ԱՐԴՅՈ՞Ք ՍԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ Է


 

Չբավարարվելով իր «սենսացիոն բացահայտումներով»` Միխայիլ Ալեքսանդրովը խոսում է այն մասին, որ զորավարժությունների երրորդ կողմը վերաբերում է ղարաբաղյան գոտում հնարավոր պատերազմական գործողություններին: «Մեծն» փորձագետն ասում է.

- Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Լեռնային Ղարաբաղի համար, ապա ռազմական գործողությունները չեն կարող լոկալացվել միայն հակամարտության գոտում: Հայաստանը հարվածելու է Ադրբեջանի տարածքի խորքում, նրանք պատասխանելու են, իսկ դա արդեն գործի կդնի ՀԱՊԿ մեխանիզմը: 

Ռուսաստանում գտնվող ԱՊՀ ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը օրերս իր տված հարցազրույցում այնպիսի մտքեր է հայտնել, որոնք այլ կերպ չես կոչի, քան տարածաշրջանային պատերազմի սադրանք: Այսպես, նա խոսել է այն մասին, որ սեպտեմբերին կայանալիք զորավարժությունների գլխավոր նպատակն է մշակել գործողություններ Իրանի հյուսիսային սահմանները փակելու մասին: Այսինքն, եթե իրականացվի ագրեսիա, ապա Ռուսաստանը Հայաստանի տարածքից ներխուժում է Իրանի տարածք: Բայց սա դեռ բոլորը չէ, քանզի ռուս փորձագետը նաև այսպիսի միտք է արտահայտել` Վրաստանում առաջիկայում կայանալիք ընտրությունների առթիվ.

- Չի բացառվում, որ ընտրության ժամանակ իշխանությունը կարող է գնալ զանգվածային կեղծիքների: Չի բացառվում, որ դա կհանգեցնի հուզումների և անկարգությունների երկրի ներսում ու ժողովրդական հուզումները ուժով ճնշելու քայլերի: Ռուսաստանը կարող է միջամտել, որպեսզի պաշտպանի վրաց ժողովրդին բռնությունից, ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքը օգնության շտապեց Լիբիայի դեմոկրատական ուժերին: 

Ստացվում է, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք դեռևս չեն հանգստացել 2008-ի օգոստոսյան պատերազմից և հիմա էլ կամենում են, օգտագործելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, կազմակերպել նոր հարձակում Վրաստանի վրա: Սակայն այդ ուժերը կամենում են ներքաշել նաև Հայաստանը, քանի որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է: Իսկ Վրաստանի վրա հարձակմանը, ըստ ռուս փորձագետի, պիտի ակտիվ մասնակցություն բերեն ՀԱՊԿ ուժերը: Հայաստանն ու Վրաստանը դարավոր բարեկամներ են, պատմության մեջ երբեք չեն եղել հայ-վրացական պատերազմներ. առաջացած որոշակի կոնֆլիկտներն էլ շատ շուտ հանգուցալուծվել են: Հատկապես վերջին շրջանում, երբ Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքական նոր հայեցադրույթներ, ջանքեր են գործադրվում սերտացնել հարաբերությունները Վրաստանի հետ, ձևավորել տնտեսական համագործակցութ յան գոտիներ: Այս ամենից զատ, Հայաստանը ունի շատ կարևոր շահեր Վրաստանում. այստեղ ապրում է իր ազգությունը պաշտոնապես ներկայացնող մոտ 600 հազար հայ, մոտ 200 հազարն էլ վրացիացված հայեր են: Ուստի Հայաստանը ոչ մի դեպքում զորք չի մտցնի Վրաստան և չի միջամտի այդ երկրի ներքին հարցերին: Կարծում ենք, որ Վրաստանը ևս չի մասնակցի Հայաստանի դեմ իրականացվող որևէ ռազմական գործողության:

Այսքանից հետո կարելի է ենթադրել, որ Ալեքսանդրովը, իմա` որոշ ուժեր, շատ են ուզում, որպեսզի Ադրբեջանն ագրեսիա իրականացնի Ղարաբաղի դեմ, որից հետո Հայաստանը պատասխան գործողություններ իրականացնի և մտնի Ադրբեջանի տարածք, դրանից հետո էլ Ադրբեջանը ներխուժի Հայաստան: Այ, այդ ժամանակ էլ օգնության կհասնի ՀԱՊԿ-ը:

Արտաքուստ, սա կարող է ցնդաբանություն թվալ, սակայն չի բացառվում, որ ռուսաստանյան որոշ ուժեր հենց այսպես էլ մտածում են և դրա համար էլ Ալեքսանդրովին դարձրել են իրենց խոսնակը` սադրելով Ադրբեջանին, մղելով նրան պատերազմական գործողությունների վերսկսման: Գիտենք, որ պատերազմական գործողությունները ձեռնտու են որոշ ուժերի, ովքեր միլիարդներ են աշխատում պատերազմների ժամանակ: Գիտենք նաև, որ ռուս-չեչենական պատերազմը հարստացրեց մի շարք ռուս բարձրաստիճան զինվորականների և պետական չինովնիկների, ուրեմն հիմա էլ հենց նրանք են կանգնած այս ամենի թիկունքին:

Բայց արդյո՞ք Ռուսաստանում տեղյակ են Ալեքսանդրովի հարցազրույցի մասին, արդյո՞ք ՀԱՊԿ հրամանատարությունն ու ռուսաստանյան իշխանությունները կիսում են Ալեքսանդրովի «բացահայտումները»: Հենց այս հարցերի պատասխանները պիտի շուտափույթ ստանան մեր իշխանությունները, քանի որ հեռու չէ սեպտեմբերը, հեռու չեն վրացական ընտրությունները...

Լ.Մ.