ԱՅԼ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ


 

 

Հունգարիան Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին ոչ միայն ֆինանսական նկատառումներով

Ի՞նչը դրդեց Հունգարիայի ղեկավարությանն Ադրբեջանին արտահանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Սաֆարովին:

Չի կարելի չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ Հունգարիան ուղղակիորեն վաճառել է Սաֆարովին: Հայտնի է, որ դեռևս օգոստոսի կեսերին հունգարական ԶԼՄ-ները, վկայակոչելով տվյալ երկրի էկոնոմիկայի նախարարության անանուն աղբյուրը, հաղորդել էին, որ Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել 2-3 մլրդ եվրոյի հունգարական միջնաժամկետ (2-3 տարվա մարման ժամկետով) պետպարտատոմսերը:

Ամեն դեպքում, չի բացառվում, որ գոյություն ունեն նաև այլ հանգամանքներ, որոնք կարող էին նպաստել տվյալ «Ռամիլ Սաֆարով-2012» նախագծի իրականացմանը: Վերջիվերջո, պարտատոմսերի ձեռքբերումը հավանաբար գործարքի միայն երևելի մասն է: Որքան էլ «հայրենասեր» չլինի հունգարական իշխանական էլիտան, քիչ հավանական է, որ նրանք համաձայնվեին «սատանայի» հետ դաշինք կնքել միմիայն սեփական երկրի տնտեսությունը կործանումից փրկելու համար: Անկասկած, ադրբեջանական կողմը կաշառել է նվազագույնը Հունգարիայի առաջին դեմք` վարչապետ Վիկտոր Օրբանին, արտգործնախարար Յանոշ Մարտոնիին, հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ ներկայումս Հունգարիայում պետական մակարդակով փորձ է արվում վերանայել իրենց ժողովրդի պատմական ծագումը` ներկայացնելով այն որպես թյուրքական: 2010թ. երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում ֆիդեսիստների (ընդհանուր առմամբ` հունգար ազգայնականներ) հաղթանակից հետո այստեղ սկսել են առաջ քաշվել հունգարացիների և թյուրքալեզու ժողովուրդների միասնականության և եղբայրության գաղափարը: Հունգարացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` Սաֆարովի գործով Ադրբեջանին վաճառված երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, առիթը չեն կորցնում ավելորդ անգամ հիշեցնել հունգարացիների և թյուրք ժողովուրդների ընդհանուր արմատների մասին: Բացի այդ, բոլորովին վերջերս` օգոստոսի 10-ից 12-ը, Հունգարիայի թուրանիստների կազմակերպության նախաձեռնությամբ երկրում Թուրանիզմի կուրուլ թայ անցկացվեց, որին, նախնական տվյալներով, պետք է մասնակցեր 200 հազար մարդ:

Բնական հարց է ծագում, թե ինչո՞վ են պայմանավորված Հունգարիայի` թյուրքական ժողովուրդների ընտանիք մտնելու նկրտումները: Բացահայտ է, որ Հունգարիայի ղեկավարության` սեփական ժողովրդի ծագումը թյուրքական ներկայացնելու առաջնային նպատակը թուրքալեզու պետությունների հետ եղբայրական հարաբերություններ հաստատելու միջոցով արտոնյալ պայմաններով այդ պետությունների էներգառեսուրսներից օգտվելն է:

Բացի այդ, թուրքալեզու պետություններն ավելի բազմաթիվ են, քաղաքականապես ավելի մեծ ակտիվություն են դրսևորում միջազգային ասպարեզում, քան ֆիննո-ուգորա կան պետությունները (Ֆինլանդիան և Էստոնիան), ուստի թուրքալեզու պետությունների հետ բարեկամանալը Հունգարիայի համար ձեռնտու է նաև քաղաքական նկատառումներով: Հարկ է նշել, որ հունգարացիների թուրքական ծագումնաբանության մեջ հետաքրքրված են նաև հենց թուրքալեզու պետությունները, առաջին հերթին` Թուրքիան, որը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: Հասկանալի է, որ այդ գաղափարի իրականացման արդյունքում մի կողմից ընդլայնվում է թուրքական աշխարհի աշխարհագրությունը, մյուս կողմից, ստացվում է, որ ԵՄ անդամ-պետություններից մեկը թուրքական ծագում ունի:

Ինչ վերաբերում է արտահանձնմանը, կարելի է ենթադրել, որ տվյալ պարագայում Ադրբեջանի իշխանությունների ֆավորիտ Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտում ցմահ պահելը Հունգարիայի իշխանական էլիտայի համար նպատակահարմար չէր: Դա կարող էր խոչընդոտ հանդիսանալ հունգար և ադրբեջանցի ժողովուրդների նորընծա եղբայրության համար և բացասաբար ազդել երկու ժողովուրդների միջև ձևավորվող նոր հարաբերությունների վրա:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ