Այսօր էլ` ինչպես 20 տարի առաջ


 

Աշխարհաքաղաքականությունը և Ղարաբաղի արյունը

Անդրեյ ՆՈՒՅԿԻՆ

Աշխարհաքաղաքականությունը և Ղարաբաղի արյունը

«ԱՎԱՆԳԱՐԴ». 23 հուլիսի, 1992 թ.

ՆՈՒՅՆԻՍԿ նրանց համար, ովքեր աչալուրջ հետևում են Անդրկովկասի իրադարձություններին, ծավալվող շատ բան առավել քան հանելուկային Է:

Ահա, Ադրբեջանում պրեզիդենտի աթոռն է գրավում մի մարդ, ում ժողովրդական ճակատի կողմնակիցները հարգում են խելքի, տեղյակության, ազնվության, այլոց լսելու կարողության, նույնիսկ մեղմ բնավորության համար: «Դժվար է հավատալ,- ասում է Վիկտոր Խլիյստունը,- որ Աբուլֆազ Էլչիբեյն անձամբ կկամենար այդչափ դաժան մարտական գործողություններ ծավալել Լեռնային Ղարաբաղում, որոնք հանգեցրին մեծ արյունահեղության` չէ որ այնքան շատ էր խոսում խնդրի խաղաղ կարգավորման մասին»: Չէր կամենում, բայց ծավալեց, Ղարաբաղի կեսը հեղեղելով թե´ հայերի, թե´ ադրբեջանցիների, թե´ ռուսների արյամբ: Ինչո՞ւ: «Ակներևաբար, հաստատվում է հին ճշմարտությունն առ այն, որ առաջնորդ ներն իրենց չեն պատկանում»: Հապա ո՞ւմ են պատկանում: Մոլեռանդ ամբոխի՞ն: Բայց մի՞թե Էլչիբեյին ամբոխն ապահովեց հարյուրավոր տանկերով և ԲՏՌ-ներով, առանց որոնց նրա «դաժանությունը» առանձին արժեք չէր ունենա:

Ի դեպ, թե որտեղից եկան տանկերը, անչափ դյուրին է պարզելը: ԽՍՀՄ, ներկայումս ԱՊՀ զինանոցներից: Եթե միայն տանկե˜րը լինեին: Դեռևս տարվա սկզբին, ադրբեջանցի գրոհայինները, ինչպես մանրատառ հայտնեցին մեկ-երկու թերթեր, ինքնագլուխ զավթեցին զենք ու զինամթերքի երկու ստրատեգիական պահեստ` Աղդամի մոտերքում և Բաքվի մերձակայքում: Նույնիսկ մեկը դրանցից, ինչպես պնդում են մասնագետները, լիուլի բավական էր «ամբողջ Անդրկովկասը պայթեցնելու համար»: Այն էլ ինչպես: Այդտեղ պահպանվում էր (ըստ Ղարաբաղի ժողովրդական դեպուտատների տվյալների) ավելի քան 200 վագոն միայն ռեակտիվ արկեր, միայն 180 վագոն փամփուշտ: Սակայն «պահպանվո՞ւմ» էր արդյոք: Պահեստի զավթումը, որի պատճառով մի ամբողջ զինվորական օկրուգ «փաստորեն զրկվեց զինամթերքից», մեզ բացատրում են պրապորշչիկ Շաքուրովի դավաճանությամբ:

Առավել համոզիչ է այն վարկածը, համաձայն որի մեր «վոյենշչինան» (գեներալներ և սպաներ) ծայրեծայր վերասերված է, դուրս է հայտնվել հսկողությունից և աջուձախ ծախծխում է տերության երբեմնի հզորությունը: Իրոք, բազում հաստատումներն ենք տեսնում, սակայն... Իսկ ինչո՞ւ Հայաստանում «վոյենշչինան» մեր պահեստները չի ծախծխում, այլ պայթեցնում է: Հայ օդաչուների առևանգած երկու քնձռոտ ուղղաթիռների առիթով ի˜նչ անպատկերացնելի աղմուկ բարձրացավ: Իսկ հայերի կողմից զինամթերքի աննշան քանակութ յուն գնելու փորձից հետո համարյա ամբողջ Անդրկովկասյան զինվորական օկրուգը ոտքի հանվեց տագնապի ազդանշանով:

Ոչ, այստեղ բացի տեղայնացված անկառավարելի առուծախից, հստակորեն առկա է պատերազմող կողմերից մեկին զենքի միանգամայն կառավարելի հանձնման փաստը: Իսկ հանձնման ծավալների և այն մասին, թե ով է դրանք կառավարում, կարելի է դատել թեկուզև այսպիսի տեղեկանքներով. «Համաձայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության 1992 թ. հունիսի 22 թվակիր 814 (8) 022 Վ կարգադրության, Ադրբեջանին են արդեն հանձնված երեք դիվիզիաների սպառազենք, մարտական տեխնիկա, հրետանի և զինամթերք: Այդ թվում` Տ-72 187 տանկ, Տ-54 26 տանկ, Տ-55 24 տանկ, 119 միավոր ԲՄՊ-2, 89 միավոր ԲՄՊ-1, 13 միավոր ԲՄՊ-3, 23 միավոր ԲՌՄ-14, 6 միավոր ԲՏՌ-60, 59 միավոր ԲՏՌ-70»: Ընդամենը` 825 մարտական զրահամեքենա, 170 միավոր հրետանի (այդ թվում 25 «Գրադ» կայանք) և այլն, և այլն (ՍՈԻ-25 գրոհային, ՍՈԻ-24 ռմբակոծիչ ինքնաթիռների, ՄԻ-24 ուղղաթիռների քանակը չի նշված)...

Այդ ընծաները պատճառաբանում են քայքայումից հետո ԽՍՀՄ նախկին սուբյեկտների` իրենց «բաժինը» ստանալու իրավունքով: Սա կարող էր թոզ փչել մեր աչքին, եթե նույն ժամանակ Հայաստանը, չնայած իր բազմաթիվ ջանքերին, որևէ մի «բաժին» գոնե ստանար, սակայն չստացավ: Չէ՞ որ ԼՂԻՄ-ը նույնպես, համաձայն մեր նախկին սահմանադրություն ների (1986 և 1976), ֆեդերացիայի պաշտոնական սուբյեկտ էր ու նույնպես պիտի դառնար հարուստ հանգուցյալի օրինական ժառանգորդը:

Այդ շիկացած կետում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ինքնագլուխ խախտեց ուժերի մոտավոր հավասարակշռությունը` զենքի առատաձեռն բաշխմամբ Ադրբեջանին, դրանով իսկ խափանեց խնդրի քաղաքական լուծման շոշափվող հնարավորությունը: Սակայն այդ դեպքում նախարարության ղեկավարությունն ինչո՞ւ պաշտոնանկ չի արվել, չի զրկվել կոչումներից ու դատի չի տրվել: Ասել է թե ռուսական «վոյենշչինա՞ն» չէ, որ ինքնագլուխ սատարում է ցեղասպանությանը (ավելին` կազմակերպում և ապահովում է), վտանգելով մի երկրի անվտանգություն, որի հետ հանդիսավորապես «Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագիր» ենք կնքել: Այդ դեպքում հապա ո՞վ և հանուն ինչպիսի՞ ռազմավարական վերին նպատակների:

Չարծարծենք բոլոր հանելուկներն ու կնճիռները` կապված Խոջալուի, Շուշիի և Լաչինի անկման հետ, այնպիսիք, ինչպիսիք են դիակներին առնչվող խայտառակ ձեռնածություննե րը, սեփական փախստականների գնդակահարումը, զորքերի հեռացումն այն վայրերից, ուր ըստ իրադրության պիտի կենտրոնանային դրանք, սեփական հզոր պաշտպանական կառույցների պայթեցումը «Լաչինի միջանցքի» գրավման նախօրեին և այլն: Սակայն թվարկած յուրաքանչյուր պարտությունից հետո ադրբեջանական մամուլում հազիվ թե պատահական լինեին դավաճանության, ծախուության, դիտավորյալ հանձնման մասին հնչող ձայները: Կասկած չի հարուցում, որ տեխնիկայի և վարձկանների մեծագույն մասը, որոնց շնորհիվ Ադրբեջանը հիմա կարողացավ կայծակնային արագությամբ հայերից գրավել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի երկու երրորդը, Հադրութի շրջանի 40 և Ասկերանի շրջանի 15 տոկոսը, տարօրինակ այն իրադարձությունների պահին նրա տրամադրության տակ էր: Իսկ ինչո՞ւ գործի չդրվեցին դրանք: Չէ՞ որ լրջորեն չի կարելի ընդունել այն դատողություն ները, թե տվյալ պատերազմի համար ռազմավարական կետերը (այդ թվում, Շուշիի, հիրավի, անառիկ բերդը) այդքան դյուրությամբ, սակայն մեծաքանակ զոհերով հակառակորդին հանձնվեցին ընդամենը Մութալիբովին և Մամեդովին «գցելու» համար:

Իրադարձությունների ծավալը և դրանց հանելուկայնության աստիճանը հանգեցնում են մի եզրակացության, որ գործ ունենք այնպիսի խարդավանքների հետ, որոնց հանդիման պրեզիդենտական աթոռի համար այս կամ այն հավակնորդի պայքարը, կամ մեր այս կամ այն գեներալի ծախուությանը ոչինչ չպարզաբանող մանրուք են, քաղաքական մակերեսա յին փրփուրի պղպջակներ:

Ղարաբաղյան հանգույցի իրադարձություններից և հանելուկներից այն կողմ դիտարկվում են նպատակներ ու ծրագրումներ, որոնց դեմ նույնիսկ «ամենաարմատական» լուծումը, որից ավելին չեն էլ կարող երևակայել ադրբեջանական արյունարբու ազգայնականները` Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության կոտորումը կամ լրիվ տեղահանությունը, բավականաչափ ծավալային չի ներկայանում: Քանզի հենց Ադրբեջանն` իր բոլոր հաղթանակներով, պարտություններով, պրեզիդենտներով, աշխարհաքաղաքական սույն ֆոնի վրա ընդամենը միջոց է դառնում, խաղալիք, ինչ-որ մեկի կամակատարը: Ինչպես նաև Հայաստանը: Ասենք, Ռուսաստանը` նույնպես, ըստ երևույթին: Եվ, Աստված մի արասցե, խոսքը դիվական ինչ-ինչ ուժերի դավերի, «ժիդոմասոնական» կամ «իմպերիալիստական» դավադրության մասին չէ, այլ, ավաղ, ամենասովորական քաղաքականության: Ինչպիսին եղել է երկու հարյուր, հարյուր տարի առաջ, ինչ-պիսին մնալու է դեռ, ըստ երևույթին, երկար ժամանակ:

Մեր սեղանին են Անդրկովկասի երկու ստվերագծված քարտեզներ: Առաջին հայացքից դժվար է տարբերել: Մեկի վրա ստվերագծված է ամբողջ Ղարաբաղը, ինչ նշանակում է պատկանելությունը Ադրբեջանին, մյուսի վրա` զգալի մասը ստվերագծված չէ (Հայաստանի պես), փոխարենը` ստվերագծված է քարտեզի համապատասխան մի հատված Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Ընդամենը, ուրիշ ոչի´նչ:

Այս քարտեզները ԽՍՀՄ-ում ապրող ազգությունների գծով ԱՄՆ պետական դեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական Պոլ Հոբլի «Ինչպե՞ս լուծել դարաբաղյան ճգնաժամը» նախագծի գրաֆիկ տարբերակն են: Պատահական չէ, որ սույն նախագիծը ամենայն բարեհաճությամբ ընդունվեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ղեկավա-րության կողմից, իսկ Թուրքիայում կատարյալ հիացմունք հարուցեց իր պարզությամբ և կառուցիկությամբ: Չէ՞ որ, ինչպես ցույց տվեց իրադարձությունների ընթացքը, Հայաստանը և Ադրբեջանը «ի զորու» չեն ինքնուրույնաբար լուծել դարաբաղյան հակամարտությունը: Հայերի լիակատար բնաջնջումը և հայերի տեղահանությունը տարածաշրջանում տեխնիկապես բարդ բան չէ, բայց չափից ավելի կարող է հուզել մարդկության սենտիմենտալ շերտերը: Ղարաբաղի և Հայաստանի միավորմանը կամ նրան անկախություն շնորհելուն ոչ մի կերպ չի համաձայնի Ադրբեջանը: Պատերազմող կողմերը բաժանելու համար չի բավականացնի «երկնագույն սաղավարտների» և ոչ մի քանակություն: Մնում է մի բան` տարածքների սիրահոժար փոխանակում: Հայաստանին` Ղարաբաղի հայաբնակ շրջանների մի մասը «Լաչինյան միջանցքով», Ադրբեջանին Հայաստանի այն մասը, որը Նախիջևանը բաժանում է Ադրբեջանից: Ամեն ինչ` արդար ու ճիշտ: Մի կողմին` մի կտոր տարածք, մյուսին` մի ուրիշ կտոր, միջանցք` մի կողմին, մյուս կողմին էլ` միջանցք: Ու մարդիկ կվերադառնան իրենց հայրենի շեները, խաղաղություն կտիրի, ու կիսախեղդ Հայաստանի շրջափակումը մեծահոգաբար կվերացնեն: Թուրքիան, հավերժ բարեկամության հետ մեկտեղ, պատրաստ է նույնիսկ Հայաստանին տրամադրել իր սևծովյան և միջերկրածովյան նավահանգիստները:

Մի բան է վատ` սահմանների փոփոխելիության սրբազան սկզբունքը, հանուն որի անխախտության արդեն հինգ տարի կծկվում է ղարաբաղյան մղձավանջը, ստիպված պիտի խաթարվի: Բայց չէ որ սիրահոժարաբա˜ր, չէ որ փոխադարձ համաձայնությա˜մբ:

Միայն թե ինչո՞ւ այդ հայերն իրենց երջանկությունը չեն ընկալում: Ուրեմն, ստացվում է, որ պետք է սովամա՞հ անել նրանց, «Գրադո՞վ» ոչնչացնել:

(շարունակելի)