի հայրենասեր պետք է լինի ծնողը, որ ընտանիքի բոլոր անդամներին զինվորագրի հայրենիքի պաշտպանությանը: Հայրերով ասում էին. «Որ դուք տանը մնաք, ո՞վ է էս հողը պաշտպանելու, գնացեք, որ մյուսներն էլ ձեզ տեսնելով գան, չփախչեն…» Բոլորս անտրտունջ ու սիրով էինք գնում: Երկու հայրերի խոսքերն այնքան ազդու էին, համոզիչ: Բայց չէ՞ որ ես էլ երջանիկ լինելու իրավունք ունեի, ողջը նվիրաբերվեց հանուն հայրենիքի. կորցրի հարազատներիս, մանկանս առաջին ճիչն անգամ չլսեցի: Ամուսնուս զոհվելուց հետո որոշեցի այլևս չզբաղվել մանկավարժությամբ, այլ գնալ նրա նախընտրած ուղիով` հանուն Հայաստան երկրի: Ու շարունակեցի պայքարս. նա գնաց, ես մնացի, ես պարտավոր էի ծառայել… Կազդուրվելուց հետո վերադարձա զորամաս: Ինձ տեղափոխեցին Ստեփանավան` որպես անձնագրային բաժնի պետ: Պատերազմ էր. պայքարում էինք նաև ներսում, յուրաքանչյուր գործում նվիրում էր պետք: Ամենքս մեր պարտավորություններն ունենք կյանքում… Նա էլ իր ձևով էր նվիրվել, օգնում էր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, սոցիալապես անապահովներին: Ստեփանավանում բժշկական ուսումնարանի ու կլինիկայի տնօրեն էր: Այդ տարիները նոր իմաստ տվեցին իր կյանքին ` փաստելով, որ այդպես էր ի վերուստ սահմանված: Ու ապրել էր պետք, հերոսների անցած ճանապարհը արժևորելու ու շարունակելու համար: - Ցավով պետք է պատմեմ մի դեպքի մասին. դուստրս սովորում է ԵՊՀ-ում: Մի օր զանգահարեց ու ասաց, որ իր դասախոսներից մեկն անվայել խոսքեր է ասել Եռաբլուրում հանգչող հոր մասին: Սարսափելի էր դասախոսի նման վերաբերմունքը: Չհասկացա, թե ինչ կատարվեց հետս. արթնացավ թե´ հպարտություն, թե´ արհամարհանք նմանների հանդեպ: Շտապեցի համալսարան, հենց ճանապարհին հանդիպեցի «հարգարժանին», փորձեցի հասկացնել, որ արժանապատվորեն խոսի կյանքը նվիրաբերած Եռաբլուրում գտնվող հպարտությունների մասին: Բայց ցավը խեղդում էր ինձ: Դուստրն արդեն որոշել է բուհն ավարտելուց հետո կրթությունը շարունակել ՀՀ ոստիկանության ակադեմիայում: Կորստի ու վշտի միջով անցնելով` Լիլիթը փորձել է հաղթահարել ու վերաիմաստավորել կյանքը: Եվ թեպետ դառնացած, բայց վստահ է, որ. - Այսքան կորստից հետո եթե անհրաժեշտ լինի, կգնամ մարտադաշտ, որովհետև դա է իմ կյանքը: Գիտեք, եթե ինքս հոգեբան չլինեի, գուցե անհաղթահարելի թվացող վշտից ինքս էլ խելագարվեի, բայց հավատացեք` խաչս պետք է կրեի: Իսկ Օլգա Պապյանի մասին կարող եմ ասել, որ հզոր կին է. ամեն մայր չէ, որ հերոս ամուսին ու զավակ կորցնելուց հետո հպարտորեն կքայլեր դեպի Եռաբլուր` կարծես ասելու. - Տես, հայ ժողովուրդ, ես ինչի եմ պատրաստ: Օլգա Պապյանը հետո շարունակեց աշխատել զորամասում. գնդի Մայրն էր: Անցել են տարիներ, բայց ամեն տարի ` մարտի 30-ին, Պապյանների մարտական ընկերները խոնարհումով հարգանքի տուրք են մատուցում նրանց հիշատակի համար: Այսօր արդեն ավանդույթ է դարձել դեկտեմբերի 31-ի երեկոյան Եռաբլուր գնալը: - Երբ մի օր հորս հարցրի, թե ինչու հենց այդ օրն ենք գնում Եռաբլուր, պատասխանեց. - Իմ բոլոր մարտական ընկերներն այնտեղ են ամփոփված: Զոհված ընկերների հետ պետք է միասին դիմավորենք Ամանորը: -Հիմա դա ինձ է փոխանցվել, իսկ հետո դուստրս կշարունակի մեր ընտանեկան ավանդույթը: Նա իր հարազատների գործի շարունակողն է լինելու:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ