«ՊԱՀՈՒՄՆԵՐ» ԵՆ ԱՐՎՈՒՄ


 

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ստեփանավանում 16 հազար դրամ ստացող շատ նպաստառուներից «պահումներ» են կատարվում: Եվ դա արվում է բավական հետաքրքիր «մեխանիզմով».

- Այս դեպքում 16 հազար դրամ նպաստ ստացող նպաստառուի 6000 դրամը սոցիալական ծառայության աշխատողները հետ են վերցնում փոստային աշխատողի միջոցով: Պահվող գումարը մատիտով գրվում է նպաստառուի վճարի կողքին: Փոստային աշխատողի կողմից նվազեցված նպաստը վճարելուց հետո մատիտի նշումները ջնջվում են սոցիալական ծառայության հսկիչների կողմից: Փորձաքննության դեպքում այդ ջնջումները արագ կարելի է հայտնաբերել,- ասել է Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուներից մեկը` Վարդան Գրիգորյանը:

Գիտենք, որ շատ տեղերում, պատճառաբանելով, թե սոցծառայությունը «լավություն» է անում` նպաստառուներից ինչ-որ գումարներ են վերցնում: Բայց այս դեպքում գործ ունենք բավական արտառոց փաստի հետ, քանի որ 16 հազարից 6 հազարը նկատելի գումար է: Այս տեղեկությունը ճշտելու համար մենք զանգահարեցինք սոցիալական ծառայութ յան Ստեփանավանի գործակալություն: Տեղեկանալով, որ խմբագրությունից է, մեզ պատասխանող երիտասարդ աղջիկը հերքեց այս տեղեկությունն ու ավելացրեց, թե իրենք աշխատում են օգնել բոլորին, ամեն ինչ անել, որ մարդիկ չդժգոհեն: Մի քիչ ոգևորվեցինք` հերքումը լսելով, սակայն ավելի վստահ լինելու համար զանգահարեցինք մեզ ծանոթ ստեփանավանցիներին: Նրանք, իհարկե, 6 հազար դրամի մասին ոչինչ չասացին, սակայն հաստատեցին, որ նպաստը բաժանող փոստատարներն իսկապես ինչ-որ «պահումներ» են անում` բացատրելով, թե դա արվում է սոցիալական ծառայության գործակալությունից եկող հրահանգներին համաձայն…

Բոլորս ենք հիշում այն սկանդալային իրավիճակը, որը բացահայտվել էր կենսաթոշակային հիմնադրամում` «մեռած հոգիների» առնչությամբ: Շատ մեծ գումարներ վերադարձ վեցին պետական բյուջե, պաշտոնանկություններ եղան, սակայն շատ գործակալություններում շարունակում են իրենց արատավոր գործելաձևը` այսպես «մտնելով» մարդկանց գրպանները, առավել լարելով սոցիալական իրավիճակը:

Անշուշտ, դժվար է հաճախ բացահայտել «պահումների» փաստերը, քանի որ շատ նպաստառուներ վախենում են ասել ճշմարտությունը: Բայց, ցանկության դեպքում` երևույթի դեմ պայքարի ձև էլ կա, որը կարող է կանխել շատ ապօրինություններ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է բանկային քարտերով վճարումներին: Այս դեպքում արդեն ոչ ոք չի հանդգնի «պահումներ» անել, հարստանալ նպաստառուների հաշվին: Գուցե, իսկապե՞ս, ժամանակն է, որ ներդրվի այս համակարգը: Իսկ ինչ վերաբերում է Ստեփանավանից հնչած ահազանգին, ապա լավ կլինի, եթե սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցներն, այնուամենայնիվ ստուգումներ իրականացնեն այստեղ…

Լ.Մ.