ՔՎԵԱՃՈՒՐԴ

ԻՍԿ ԻՆՉՈՒ` Ո´Չ

Այո´, մեզանում խոսքի ազատությունը լիարժեքորեն կայացած է, և ընտրակաշառքների մասին խոսվում է բացեիբաց: Բայց քանի որ ցանկացած կաշառք հետապնդելի է օրենքով, և որպեսզի մեր հակակոռուպցիոն հանձնաժողովը լրացուցիչ հոգսեր չունենա, առաջարկում ենք օրինականացնել «փող` քվեի դիմաց» պրակտիկան:

Ընտրական նոր փուլն է առջևում: ՏԻՄ-ընտրությունները փորձաքար են դառնալու 2017-ի խորհրդարանականի համար: Եվ նորից սկսվում է այն «արդեն տեսել եմ»-ը (հիմա դրան դեժավյու են ասում), որը կոչվում է քարոզարշավ-ընտրավազք-ընտրություն: Մեկ բառով` ընտրապայքար: Հետո բուռն ինքնագովեստներ են հնչելու, խոստումների պարկեր են թափվելու, նախորդ քարոզարշավներնց հետո գրողի… ներողություն, արհամարհանքի ծոցն ուղարկված մարդիկ նորից «սիրելի ընտրող» են դառնալու: Ու քանի որ այս ամենը բազմակի դեժավյու է, ոչ մեկը նորից չի հավատալու «ազգափրկիչներին» ու նրանց գովերգող մունետիկներին, խոստումների պարկերն էլ, ամեն անգամվա պես, պարզվելու է, որ օդում ցնդող փոշեհատիկներով էին լցված: Ամենաիրատեսը դարձյալ լինելու են այն մի խումբ մարդիկ, ովքեր հաջողել են քարոզչամե քենաների ուղևոր դառնալ` որոշակի վարձատրության դիմաց: Նրանց շարքերում մի «խավ» էլ կա` ընտրակաշառք բաժանողները, ովքեր արդեն փորձառու են այնքան, որ միամիտ մեղր ծախողի նման ոչ թե միայն մեղրից թեթևակի քաղցրացած մատներն են լիզելու, այլ կուշտ մեղր են ուտելու` թույլ տալով, որ մատները լիզեն մի պատառ հացի փող երազողները:

Այո´, մեզանում խոսքի ազատությունը լիարժեքորեն կայացած է, և ընտրակաշառքների մասին խոսվում է բացեիբաց: Բայց քանի որ ցանկացած կաշառք հետապնդելի է օրենքով, և որպեսզի մեր հակակոռուպցիոն հանձնաժողովը լրացուցիչ հոգսեր չունենա, առաջարկում ենք օրինականացնել «փող` քվեի դիմաց» պրակտիկան: Ինչպե՞ս: Շատ պարզ. հայտարարվում է աճուրդ` 1 քվեի դիմաց և, բնականաբար, հաղթում է ամենաբարձր գին խոստացող թեկնածուն և թեկնածու թիմը: Այս դեպքում կարելի է նաև ընտրատեղամասերի ծախսերը կրճատել կամ վերացնել: Ավելին, կարելի է դիցուք 10 %-ի չափով հարկել քվեի դիմաց վճարվող գումարները: Էլ ո´չ պառակտում կլինի, ո´չ վերահսկիչների կարիք:

Կասեք` բա նույն գումարի դիմաց ընտրողը ո՞նց կողմնորոշվի, թե ում տա ձայնը: Դա արդեն ընտրվողների խնդիրն է. թող իրար մեջ համաձայնության գան, ճիշտ դերաբաշխում անեն և գոհանան, որ տարբերակում չեն դրել ընտրողների մեջ, ազնիվ ճանապարհով ձայն են գնել: Ամենակարևորը` կբացառվի «մի թեկնածուից փող վերցնել, մյուսին ընտրել» դավա-դրությունը: Իսկ ամենա-ամենակարևորն այն է, որ ոչ մի քաղաքացի այլևս պահանջներ չի´ ներկայացնի, չի´ կարողանա ասել` «Ես քեզ ընտրել եմ, որ…»: Ի՞˜նչ ընտրել: Նրանցից յուրաքանչյուրն իր ձայնն է վաճառել` ինչպես միշտ: Այս անգամ պարզապես` թափանցիկորեն:

Հա, սկզբի համար հնարավոր կլինի, որ աճուրդի սակագները սահմանեն ընտրվել ցանկացողները: Հետո գուցե ժողովուրդն ուշքի գա և պահանջի, որ ի´նքն է որոշելու իր ձայնի արժեքը: Դա կլինի շա˜տ հետո, երբ առաջիկա ընտրությունների գնացքն արդեն մեկնած կլինի: Իսկ մինչև հաջորդ ընտրություն-գնացքի գալը դեռ ժամանակ կա: Կհասցնենք մտածել: