ԹՆՋՈՒԿ

Սոցիալական խմբին պատկանող հիվանդը` սեփական գրպանի ու Աստծո հույսին

Բազում են դեպքերը, երբ քաղաքացիները դիմում եմ պոլիկլինիկաներ դեղորայք ստանալու, սակայն դրանք կամ սպառված են լինում, կամ տվյալ պահին չեն լինում: Եվ հիվանդները կրկին ստիպված են լինում սեփական գրպանից վճարել անհրաժեշտ դեղամիջոցի գինը: Այս ամենի մասին որքանո՞վ են տեղեկացված ոլորտի քաղաքականություն մշակողները, և կա՞ արդյոք հետադարձ կապ, կամ հաշվարկի մեխանիզմ` հասկանալու համար, թե իրենց մշակած քաղաքականությունը որքանով է կենսունակ կամ պիտանի: Իրականում բուժհաստատություններից առաջնային օղակը` պոլիկլինիկաները, որոնց պարտականությունն է հիվանդի բուժման հարցերը կազմակերպելը, իրականում աշխատում են Առողջապահության նախարարության մշակած քաղաքականությամբ, սակայն պատասխանատու են տեղական մարմինների առողջապահության վարչություններին: Եվ արդյո՞ք այստեղ «փչացած» հեռախոսի էֆեկտով հիվանդի խնդիրները չեն մնում թղթի վրա:

Այս և այլ հարցերի մասին է զրույցը Առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Օրերս «Ավագարդ»-ի խմբագրություն էր դիմել Արցախյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Ս. Խ.-ն, ով, ունենալով բազում առողջական խնդիրներ, այդ թվում շաքարային դիաբեդ, սրտի խնդիրներ և այլն, արդեն մի քանի տարի է` չի կարողանում իր հասանելիք դեղորայքը ստանալ այն պոլիկլինիկայից, որտեղ հաշվառված է: Նա ասում էր, որ ոտքի վրա մնալու և առողջական վիճակն է´լ ավելի չվատթարանալու համար իր գրպանից ամսական մոտ 100 հազար դրամի դեղ է գնում դեղատներից, որն ընտանեկան բյուջեին լուրջ հարված է: Զարմանալին այն էր նաև, որ մայրաքաղաքի թիվ 12 պոլիկլինիկայի իրեն բուժող բժիշկն, ամենայն հավանակությամբ այդ ամենին տեղյակ լինելով, բավականին «սիրահոժար» և գուցե նաև իրեն ապահովագրելու համար, իր հիվանդին տրամադրել էր տեղեկանք: Դրանում սևով սպիտակի վրա գրված էր, որ` Ս. Խ.-ն հրաժարվում է ստանալ շաքարային դիաբեդի և զարկերակային հիպերտոնիայի բուժման համար պոլիկլինիկայի կողմից տրամադրվող դեղերը` պատճառաբանելով, որ դրանք իրեն չեն օգնում:

Անշուշտ հասկանալի է, որ պետպատվերի շրջանակներում յուրաքանչյուր անհատի բուժումը կազմակերպելու ժամանակ կարող են Առողջապահության նախարարութ յան կողմից հաստատված դեղորայքի ցանկից շեղումներ նույնպես լինել: Բուժհիմնարկի անձնակազմը, որևէ այլ լուծում չառաջարկելով, կարո՞ղ է հանգիստ խղճով և սիրահոժար նման տեղեկանք տրամադրել: Համաձայնեք, որ ոչ միայն անմարդկային, այլև անհասկանալի արարք է: Անհասկանալի է և այն պատճառով, որ նման դեպքեր, որը կարելի է ֆորս-մաժորային համարել, կարող են ոչ միշտ լինել: Եվ, բնականաբար, նման դեպքերի համար նույնպես պետք է որ ոլորտի պատասխանատուները ֆորսմաժորային լուծումներ առաջարկեն, ինչը, սակայն, այս դեպքում չի արվել:

- Ընդհանուր առմամբ ԱՆ-ը զբաղվում է ոլորտի քաղաքականությունը մշակելով և պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի ցանկում այն դեղամիջոց ներն է կարողանում ներառել, որոնք ավելի մատչելի են: Կա՞ արդյոք հետադարձ կապ պոլիկլինիկաների հետ, և ճշգրտվում է, թե ձեր կողմից հաստատված դեղամիջոցները որքանով են արդիական, արդյո՞ք բավարար են հիվանդների բուժումը պատշաճ կազմակերպելու համար: Այլ կերպ ասած` լրացուցիչ ուսումնասիրություն կատարու՞մ եք ձեր աշխատանքի արդյունավետությունը ստուգելու համար:

- Նախ նշեմ, որ խմբագրություն դիմած անձը ձեռք է բերում ինսուլինի այն տեսակը, որը պետությունը չի տրամադրում: Ես դեռ հարցն ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, ուստի նրա հետ կապված հարցերին կպատասխանեմ ավելի ուշ` և´ հիվանդի, և´ նրա բուժումը կազմակերպող բժշկի հետ հարցը քննարկելուց հետո: Բայց նշեմ, որ մենք ինսուլինով ապահովում ենք բոլոր հիվանդներին` առանց բացառության: Ինչ վերաբերում է դեղի ապահովմանը, ապա այն կազմակերպվում է կառավարության կողմից հաստատված որոշման համաձայն, որով ամրագրված է, թե ո՞ր դեպքերում և ո՞ր հիվանդներն իրավունք ունեն արտոնյալ կամ անվճար պայմաններով դեղեր ստանալ:

- Դա այն է, ինչ կա թղթի վրա, սակայն հետաքրքիր է, թե թղթից մինչև գործողություն ի՞նչ տեղեկություն է Ձեզ հասնում, և արդյո՞ք կարողանում եք պարզել, թե թղթի վրա ամրագրված դրույթները որքանով են կիրառվում պրակտիկայում, կամ առհասարակ կիրառվու՞մ են, թե` ոչ:

- Մենք իրավասու ենք միայն ԱՆ կողմից ձեռք բերված դեղերի մոնիթորինգ իրականացնել և ունենք տեղեկատվական բազա, որտեղ եռամսյակը մեկ ամփոփում ենք հիվանդների դեղերի ծախսը, մնացորդը, որի հիման վրա իրականացնում ենք հաջորդ եռամսյակի համար դեղերի ստացումը:

- Հետադարձ կապ ասելով` ես նկատի ունեի կապը հիվանդների հետ. արդյո՞ք ուսումնասիրում եք, թե իրականում հիվանդներից ովքեր հնարավորություն ունեցան օգտվել պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցներից, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ պոլիկլինիկաները հիվանդին մի քանի օր տանել-բերելուց հետո ասում են, որ դեղը վերջացել է և «խորհուրդ» են տալիս դեղատներից այն ձեռք բերել:

- Մենք պոլիկլինիկաներում ունենք հատուկ հարցաթերթիկներ, որտեղ հիվանդները նշում են, թե ինչ դեղեր են ստացել, ինչը չեն ստացել և այլն: Ամեն մի հիվանդին բուժող բժիշկն է նշանակում կատարում և գուցե կան հիվանդներ, ովքեր, իրոք, չեն օգտվում մեր կողմից տրամադրվող դեղերից, որովհետև իրենց դա չի օգնում:

- Պոլիկլինիկաներն աշխատում են ԱՆ կողմից մշակած քաղաքականությամբ, սակայն, ենթարկվում են տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան վարչությանը: Ստացվում է` երկու տիրոջ «ծառաներ» են, և բնական է, որ Ձեզ ուղարկվող հաշվետվությունները բավական «հղկված» և «մշակված» են տեղ հասնում: Ի՞նչ եք կարծում, Ձեզ տրամադրվող տեղեկությունը մո՞տ է իրականությանը:

- Այն հիվանդները, ովքեր մեզ են դիմում, մենք անմիջական կապ ենք հաստատում և փորձում ենք պարզել խնդիրները: Ես վստահեցնում եմ, որ բոլոր այն դեղամիջոցները, որոնք հաստատված են Առողջապահության նախարարի հրամանով, տրամադրվում են պոլիկլինիկաներին, և նրանք այդ դեղամիջոցները չտրամադրել չեն կարող: Այն դեպքերում, երբ հատուկ սոցիալական խմբերի ներկայացուցիչներին այլ դեղորայք է հարկավոր լինում, պոլիկլինիկաները պետք է ստեղծեն հանձնաժողով և հանձնաժողովի եզրակացությամբ պարտավոր են տվյալ դեղամիջոցը տրամադրել հիվանդին:

- Բացառում ե՞ք, որ պոլիկլինիկաներում կարող են դեղերը ստանալ, բայց հասցեատիրոջը չհասնեն: Այսինքն` ինչ քաղաքականություն էլ մշակեք, դրանից հիվանդը չի կարողանում օգտվել մեկ այլ օղակի կամայականությունների պատճառով: Մեկ հիվանդ բողոքում է, բայց տասը չեն բողոքում, իսկ բոլորս էլ գիտենք, թե ինչքան շատ են դժգոհությունները: Պատկերացրեք, թե հեռավոր մարզերում ինչ իրավիճակ է: Էլ չենք ասում, որ շատ հաճախ նաև խախտվում են դեղերի պահպանման պայմանները:

- Բացի պետպատվերով տրամադրվող դեղերից, մենք մարդասիրական նվիրատվություններ նույնպես ստանում ենք, որի մասին տեղեկությունը տեղադրվում է մեր նախարարության կայքում: Բազմաթիվ հիվանդներ ունենք, ովքեր օգտվում ենք այդ դեղերից և անընդհատ մեզ հետ կապի մեջ են: Եվ չեմ կարծում, որ պոլիկլինիկաները անվճար տրամադրվելիք դեղերը չհատկացնեն հիվանդներին:

- Տեսականորեն` այո, բայց իրականում...

- Պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի ցանկը փակցված է պոլիկլինիկաներում, և հիվանդը իրազեկվում է այդ մասին: Եվ վերջապես, եթե հիվանդը խնդիր է ունենում պոլիկլինիկաներում, զանգահարում է մեր թեժ գծին, և մենք ինքներս պարզաբանում ենք, թե ինչ խնդիր կա: Դա մեր պարտքն է և շատ ուրախ ենք լինում, եթե կարողանում ենք քաղաքացուն օգնել:

***

Այսքանով մենք փորձեցինք ներկայացնել, թե իրականում ինչպես պետք է իրականացվի առաջնային օղակում` պոլիկլինիկաներում բուժում ստացող սոցիալական այս կամ այն խմբին պատկանող հիվանդներին դեղորայք տրամադրելու կարգը: Սակայն ընդգծենք, որ դրանք շատ հաճախ խախտվում են մի քանի պատճառներով, որոնցից ամենագլխավորը քաղաքացիների անիզարեկությունն է:

Ինչ վերաբերում է խմբագրությանը դիմած քաղաքացու խնդրին, ապա հարցն այսքանով փակված չէ և առաջիկայում մենք կանդրադառնանք նրա հանդեպ պոլիկլի նիկայի կողմից ցուցաբերած թե´ մասնագիտական և թե´ մարդկային վերաբերմունքին, որի պատճառով էլ քաղաքացին ստիպված է եղել հրաժարվել իրեն սպասարկող պոլիկլինիկայի ծառայություններից` գերադասելով սեփական գրպանի հաշվին պայքարել ողջ մնալու և գոյությունը մի կերպ պաշտպանելու համար:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ