1 միլիարդ եվրո` 6 հեկտարի համար


Չէ˜, պետական հողերի առքուվաճառքի մասին չէ խոսքը, այլ` առափնյա գիծը դեպի ծով խորացնելու միջոցով փոքրիկ մի պետության տարածքն արհեստականորեն ընդլայնելու:

Ֆրանսիական Bouygues grouΘ ընկերությունն անցյալ շաբաթ հայտարարեց, որ սկսել է Մոնակոյի տարածքն ընդլայնելու աշխատանքները:

-Կառուցապատման աշխատանքների ընդհանուր արժեքը շուրջ 1 միլիարդ եվրո է,- տեղեկացրել է ընկերությունը:

Ֆրանսիայի հարավ-արևելքում` Միջերկրականի ափին գտնվող գողտրիկ այս իշխանապետությունը ընդամենը 1,95 կմ2 տարածք ունի: Սակայն դա չի խանգարել` աշխարհի լավագույն առողջավայրերից մեկը լինելու համբավը վաստակելու: Ու ահա Մոնակոն փոքր-ինչ դեպի ծով է «գնալու». կկառուցվի ամբար` շրջապատված բետոնե սեղանակերպ հեծաններով` յուրաքանչյուրը 26 մետր բարձրություն և 10 հազար տոննա զանգվածով:

Նոր տարածքում նախատեսված են բնակելի տներ` 60 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով, կընդարձակվի նաև «Գրիմալդի Ֆորում» համերգասրահը: Կկառուց վեն ավտոկայանատեղեր, զբոսայգիներ ու պարսպապատ լողափ:

Նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչև 2025 թվականը: Այդժամ Մոնակոյի տարածքը ներկայիս 202 հեկտարից կաճի ևս 6 հեկտարով:

Ասում եք` 202 հա-ն ի՞նչ մի տարածք է. հիշեցնենք, որ առևտրին, միջազգային զբոսաշրջությանը զուգընթաց` այստեղ զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, քիմիական, ճշգրիտ մեքենաշինության, սննդի և այլ ճյուղեր: Եվ` 1950-ականներից ի վեր երկրի ամբողջ տարածքում արգելվել է հրազենի օգտագործումը: Այդ օրենքը սոսկ քաղաքացիների ապահովության նպատակով չի ընդունվել: Խնդիրն այն է, որ հրազենից ցանկացած ուղղությամբ կրակելու դեպքում գնդակը կարող է թռչել ու հատել այլ պետության սահման, ինչն արդեն միջազգային աղմուկի պատճառ է: