ԳՈՆԵ` ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ


Հայ ժողովրդի աշխատասիրության մասին դեռևս պատմական ժամանակներից մեզ ու աշխարհին հասած տեղեկությունները մեր օրերում նույնպես ամենաուղղակի կերպով սկսել են ընդունվել ու գնահատվել: Սկզբից Ռուսաստանն իր դռները բացեց հայկական աշխատաշուկայի առաջ, հետո` Լեհաստանը, հիմա էլ արաբներն են պատրաստվում նույնքան գրկաբաց մեզ ընդունել: Իրավիճակը սակայն փոքր¬ինչ պարադոքսալ է: Մինչ կառավարությունն ամենայն լրջությամբ մտածում է արտագաղթի ծավալների մեղմման ու կանխման ուղղությամբ, գործազրկության բարձր ցուցանիշ գրանցած մեր հանրապետությանը զանազան ծրագրեր են հրամցվում, որոնք ամենաուղղակի կերպով նպաստում են վերջին տարիների մեծագույն չարիքներից մեկը դարձած երևույթի արմատացմանը: Իհարկե, կարելի է անխնա կերպով քննադատել ռուսներին, լեհերին ու արդեն նաև արաբներին: Կարելի է նրանց պատմական թշնամի հռչակել և այլն: Խնդիրը, սակայն, դրանով չի լուծվի, և իրավիճակն էլ չի փոխվի: Ակնհայտ է, որ քանի դեռ տեղական աշխատաշուկայում վարձատրությունը չափազանց ցածր է, առաջարկը` սահմանափակ, օտար ափերը շարունակելու են գերել հայ հանրությանը: Ավելին, թեև Հայաստանում Ռուսաստանի դեսպանի` օրերս հնչեցրած հայտարարությունը սրերով ընդունվեց, սակայն վերջինս իսկապես ճշմարտությունն էր արձանագրում` փաստելով, որ որևէ մեկը մեր երկրի ազգաբնակչությանը չի ստիպում ճամպրուկները հավաքել... Եվ իրոք, վերջապես խոստովանել է պետք, որ հատկապես սոցիալապես առավել խոցելի խավերի ներկայացուցիչներն իրենք են հնարավորն անում` վերադարձի անհայտ ժամկետով «Զվարթնոց» օդանավակայանում հայտնվելու համար: Կարելի է կանխատեսել, որ տեղական աշխատաշուկան ասենք առաջիկա տասը տարիներին գրավիչ չի կարող դառնալ: Մի՞թե մեր հայրենակիցները պետք է աշխարհի այս ու այն ծագը տեղափոխվեն` աշխատասիրության նյութական գնահատականը ստանալու համար, իսկ մենք էլ հավատանք, թե մի օր նրանք վերադառնալու են... Եթե միգրացիոն այս գործընթացը միջպետական պայմանագրերի հիման վրա է կազմակերպվում, ապա գործազուրկի կարգավիճակից դուրս գալու ուրիշ ելք չգտնող քաղաքացուն պետք է գոնե վերադարձի կոնկրետ ժամկետ ու պայման առաջարկվի, իսկ ընտանյոք մեկնելու տարբերակը պարզապես բացառվի: Այս դեպքում հնարավոր կլինի ընդունել ու հաշտվել մտքի հետ, որ արտագաղթն իսկապես ժամանակավոր է: Միևնույն է, դեռ խորհրդային ժամանակներից Ռուսաստանը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների համար սեզոնային աշխատավայր է համարվել: Հիմա, երբ դրա կարիքը մեր հասարակությունն անհամեմատ ավելի շատ ունի, իսկ արտագնա աշխատանքն էլ երբեմն նաև մարդու ստրկական շահագործման է նմանվում, պայմանագրային տարբերակը հնարավորություն կտա հիմնականում լուծված համարել երկու կարևորագույն խնդիր: Նախ քաղաքացու հայրենիք վերադառնալու հավանականությունն է զգալիորեն մեծանում, և, շնորհիվ գրավոր փաստաթղթի` ծանր ֆիզիկական աշխատանքի դիմաց չվճարվելու տարբերակն է բացառվում: Ի վերջո, եթե արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացին համապատասխան պայմանագիր հենց իրեն ընդունող երկրի կառավարության հետ է կնքում, ուրեմն պարտավորությունները փոխադարձաբար պատշաճ կատարելու խնդիրը լուծված կարելի է համարել: Ավելի կարևոր է, որ մեր երկրից անկասելի թվացող արտագաղթը գոնե ժամանակավոր բնույթ կկրի: