ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՔՈ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

ՋԻՎԱՆԻ-170

Այս հոբելյանը անտարբեր չէր կարող թողնել մեզ: Ու թվում էր, թե ԱՇՈՒՂԻ վաստակին անդրադառնալու ենք արդեն բոլորին հայտնի նրա կենսագրության որոշ դրվագներով, սակայն, հուրախություն մեզ ու ընթերցողի` խմբագրությանը տրամադրվեց այս հարցազրույցը` Ջիվանու դստեր` Հռիփսիմեի թոռ Ջիվան ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

- Ջավախքում 1984-ից յուրաքանչյուր տարվա հունիսյան վերջին շաբաթ օրը հռչակվել է Ջիվանիական: Բավական հետաքրքրական ձևով է տեղի ունեցել Ջիվանու անունը կրող համաժողովրդական երգի տոնի հիմնադրումը. 1984 թ. «Ջավախք» գրական խմբակի մի խումբ նվիրյալներ որոշում են անցկացնել Ջիվանուն նվիրված գրական միջոցառում, որն, ինքնաբերաբար, վերածվել է համաժողովրդական տոնի: Այն ժամանակ կենդանի էր Ձեր հայրը` աշուղ Ջիվանու հարազատ թոռ Դիզբեկ Հակոբյանը: Մի փոքր կմանրամասնե՞ք այդ տարիների իրադարձությունները:

- Ջավախքում Ջիվանին միշտ է եղել: Այն տարիներին, երբ նրան նվիրված համաժողովրդական երգի տոնը չէր նշվում պաշտոնապես, Ջավախքում պատահածդ մարդը հպարտանում էր Ջիվանիով: Հայրենի Կարծախ գյուղում բոլորն ասում են` ես Ջիվանու թոռն եմ, ծոռն եմ, բարեկամն եմ, ազգականն եմ, ինչո՞ւ, որովհետև սիրում են, որովհետև յուրաքանչյուր ջավախքցի Ջիվանուն համարում է իրենը: Դրանով մարդիկ ոչ թե ուզում են բարձրանալ դիմացինի աչքին և այլն, այլ դրանով արտահայտում են իրենց հարգանքը, և դա չափազանց գովելի ու խրախուսելի է: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պարծենալ իր մեծություններով, իր հողով ու ջրով:

Ջավախքում Ջիվանիական օրվա տոնակատարության հիմնադրման գործը նախաձեռնել են տեղի մտավորականները, «Ջավախք» գրական խմբակի անդամների շարքում ես կարող եմ նշել, օրինակ, Դիմիկ Բագրատունու, Մկրտիչ Քթոյանի, Գալուստ Սմոյանի և այլոց անունները: 1985 թ., երբ պաշտոնապես կազմակերպվեց Ջիվանիական երգի տոնը, կազմկոմիտեի նախագահն էր Կոմկուսի Ախալքալաքի շրջկոմի առաջին քարտուղար Ստ. Ստեփանյանը, որը և ազդարարեց Ջիվանիական օրերի բացումը: Հեշտ ու հանգիստ չի հիմնադրվել համաժողովրդական բնույթ ստացած այս տոնը: Եղել են հազար ու մեկ դժվարություններ, խորհրդային ՊԱԿ-ի ճնշումներ, Վրացական ԽՍՀ ղեկավա-րության անհանդուրժողականություն, տեղական չինովնիկների քմահաճություններ և այլն, և այլն: Չմոռանանք, որ Ջիվանին հայրենիք ու ազգ էր երգում, և վերջինիս հայրենասիրական երգերի տպագրությունն ու տարածումը բոլորովին չէր համապատասխանում խորհրդային և վրացական միջավայրի պահանջներին: Հիշենք, որ 1950-ական թթ. Ջիվանու գրքերում մեծ դժվարություններով էին տպագրվում հայրենասիրական բնույթի երգերը, և միայն հետագայում այդ գրքերը դարձան հաստափոր:

- Ջիվանու անունը կրող երգի տոնը նախաձեռնել էին մի խումբ մտավորականներ, սակայն պետք է փաստենք, որ տոնը համաժողովրդական դարձրեց նույն ինքը` հասարակությունը: Իրականում 1984 թ., երբ առաջին անգամ տարերայնորեն նշվեց Ջիվանիական օրը, «Ջավախք» գրական խմբակի անդամները Կարծախի դպրոցում կազմակերպել էին մի շատ սովորական գրական ցերեկույթ: Դպրոցի տնօրենն այդ մասին վաղօրոք տեղեկացրել էր աշխարհասփյուռ կարծախցիներին, Ջավախքի այլ գյուղերի ներկայացուցիչներին, և ահա նշված օրն այնքան մարդ էր հավաքվել Կարծախում, որ դպրոցական գրական ցերեկույթն ինքնին վերածվեց բացօթյա տոնակատարության:

- Այո, 1984-ին այդ ամենը տեղի ունեցավ ինքնաբուխ, իսկ արդեն մյուս տարի` 1985 թ., որոշվեց պաշտոնականացնել տոնը: 1985 թվականն էր: Երեկոյան կողմ մեր դուռը ծեծեցին. մի անծանոթ մարդ էր. ասաց` լսել է, որ այս տանն ապրում է Ջիվան անունով մեկը: Ասացի` ես եմ: Հարցրեց, թե ինչ ի՞նչ կապ ունեմ աշուղ Ջիվանու հետ: Լսելով, որ հայրս հարազատ թոռն է, այցելուն, որ Ջավախքի մշակութային-հասարակական հայտնի գործիչ Դիմիկ Բագրատունին էր, ուրախացավ: Հետո ասաց, որ Կարծախում նախաձեռնել են Ջիվանուն նվիրված մեծ միջոցառում, որ անցյալ տարի չեն իմացել մեր տեղը, չեն կարողացել հրավիրել, իսկ այդ տարին արդեն պաշտոնական բնույթ ստացած միջոցառմանը ցանկանում են, որ մենք` Ջիվանու ժառանգներս, անպայման այցելենք Ջավախք:

Մի քանի օրից Դ. Բագրատունին կրկին այցելեց, վերջնական օրը հաստատված էր արդեն: Վերջինս մեր այցելության համար անգամ ուղղաթիռ առաջարկեց. ուզում եմ ասել կազմակերպիչները շատ մեծ կարևորություն էին տալիս մեր մասնակցությանը:

- Ջիվանին, ինչպես և Վ. Տերյանը, ներկայացվել է տխուր, խեղճ, կարծես դարդերի տակ կքած մի աշուղ, այդ տեսքն ունեն նաև հուշարձաններից շատերը, այնինչ, Ջիվանին իրականում եղել է հզոր և´ հոգով, և´ ֆիզիկապես, ունեցել է հպարտ, հաղթական տեսք, մեկ բառով` Ջիվանին եղել է ոգեղեն անձնավորություն. այնպես, ինչպես նրա հայրենաշունչ երգերը: Ժամանակը չէ՞ Ջիվանուն ներկայացնել այնպես, ինչպիսին եղել է:

- Մենք վարչապետ Ա. Մարգարյանի օրոք նախաձեռնեցինք Ջիվանու հուշարձանի տեղադրումը ներկայիս Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մ. Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակում: Պուրակը, որն այսօր կրում է Միսաք Մանուշյանի անունը (իսկ ժողովուրդն այն անվանում է Մաշտոցի այգի), մենք որոշել էին անվանակոչել Ջիվանու անունով: Պուրակում նախատեսվում էր ստեղծել բացօթյա մի միջավայր, որտեղ կիրականացվեին աշուղական տարբեր միջոցառումներ, հանդեսներ, ավանդական մեջլիսներ, կհնչեր աշուղական երաժշտություն, ավանդական հանդիսույթներում կձեռնադրվեին աշուղներ, մարդիկ կներկայանային, կդիտեին, սուրճ կխմեին: Մենք պուրակում նախատեսել էինք նաև տաղավարների տեղադրում, որոնցում կցուցադրվեին և կներկայացվեին մեր հին ազգային նվագարաններն իրենց պատմություններով, տարեթվերով, կներկայացվեին նաև այն բոլոր նշանավոր մարդիկ, ովքեր նվագել են էդ գործիքներով: Այս ծրագիրը լինելու էր «Հին Երևանի» շարունակությունը: Ա. Մարգարյանն ամբողջությամբ նվիրվեց էս գործին, մենք ունեցանք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պատրաստե ցինք նախագծերը, հայտարարվեց մրցույթ, եղան հաղթողներ: Հիմա կան այդ բոլոր թղթերը: Մեծ աշխատանք կատարվեց, քանդակագործների կողմից պատրաստվեց Ջիվանու արձանի մակետը: Ինչո՞ւ հիշատակեցի այս թեման: Մենք խիստ պահանջ դրեցինք. Ջիվանու արձանը չպետք է լինի նստած և չպետք է լինի տխուր: Ջիվանու դեմքը պետք է լիներ ոչ թե հոգնած, տանջված, երկար ճանապարհ անցած մարդու դեմք, այլ` առնական, առաջ քայլող և դիմացը նայող մարդու կերպար. այնպիսին, ինչպիսին իրականում եղել է Ջիվանին: Նա շրջում էր ամբողջ Արևմտյան Հայաստանով ու ողջ Կովկասով, կյանքի էր կոչում որբախնամ և բարեգործական նախաձեռնություններ: Ի վերջո` տխուր, կյանքից հրաժարված մարդը դժվար թե հորիներ պայքարի ու մարտաշունչ երգեր, դժվար թե հանդես գար «սուրբ Ավետարանը ծալեցեք, հայե´ր, ինքնապաշտպանության գրքեր կարդացեք» կոչ-պատգամով:

- Երևի խորհրդային շրջանի պահանջներն էին այդպիսին: Պատահական չէ, որ նրա հայրենաշունչ երգերը չեն ներառվել մի շարք հրատարակություններում: Բայց դառնանք Ջիվանու հուշարձանի տեղադրման և պուրակի անվանակոչության խնդրին. ինչո՞ւ իրականություն չդարձավ այդ ամենը:

- Դա, կարելի է ասել, իրականացավ: Անգամ էնտեղի սրճարանների տերերն էին համաձայնվել, իրենք էլ էին մասնակցում ծրագրին: Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ բիզնես անկյուն չենք կառուցում, և սրճարանատերեն էլ կարող էին մարդկանց սուրճ մատուցել և շահույթ ունենալ: Մեզ համար կարևորն այն էր, որ Ջիվանին հայոց մայրաքաղաքում մի հուշարձան ունենար, որը չկա այսօր: Հյուրերս հաճախ հարցնում են, թե որն է պապիկի անունը կրող փողոցը, և ես նրանց տանում եմ Հարավ-արևմտյան թաղամասում. տների արանքում գտնվող մի միջանցիկ փողոց է, որտեղ հնարավոր չէ ոչ արձան տեղադրել, ոչ էլ, առավել ևս, պուրակ հիմնել: Մենք լուսահոգի Վահան Զատիկյանի հետ քննարկեցինք, թե ինչպես կարող ենք էդ փողոցը մի քիչ գեղեցկացնել, մի քիչ ծառապատել, որ կարողանանք Ջիվանու արձանը տեղադրենլ: Ինքն էլ ոգևորվեց, որոշեցինք այդ ուղղությամբ աշխատել: Բայց ախր էնպիսի մի փողոց է, որ էնտեղ գործնականում ոչ մի բան անել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է Մաշտոցի պողոտայի պուրակին` Ա. Մարգարյանը մահացավ, ես սրտային խնդիրներով հիվանդացա, և գործը մնաց կիսատ:

- 2016-ը հոբելյանական է. լրանում է մեծ աշուղի ծննդյան 170-ամյակը: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և բազմաթիվ բարերարների աջակցությամբ հայրենի Կարծախ գյուղում` աշուղի պապենական տան հենքի վրա, հիմնադրվեց Ջիվանու տուն-թանգարանը և կից ցուցասրահը: Ջավախահահայությունը, բացի Վ. Տերյանից, ունեցավ իր ծոցից ծնված ևս մեկ հռչակավոր հայորդուն պատշաճորեն ներկայացնող ուխտավայր:

- Հրաշալի նախաձեռնություն է: Գիտեք, հիմա տեխնիկայի զարգացումը մեզ թույլ է տալիս շքեղ պալատներ կառուցել, բայց մենք ուզում ենք վերապրել Ջիվանու ժամանակաշրջանը, տեսնել էն ամենը, ինչը պատկանել է կամ հիշեցնում է Ջիվանուն. դա է գերում մեզ, դա է արժեքավորը: Ջավախք ուղևորվելիս` ինձ մի երազանք է ուղեկցում` մտնեմ մեր պապենական տունը, մի լավ մածուն ուտեմ, դուրս գամ, պապիկիս հոտն առնեմ: Երբ ձեռքս դնում եմ ներսի պատերի քարերին, ջերմություն, հպարտություն եմ զգում, ինձ բախտավոր եմ համարում, որ պապիկիս հետ եմ: Ես ուզում եմ տեսնել էն միջավայրը, որտեղ մանուկ Ջիվանին կանգնել, նայել է, թե ինչպես է մայրը արտասվաթոր աչքերով հեռանում իրենից: Թող հանգստի վայրերը շատ լինեն, հյուրանոցներ լինեն, ճանապարհները գեղեցիկ լինեն, բայց մի փոքր հեռու լինեն, որ ջիվանիական միջավայրին չխանգարեն:

- Այսօր ի՞նչ կուզենար ասել Ջիվանին հայ ժողովրդին` իր Ջիվանի ծոռան միջոցով:

- Ինձ թվում է կասեր` սիրե´ք հայրենիքը, ամեն ինչ եկող-գնացող է, հայրենիքն է քո անցյալը, ներկան և ապագան…

Հարցազրույցը վարեց պ.գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ