Ի հիշատակ մեծ հրդեհի


Ուրախալի իրադարձությունները դարերով տոնակատարելը` հասկանալի է, դրվատելի: Ազգի, պետության ողբերգական տարելիցներն էլ չպետք է մոռացվեն, բայց` հիշատակի խնկարկումի, խոնարհումի տեսքով: Իսկ մեծբրիտանացիներն անցյալ կիրակի թատերականացված մեծ փառատոն են կազմակերպել` ի նշանավորումն թե՞ ի հիշատակ Լոնդոնի մեծ հրդեհի 350-ամյակի:

Փառատոնի կազմակերպիչները «վերակերտել» էին հրդեհը` 17-րդ դարի Լոնդոնի 120 մետրանոց կրակի բնատիպարով: Պատկերի հեղինակն ամերիկացի նկարիչ Դևիդ Բեսթն էր: Նմուշօրինակն այդ տեղադրել էին Թեմզա գետի լողացող հատուկ հարթակին և... հրդեհել: Առափնյա տարածքներից ու կամուրջներից հրդեհի տեսարանը «վայելել» են լոնդոնցիներն ու քաղաքի հյուրերը (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

350-ամյա հրդեհի տեսարանը փառատոնի գագաթնակերտն էր: Իսկ փառատոնը շատ ավելի ընդգրկուն էր բազմապիսի միջոցառումներով: Լոնդոնի թանգարանն, օրինակ, «Հրդե´հ, հրդե´հ» խորագրով ցուցադրությամբ ներկայացրել էր ֆոնդում պահպանվող` հրդեհին առնչվող իրեր: Աղետին նվիրված հատուկ ձևավորումներ էին պատրաստվել` TΖte Modern, Սուրբ Պետրոսի տաճարի և Ազգային թատրոնի համար:

Հրդեհը սկսվել էր 1666 թ. սեպտեմբերի 2-ին (կիրակի օրը)` Պադինգ-Լեյն փողոցում գտնվող հացի փռում և շարունակվել մինչև սեպտեմբերի 5-ը: Այրվել էին 13.500 տներ` անօթևան դարձնելով 70 հազար լոնդոնցու: