ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ


Ու՞ր է կորել մեր արժանապատվությունը: Եկեք մի պահ փորձենք առանց ձևականությունների նայել իրար երեսի ու հասկանալ` ինչ ենք անում առանց այդ էլ ցավերից հոգնած մեր հայրենիքի համար:

Անխոս հայրենի ջուրն ուրիշ է, հողը, օդը, երկինքը, հայոց լեռնաշխարհը, մարդիկ... Մարդկային հոգին կարծես այստեղ հանգստություն է գտնում: Բայց, դժբախտաբար, հայորդիներից ու հայուհիներից ոմանք կարծում են, թե օտար երկրներում ապրելն ավելի լավ է: Մեկը մյուսի հետևից հեռանում են` թողնելով տուն, ընկերներ, հարազատներ, հիշողություններ: Գնում են` ծառայելու օտարին, իսկ որպես արդարացում, նշում են, որ արտասահմանում աշխատանք գտնելն ու գումար վաստակելն ավելի հեշտ է... Հայաստանից դուրս գալով էլ, ասես, ավելի հայրենասեր են դառնում: Ամպագոռգոռ բառերով գրված նամակներ, ազգային ողբ, պայքարելու կոչեր:

Մի փոքրիկ հիշեցում մեր օտար հողում ապրող եղբայրներին. եթե շարունակենք այսպես սիրել մեր հայրենիքը, ցավոք, Հայաստանում այլևս մարդ չի մնա: Սիրել մայր հողը նշանակում է` ապրել ու շենացնել այն: Հայրենասեր լինել նշանակում է` հպարտանալ ազգային արժեքներով, սերունդներ տալ, ովքեր կդաստիարակվեն հայկական ոգով, նշանակում է պայքարել հայրենիքում, այլ ոչ թե հեռուներից::

Հեռվից հայրենասեր լինելը շատ հեշտ է: Հիշենք Վազգեն Սարգսյանի պատգամը.

- Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, ոչ էլ հեռադիտակով դիտվող երկիր է. սա համընդհանուր սիրո երկիր է, որի մայրաքաղաքը սկսվում է հենց խրամատից:

Աշխատենք սիրել ու գնահատել իրար, համախմբվենք Հայաստանում` ի նպաստ Մայր Հայրենիքի, որպեսզի տարիներ հետո չամաչենք նայել մեր զավակների աչքերին:

Անի ԱՎԱԳՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 2-րդ կուրս