«Հիտլերը» զայրացրել է իսրայելցիներին


 

Հնդկաստանի գործարարներն էլ երևի հայերի նման են մտածում. որքան տարաշխարհիկ, օտարահունչ ու անհասկանալի լինի ձեռնարկության, խանութի, սննդօբյեկտի անունը` այնքան «պրեստիժ է: Նրանցից մեկն էլ` ձեռնարկատեր Ռաջեշ Շահը, Գուջարաթ նահանգում բացած հագուստի իր խանութն անվանել է «Հիտլեր»: Ու մինչ դրանից օգտվողները փորձել են հասկանալ, թե ի՞նչ կապ ունի Հիտլերը հագուստի ոճի կամ վաճառքի հետ, այդ մասին լսող հրեաները ամբողջ աշխարհում իրենց վիրավորված են զգացել: Հավաքական այդ վիրավորանքը բարձրաձայնել է իսրայելցի բարձրաստիճան դիվանագետ, Մումբաիում գլխավոր հյուպատոս Օրնա Սագիևը:

Դիվանագետը «Բի-բի-սի»-ին ասել է, որ ինքը ցնցված է նմանատիպ հաստատության գոյությամբ և մտադիր է պաշտոնական հարցում ուղարկել Գուջարաթի վարչակարգին:

Խանութապետ Շահն էլ փորձել է բացատրել, որ այդ անվանումն ընտրել է պատահմամբ: Նա մանրամասնել է, որ իր առևտրային գործընկերոջ պապին անվանել են Հիտլեր` նրա անզիջում բնավորության պատճառով:

Հետաքրքիր է, խանութում նույնպե՞ս անզիջում են լինելու. եթե այո, ուրեմն ո՞ւմ դեմ, ինչի հանդեպ: