Մեր ոգին էր ուժեղ, հաղթական…


Մեր պայքարի հերոսական էջերը փառավորվեցին խիզախ հայորդիների անուններով ու սխրանքով: Արցախամարտը պայքար էր` հանուն պապենական մեր հողերի: Ոտքի ելավ ողջ հայությունը: Մեծահասակ թե պատանի, կին թե տղամարդ զինվորագրվեցին այս պայքարին: Ազգովի կռվեցինք, հաղթեց մեր միասնականությունը, հայի անպարտելի ոգին: Մհեր Խեչոյանը` Ճուտը, դեռ դպրոցական տարիքից դարձավ պայքարի նվիրյալն ու զինվորը: «Արծիվ մահապարտներ» գումարտակի մարտիկներից ամենակրտսերն էր: ՀՀ սահմանամերձ շրջանների բնակչությունն առաջինն ականատես եղավ ադրբեջանցի ելուզակների ստորության բոլոր դրսևորումններին: Օրեցօր թեժանում էին հարձակումները, թալանը, ոտնձգությունները խաղաղ բնակչության նկատմամբ` վերաճելով ռազմական բախումների: Չափազանց անբարենպաստ իր դիրքով առանձնացող, կղզիացած Արծվաշենը ևս վտանգի մեջ էր: 4 կողմից կրակ էր թափվում: Մհերը հոգու ամենանուրբ թելերով կապված էր հարազատ Արծվաշենի հետ: Պապական գյուղն էր: Նոր էր ավարտել 9-րդ դասարանը, երբ վիճակը սրվեց: Անհանգիստ պատանին փախավ տնից` ուխտելով ամեն գնով կռվել և պաշտպանել հարազատ գյուղը: Նրան զենք չտվեցին` պատճառաբանելով, որ փոքր է: Իսկ մայրաքաղաք ուղարկելու բոլոր փորձերն անհաջողությամբ էին պսակվում: Այնուամենայնիվ, հարազատներին հաջողվեց մի քանի անգամ հեռացնել նրան Արծվաշենից, սակայն համառ պատանին ամեն անգամ որևէ պատրվակով դուրս էր գալիս տնից և փախչում: Արծվաշենն արդեն շրջափակման մեջ էր: Թեժ կռիվներ էին սկսվել: Հորեղբոր որդին, որ կամավոր մեկնել էր ծառայության, Կիրովականի գնդի կազմում մասնակցում էր մարտերին: Օգոստոսի 7-ին զոհվեց: Չափազանց ծանր էր հարվածը Մհերի համար: Հոր հետ եկավ Երևան` եղբոր թաղմանը մասնակցելու: Օգոստոսի 8-ին ընկավ Արծվաշենը` դառնալով այս պայքարի մեր ամենացավոտ կորուստներից մեկը: Արյունը եռում էր պատանու երակներում, սարսափն ու ցավը կարճ ժամանակում հասունացրել էին նրան: Վրեժը կրծում էր սիրտը: Այդ օրերին լսեց Վազգեն Սարգսյանի մարտակոչը, որ Արցախին նոր, թարմ ուժեր են հարկավոր` իրավիճակը կտրուկ փոխելու համար: Զորեղ հարված էր պետք` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու: Մահապարտները պետք է դա անեին` իրենց կյանքի գնով, գիտակցելով մահը: Չնայած Սպարապետն իր ելույթում հստակ նշում էր, որ անհրաժեշտ են փորձառու, կռված տղաներ, սակայն Մհերը կրկին փախավ տնից` մահապարտների գնդի կազմում Արցախ մեկնելու վճռականությամբ: Օրեր շարունակ հարազատները փնտրում էին տղային: Հայրը, հիշելով Վ. Սարգսյանի մարտակոչը, կռահեց որդու գտնվելու վայրը: Սակայն Մհերն արդեն երդվել էր, և ետդարձի ճանապարհ չկար: Շատերը փորձեցին ետ կանգնեցնել Մհերին` դեռ փոքր էր: Անձամբ Վ. Սարգսյանն էլ իր մտահոգությունն էր հայտնում, որ երեխային տուն ուղարկեն: Այնուամենայնիվ նրա անունն առաջինը գրվեց մահապարտների ցուցակում: Մի օր էլ` նախքան Արցախ մեկնելը, Սմբատին տեսավ, ում ճանաչում էր դեռ Արծվաշենի մարտերից: Վերջինս, այդ պահին մոռանալով Մհերի անունը, ասաց` «Ճուտ, դո՞ւ էլ ես այստեղ»: Այդ պահից Մհերը կնքվեց Ճուտ մականունով: Ուղևորվեցին Արցախ` Գանձասար: Հասնելուն պես` 3 դասակներ ճանապարհվեցին դեպի Չլդրան: Սակայն, քանի որ ավտոմեքենաները նշանառության տակ էին, հարկադրված 17 կիլոմետր ոտքով անցան: Խավար էր, տեղանքն անծանոթ, ոչինչ չէր նշմարվում: Գիշերը խրամատներ փորեցին և արագ դիրքավորվեցին: Եվ միայն լուսադեմին տեսան, որ խրամատի տեղանքը չափազանց անբարենպաստ է` բաց տարածության մեջ` եգիպտացորենի դաշտում: Թեժ կռիվ էր: Հակառակորդը, մտածելով որ Չլդրանում դիմադրության չի հանդիպի, Գանձասարը գրավելու ախորժակով առաջ էր ընթանում: Իսկ Գանձասարի գրավումով անխուսափելի կլիներ նաև Ստեփանակերտի անկումը: Չլդրանում դիմադրության հանդիպելով, հակառակորդը կատաղի հարձակում սկսեց: Մհերը գնդացրորդ էր: Ու չնայած տարիքին` գերազանց տիրապետում էր զենքին. արդեն փորձառու զինվոր էր: Նաև օգնում էր վիրավորներին: Կռվում էր ինքնամոռաց, նվիրումով: - Շատ հաճախ ես կամ մայրս ընդդիմանում էինք, ասում էինք` ինչո՞ւ պիտի կռվես այդ տարիքում: Միշտ ասում էր` եթե տեսնեք այդ հողը, դուք էլ անվարան կգաք կռվելու: Թուրքը չի կարող տիրանալ մեր տարածքին,- պատմում է Մհերի քույրը` Աննան: Սեպտեմբերի 4 ին վիրավորվեց: Նույն օրը վիրավորվեց նաև զինակից ընկերը` Հայկազը: Վերքն այնքան խորը չէր, փորձեցին հասնել շտապօգնության մեքենային, որ տեղափոխվեն դաշտային հոսպիտալ: Նույն պահին տարածքը սկսեցին ռմբակոծել: - Մի փոս կար փորված, բոլորս պատսպարվեցինք այնտեղ: Բայց քանի որ փոքր էր, տեղ չկար, նստեցի` ոտքերս կախած փոսի մեջ` մտածելով, որ անհրաժեշտության դեպքում կհասցնեմ նետվել այնտեղ: Ու այլևս ոչինչ չեմ հիշում, - պատմում է Մհերը: Այդ օրը 2- րդ անգամ վիրավորվել էր: Վերքը ծանր էր: Տեղափոխեցին Ստեփանակերտ, ապա` Երևան: Պատմում են, որ բուժող բժիշկը` Մհերի տարիքից ելնելով, դժվարությամբ է հավատացել, որ նա զինվոր է: Կարծել է` պատահաբար է հայտնվել կրակի մեջ: Իսկ երբ հետագայում պատմել են պատանու սխրանքների մասին` պատկառանքով է լցվել տղայի նկատմամբ: Բուժումն ավարտելուց հետո Մհերը միացել է արդեն կազմավորված «Արծիվ 5» ջոկատին և մեկնել Կոռնիձոր, Գյուլիբերդ: Ակտիվորեն մասնակցել է Լաչինի պաշտպանական մարտերին` այնտեղ ևս աչքի ընկնելով իր համարձակությամբ: - Մենք քիչ էինք, հակառակորդը մի քանի անգամ գերազանցում էր մեզ: Մեր ոգին էր ուժեղ, հաղթական: Միասնական էինք, մեր կռիվն արդար էր, դրա համար հաղթեցինք,- ասում է Մհերը, ապա իր պատգամը հղում Հայոց բանակի զինվորներին. - Զինվորը պիտի ուժեղ լինի, ամուր, հաստատակամ: Միշտ հիշի, որ հայի արյուն է հոսում իր երակներով, որ պետք է լինի արժանի հայրենիքի պաշտպանի բարձր կոչմանը: Ինքը` ազատամարտիկը, մեր զինվորների տարիքից էլ փոքր էր, երբ դարձավ հայրենյաց պաշտպան` ողջ էությամբ նվիրվելով պայքարին, դառնալով մեր մեծ հաղթանակի կերտողներից մեկը: Իսկ ՀՀ նախագահի «Արիության», «Մարտական ծառայության», ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ինչպես նաև «Արծիվ մահապարտներ», «Արցախի մայրական երախտագիտություն»... մեդալներն ու բազմաթիվ պատվոգրերը Մհեր Խեչոյանի խիզախության վավերագրերն են:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ