«ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ


 

Աննահանջ ԱՍԱԼԱ-ն

Պայքարի քաղաքակիրթ մեթոդների այս անարդյունավետության պատճառով էլ 1975 թվականին կազմավորվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը` նպատակ ունենալով Թուրքիայի դիվանագետների նկատմամբ իրականացվելիք հրապարակային զինված գործողությունների միջոցով միջազգային հանրության և պատկան ատյանների ուշադրությունն այլևս ոչ թե հրավիրել, այլ սևեռել Հայ դատի հիմնախնդիրների վրա: Իսկ ԱՍԱԼԱ-ի ստեղծման ազդակը նորագույն ժամանակների հայ առաջին վրիժառուի` Գուրգեն ՅԱՆԻԿՅԱՆԻ իրականացրած գործողությունն էր (1973թ. հունվարի 27):

Ցավոք, այս բացառիկ անհատականության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ հայաստանաբնակ հայությանը: Գուրգեն Յանիկյանը մեզ ներկայացվել է որպես սոսկ կույր վրիժառությամբ առաջնորդված մի ծերունի, ինչն անարդարացիորեն ստվերում է նրա բովանդակալից կենսագրության արտասովոր ոդիսականը: Նրա ապրած ամեն օրն ու ժամը նվիրված է եղել իր ժողովրդի ողբերգության արդար հատուցման գործին: Կորովի այս հայի մեջ մեկտեղված էին իր ժողովրդին բնորոշ գրեթե բոլոր շնորհները` ցանկացած երկրում ու ցանկացած իրավիճակում արագ հարստանալու հնարամտություն, կազմակերպելու, ղեկավարելու, ծրագրեր կազմելու և մեծագույն արդյունավետությամբ դրանք իրականացնելու ձիրքեր: Նաև` գրականության, պատմության և արվեստի մի շարք ասպարեզներում ստեղծագործելու և մնայուն արժեքներ ստեղծելու տաղանդ, գիտնական-գյուտարարի օժտվածութ յուն: Թվարկված ասպարեզներում նրա ունեցած նշանակալի ձեռք բերումներն ընդամենը միջոց էին, որոնք բոլորն էլ հեղինակը անխոնջ ջանադրությամբ փորձում էր ծառայեցնել Հայոց ցեղասպանության դատապարտման գործին: Այստեղ հարկ եմ համարում երկու խոսքով անդրադառնալ Յանիկյանի կենսագրության մի քանի հատկանշական կողմերին, մանավանդ որ այն թույլ կտա առավել հավաստի պատճառաբանել ԱՍԱԼԱ-ի ստեղծման նախադրյալները:

Ծնվել է 1895-ին, Կարինում: Ութ-ինը տարեկան էր, երբ իր աչքի առաջ թուրքերը կտրում են ավագ եղբոր գլուխը: Հետագայում, Առաջին աշխարհամարտի սկզբին, Դրոյի գնդի կազմում մասնակցելով մարտական գործողություններին` ականատես է լինում ցեղասպանության բազմաթիվ ահազարհուր հետևանքների, մանուկ տարիներին ապրած հոգեկան ցնցումը նորոգվում է հազարավոր նոր տեսարաններով և այդ օրերից հոգին լցվում է վրեժխնդրության հաստատակամությամբ, ինչը և դարձնում է իր կյանքի իմաստն ու նպատակը` մինչև խորը ծերություն:

Սովորել է Նոր Նախիջևանի հայկական վարժարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Ժնևի ֆրանսիական վարժարանում, Մոսկվայի և Շվեյցարիայի համալսարաններում: Մտերիմ ընկերն է եղել Վահրամ Փափազյանի, խաղացել նրա թատերախմբում, դերասանական վարպետության շնորհիվ արժանացել Աբելյանի, Արմենյանի, Զարիֆյանի, Հասմիկի, Գուլակյանի և հայ բեմի այլ վարպետների բարձր գնահատականին, որոնք համոզում էին նրան մնալ թատրոնում` գուշակելով փայլուն ապագա: Սակայն Արևմտյան Հայաստանից ստացվող տխուր լուրերը նրան տանում են ռազմաճակատ:

Մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկնում խիզախությամբ: Հայտնաբերում և պայթեցնում է թուրքական բանակի խոշոր զինապահեստներից մեկը, ինչի համար արժանանում է Ս. Գեորգիի շքանշանի:

Մինչ կոլեկտիվացման տարիները Խորհրդային Միությունում էր և պատասխանատու դիրքեր էր զբաղեցնում տնտեսության բնագավառում: Անձամբ ճանաչել է Ստալինին, Տրոցկուն, Միկոյանին, Կալինինին և խորհրդային այլ ղեկավարների: Երբ երկրի բազմամիլիոն բնակչությունը կանգնած էր սովահարության անխուսափելի վտանգի առաջ` նրան է վստահվում Կովկասից մինչև Դոն ձգվող տարածքների 40 մլն բնակչությանը ժամանակին սերմացուով ապահովելու գործը, ինչը իրականացնում է մեծագույն պատասխանատվությամբ` վտանգելով առողջությունը: Այս անգնահատելի ծառայության շնորհիվ առավել է ամրապնդվում նրա նկատմամբ վստահությունը: Սակայն Յանիկյանն արդեն համոզվել էր, որ բոլշևիկյան ղեկավարներից Հայոց դատի համար նպաստավոր ոչինչ չի կարող ակնկալել: Եվ իր ծառայությունների դիմաց խնդրում է կնոջ հետ Պարսկաստան անցնելու թույլտվություն, ինչը, որքան էլ անհավատալի է, բավարարվում է` վավերացվելով Ստալինի և Կալինինի կողմից:

Շահական Պարսկաստանում մի քանի տարի անց, շնորհիվ իր ձեռնարկատիրական տաղանդի, արդեն միլիոնատեր էր: Կառուցում է երկրի առաջին խոշոր ստորերկրյա զինագործարանը, ինչպես նաև երկաթուղագծեր, կամուրջներ, ճանապարհներ, մայրաքաղաք Թեհրանն ապահովում է էլեկտրական լուսավորությամբ: Երկրորդ համաշխարհայինի տարիներին իր տնօրինած տարածքներից մեկը անվճար տրամադրում է ԱՄՆ-ի նախագահ Թրումենի ներկայացուցիչներին` ամերիկյան բանակատեղի կառուցելու համար, ինչպես նաև անհավատալիորեն սեղմ ժամկետում կառուցում է մինչև ԽՍՀՄ-ի սահմանը ձգվող ճանապարհը: Սա անգնահատելի աջակցություն էր դաշնակից տերությունների համար, քանզի ծովային ճանապարհով ԽՍՀՄ ուղարկվող ռազմամթերքը գրեթե ամբողջովին ոչնչացվում էր գերմանական սուզանավերի կողմից: Այս ամենը Յանիկյանն անում էր` առաջին իսկ նպաստավոր պահին իր` ցեղասպանության ենթարկված ու հայրենազրկված ժողովրդի համար հատուցում պահանջելու հեռահար նպատակով: Ամերիկյան կառավարությունը Յանիկյանին արժանացնում է շքանշանի, առաջարկում հաստատվել ԱՄՆ-ում:

Հեղինակ է յոթ գրքի, բազմաթիվ լրագրային ուսումնասիրությունների` գրեթե բոլորն էլ նվիրված իր ժողովրդի ողբերգության լուսաբանմանը և միջազգային ճանաչմանը: Գրքերը թարգմանվել են եվրոպական մի քանի լեզուներով, արժանացել գրական հեղինակավոր մրցանակների: Ընտրվել է շվեյցարական գրական միջազգային ինստիտուտի պատվավոր անդամ (երկրորդ հայը` Վիլյամ Սարոյանի կողքին):

Հայտնագործել է մի զարմանահրաշ սարք, որով հնարավոր էր որոշակի խորության ու լայնության վրա պեղել երկրի ընդերքը: Իր նվիրական նպատակին սևեռված` ցանկանում էր սարքն օգտագործել Դեյր էր-Զորի անապատներում ցրված ազգակիցների ոսկորները հավաքելու և դրանցով մարդկության խիղճը խարազանող տպավորիչ հուշարձան կանգնեցնելու համար, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները խոչընդոտում են` զգուշանալով Թուրքիայի հետ տարեց տարի ամրապնդվող «բարեկամությունը» վտանգելուց: Յանիկյանը չէր հուսահատվում, դեռ հավատում էր, որ գիտության, արվեստի, քարոզչության, ձեռներեցության ու այլ խաղաղ միջոցներով հնարավոր է հասնել իր ժողովրդի դատի արդար լուծմանը: Գրական տաղանդը, հզոր ինտելեկտը, պատմական-քաղաքական հիմնավոր գիտելիքները, կյանքի հարուստ փորձը մեկտեղելով` երկար տարիներ ծածուկ աշխատում էր մի կարևորագույն ծրագրի վրա: Իր սցենարով, իր ծախսով ֆիլմ էր նկարահանելու, որտեղ պիտի արվեստի ամենազոր ուժով ներկայացվեին թե´ եղեռնի սարսափները, թե´ այն ծնող պատճառները և թե աշխարհի հզորների լիրբ անտարբերությունն ու հանցավոր համաձայնությունը ջարդարարների հետ: Նույնիսկ մի ամբողջ գյուղ էր գնել` ֆիլմի հիմնական տեսարանների նկարահանմանը ծառայեցնելու համար: Ծրագրել էր, թե ինչպես պիտի այդ ֆիլմը ցուցադրվեր աշխարհի խոշոր քաղաքներում, բորբոքեր մարդկության ցասումը և առիթ դառնար մի նոր նյուրնբերգյան դատավարության, որտեղ պիտի լուծվեր հայության դատը: 

-Ես ուզում էի այնպիսի աղմուկ բարձրացնել, որ ոչ միայն Ամերիկան, այլև ամբողջ մարդկությունը չկարողանար անուշադիր թողնել մեր ցեղի արդար պահանջները: Ուզում էի ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքը լինելու էր հայկական Նյուրնբերգը: Ես ուզում էի այս անել` որպես իմ կյանքի վերջնական նպատակը, և կատարել պարտականությունս դեպի իմ ընտանիքի զոհերը, դեպի իմ ցեղի զոհերը և սթափեցնել Ամերիկան... Համոզված եմ, որ եթե հայկական ցեղասպանության հարցը չստանա իր արժանի լուծումը, մարդկությունը պիտի անհետանա այս երկրագնդի երեսից: Հայ ցեղը անօգնական, անտեր ժողովուրդ չէ այսօր, ինչպես էր այդ ցեղասպանության ժամանակ: Հայը կարող է սպասել և հավատալ: Բայց ներել այն կազմակերպված ջարդը, որ տեղի է ունեցել Տաճկաստանում, երբ 2 միլիոն (60%-ը ամբողջ ցեղի և 80%-ը Տաճկաստանում ապրողների) հայ ոչնչացվեց, երբե´ք, երբե´ք հնարավոր չէ,- գրում էր Յանիկյանը Սան Լուիս Օբիսպոյի բանտում:

Այդ նպատակով տարիների ընթացքում նկարել էր մոտ 20 ժամ տևողությամբ կադրեր` ներգրավելով նաև մի շարք օտարազգիների, որոնց նախնիները ևս զոհ էին գնացել թուրքական գազանություններին: Ֆիլմի համար սյուժե էր հյուսում` այդ ժամանակ թերևս չգիտակցելով, որ ամենաազդեցիկ ու պերճախոս սյուժեն իր իսկ կենսագրությունն է, որի հուսահատ վերջաբանով նոր արշալույսների հեռանկարներ պիտի ուրվագծվեին հայության համար:

Ցավոք, ֆիլմի ծրագիրը ևս փշրվեց` բախվելով թուրք-ամերիկյան հաստաբեստ տանդեմին: ԱՄՆ-ի իշխանությունները ճիշտ այս կերպ ժամանակին սաստել էին իրենց խոշոր կինոընկերություններից մեկին, որը ձեռք էր բերել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակային իրավունքները և պատրաստվում էր էկրանավորել: Անդադրում հայը գիտեր դրա մասին, բայց հույս ուներ, որ իր ֆիլմը չի արժանանա նույն ճակատագրին...

Որոշում` բոլոր զոհերի փոխարեն

Գուրգեն Յանիկյանն արդեն 78 տարեկան էր, իր որդեգրած պայքարի միջոցների արդյունավետությունը կասկածի տակ առնող մտքերը ավելի ու ավելի հաճախ էին այցելում ի րեն: Իսկ մանուկ օրերից անբաժան մի լուսանկարից սիրելի եղբոր պատկերը մեծանում, հատուցում էր պահանջում` մղձավանջով լցնելով իր գիշերները: Եվ այդպիսի մի գիշեր էլ որոշում կայացրեց:

...Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսի և փոխհյուպատոսի հետ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելն ամենևին էլ հեշտ գործ չէր: Մանավանդ` Յանիկյանն ուզում էր, որ այդ հանդիպումը տեղի ունենար ոչ թե հյուպատոսարանում, այլ դրսում` առանձին մի վայրում, որպեսզի կարողանա լիարժեք իրագործել իր ծրագիրը և, որ ամենակարևորն է, ոչ մի չնախատեսված հանգամանք վտանգ չսպառնա իր կյանքին: Նրա համար կարևոր էր ոչ այնքան բուն վրիժառուական գործողությունը, որքան հետևանքը: Իսկ ողջ մնալ պետք էր, որպեսզի դատարանում ի լուր աշխարհի բարձրաձայներ ցեղասպանության և Հայոց պահանջատիրության մասին. 

-Եվ ամեն միջոց պիտի ձեռք առնեմ, որ ձերբակալվեմ և ողջ մնամ, որ կարողանամ դատարանի առաջ գոռալ մարդկության երեսին սրտիս տենչանքը ու պահանջել արդարություն թե´ իմ ազգի և թե մեզ պես ազգերի համար:

Լոս Անջելեսում նա թուրք հյուպատոսներին ներկայանում է որպես պարսիկ մեծահարուստ` Յանի խան անունով և շահագրգռելով նրանց Թուրքիայի կառավարության համար մեծ արժեք ներկայացնող նվերներով (ժամանակին սուլթան Աբդուլ Համիդի ննջարանը զարդարած իտալացի վարպետի մի կտավ և հին թուրքական մի թղթադրամ, որի վրա տասնամյակներ առաջ հավաքել էր արևելյան երկրների տարբեր ղեկավարների շուրջ 25 ստորագրություն)` ձեռք է բերում պայմանավորվածություն հանդիպման ժամկետի և վայրի մասին:

1973 թ. հունվարի 27, Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոց: Բայց մինչ այդ էլի պարտք ուներ կատարելու: Հասցնում է այցելել Երևան և իր անձնական հավաքածուից Հայրենիքին նվիրաբերել մի քանի բացառիկ մշակութային արժեքներ, այդ  թվում` Հայոց արքաներից մեկի մատանին և Մարտիրոս Սարյանի «Արևելյան սենյակ» հայտնի կտավը, որը ժամանակին Գալուստ Գյուլբենկյանը ցանկանում էր գնել իր լիսաբոնյան թանգարանի համար, սակայն Յանիկյանը ոչ մի գնով չբաժանվեց նրանից:

Անչափ տպավորիչ է հանդիպման ընթացքը: Հյուրանոցի սենյակում հյուպատոսները ագահաբար տնտղում են խոստացված թղթադրամը, իսկ Յանիկյանը հանգիստ հայտնում է, որ ինքը հայ է` ծնված Էրզրումում: Թուրքերը փորձում են թաքցնել իրենց շփոթմունքը` ինչ-որ բաներ բարբաջելով բարեկամության և ներողամտության մասին: Յանիկյանն ավելի է առաջ գնում` հայտնելով, որ ինքը այն հայտնի ՆԵԳՐՈՒԳ-ն է, («Գուրգեն» անվան հակառակ ընթերցանությունը), որի ծանրակշիռ հրապարակումները ցեղասպանության մասին երկար տարիներ գլխացավանք էին պատճառում թուրքական իշխանություններին: Խոսում է նաև այն մասին, որ Թուրքիան որքան էլ կոծկի ու խեղաթյուրի ճշմարտությունը` վաղ թե ուշ հատուցելու է կատարվածի համար: Եվ մինչ մոլեգնած հյուպատոսները փորձում են աթոռով հաշվեհարդար տեսնել ծերունու հետ` նա գրքի մեջ թաքցրած ատրճանակով սառնասրտորեն գնդակահարում է երկուսին: Դեռևս նախորդ երեկոյան փոստով հարյուրավոր գրություններ էր ուղարկել տարբեր լրատվամիջոցներին` հայ երիտասարդությանը կոչ անելով տեր կանգնել համաժողովրդական դատին:

Հիասթափություն

Գուրգեն Յանիկյանի բռնարարքի լուրը կայծակի արագությամբ տարածվեց աշխարհով մեկ: Սփյուռքի ամբողջ հայությունը կամենում էր ամեն կերպ սատար կանգնել իր անվեհեր հայրենակցին. ստեղծվեց Յանիկյանի պաշտպանության կոմիտե, վարձվեցին փաստաբաններ, բացվեց հիմնադրամ, որի հաշվին մուտքեր էին արվում աշխարհասփյուռ հայության կողմից: Սակայն ծերունի վրիժառուին դեռ սպասում էր ամենամեծ դառնությունը, որը մատուցեցին որոշ վայ հայրենակիցներ: Շուտով նա պարզեց, որ իր շուրջը վխտացող կոմիտեականներից շատերը նորօրյա խաչագողեր են ընդամենը, որոնք հավաքվել են դրամի և իր բռնարարքի շնորհիվ համբավ ձեռք բերելու համար: Հիասթափված ծերունին հրաժարվեց բոլորից` դատարանում մեն-մենակ ներկայացնելով հայության դատը: Իսկ ամերիկյան դատարանը, տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, ամեն ինչ արեց ծերունի վրիժառուին խելահեղ ոճրագործ ներկայացնելու համար և կայացրեց ցմահ ազատազրկման դատավճիռ:

ԱԶԳԱՅԻՆ խայտառակության` նման մանրամասներին հարկադրաբար եմ անդրադառնում, քանի որ այն ուսանելի նախադեպ հանդիսացավ ֆրանսահայ համայնքի համար` «Վա ն» գործողությունն իրականացրած տղաների դատավարությանը Փարիզում պատշաճ և ըստ ամենայնի պատրաստվելու գործում: Եվ որքան զայրույթ ու հիասթափություն է հարուցում Գուրգեն Յանիկյանին խարխուլ մակույկով թուրք-ամերիկյան դաշինքի հորձանուտին հանձնելու հանգամանքը, այնքան հպարտություն ես ապրում` թերթելով «Վան» գործո ղության դատավարության արձանագրությունները, որոնք այս գրքով ներկայացվում են ընթերցողին:

Գուրգեն Յանիկյանի գործողությունն ու հղած կոչերը թունդ հանեցին հայ երիտասարդության հոգիները և մեծագույն խթան հանդիսացան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման համար: Պատահական չէ, որ կազմակերպությունը սկզբնական շրջանում կոչվում էր «Գերի Գուրգեն Յանիկյանի Խումբ»:

Տարբեր երկրների հայկական համայնքներից տասնյակ երիտասարդներ շտապեցին համալրել ԱՍԱԼԱ-ի շարքերը: Ձևավորվեցին մի շարք մարտախմբեր, որոնց պարբերական գոր ծողությունները և դրանց հաջորդած հայտարարությունները վերարթնացրեցին կորուսյալ Հայրենիքը երբևէ ետ ստանալու հայության հույսերը, սրբեցին մոռացության ու անտարբերության փոշին Հայոց ցեղասպանության վրայից, մարդկությանը մտորելու առիթ տվեցին: Աշխարհի բոլոր ծագերում միլիոնավոր մարդիկ առաջին անգամ իրենց համար բացահայ տեցին, որ եղել է Հայոց ցեղասպանություն, իսկ շատերը սկսեցին լրջորեն ուսումնասիրել այդ ողբերգությունը, ծնող պատճառներն ու հետևանքները: Ցեղասպանության թեման դարձավ լրատվամիջոցների ամենօրյա քննարկման նյութ, մուտք գործեց միջազգային պատկան ատյանների և տասնյակ պետությունների օրենսդիր մարմինների օրակարգը: Իսկ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների անընդմեջ գործողությունները մշտապես խնդիրը պահում էին առաջին պլանում: Հայկական հարցի տարածմանը մեծապես նպաստեց նաև Թուրքիայում ծայր առած խուճապը: Ցեղասպանության փաստը կոծկելու և խեղաթյուրելու հիստերիկ ջանքերը, միլիոնավոր դոլարների գնով կազմակերպված կեղծ ու պատիր քարոզչությունը, Թուրքիայում ապրող հայության հասցեին հնչող սպառնալիքները, այլ պետություններում հակահայկական տրամադրություններ ստեղծելուն միտված համառ ու լկտի սադրանքները տվեցին հակառակ արդյունքը` առավել բորբոքելով ցեղասպանության ճանաչմանը հետամուտ միջազգային շրջանակների վրդովմունքը:

«Եղիա Քեշիշյան» մարտախումբը

«Վան» գործողությունը ԱՍԱԼԱ-ի իրականացրած մարտական ձեռնարկների շարքում առավել արդյունավետներից է: 1981 թ. սեպտեմբերի 24-ին «Եղիա Քեշիշյան» անվանումը կրող չորս հոգանոց մարտախումբը (Վազգեն Սիսլյան, Գևորգ Գյուզելյան, Արամ Բասմաջյան, Հակոբ Ջուլֆայան) գրավում է Փարիզի թուրքական հյուպատոսարանը: Գրոհի սկզբում Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը ծանր վիրավորվում են, սակայն մարտախումբը համախմբվում, կարողանում է իրադրությունն իր ձեռքը պահել այնքան ժամանակ, մինչև հյուպատոսարանը պաշարած ֆրանսիական ոստիկանությունը կառավարության անունից խոստանում է կատարել նրանց պահանջը: Իսկ տղաները ֆրանսիական իշխանութ յուններից պահանջում էին քաղաքական ապաստան և, որ ամենակարևորն է, իրենց հանդեպ քաղաքական դատավարություն: Սակայն երբ նրանք հանձնվեցին` Ֆրանսիայի ներքին գործոց նախարարը հայտարարեց, որ իրավիճակից հարկադրված է այդ կեղծ խոստումը տվել: Ավելին, անձնատուր եղած մարտիկները որակվեցին քրեական հանցագործներ և ենթարկվեցին բանտային մեկուսացման: Այստեղ հարկ է նշել, որ հյուպատոսարանում եղած ողջ ժամանակամիջոցում մարտախմբի անդամներն իրենց պահել էին ասպետավայել, պա տանդներին բացատրել իրենց գործողության նպատակը, հոգացել, որ նրանց դրսից սնունդ և դեղորայք հասցվի:

Ֆրանսիական իշխանությունների նման կեցվածքը բողոքի ցույցերի մղեց ֆրանսահայությանը, ԱՍԱԼԱ-ն սկսեց սաստկացնել իր գործողությունները: Ֆրանսիան չէր ցանկանում թուրքերի հետ գլխացավանք ունենալ, այդ պատճառով ԱՍԱԼԱ-ի ղեկավարությունից պահանջում էր շրջանցել իր երկրի տարածքը` փոխարենը խոստանալով «Վան» գործողության չորս մասնակիցներին էլ առանց դատի ազատ արձակել: Սակայն ԱՍԱԼԱ-ն անդրդվելի էր. գործողության նպատակը քաղաքական դատավարությունն էր, որը և կայացավ:

ՖՐԱՆՍԱՀԱՅ համայնքը ապացուցեց, որ հաստատակամ ու հետևողական է Հայոց դատը մինչև վերջ պաշտպանելու գործում: Վարձվեցին երկրի լավագույն փաստաբանները, դատավարության ընթացքում ապահովվեց ցեղասպանությունից մազապուրծ մի քանի հայերի` դատարանում վկայությամբ հանդես գալու հնարավորությունը, որոնք իրենց սրտաճմլիկ հիշողություններով կարողացան ի լուր աշխարհի հնչեցնել հայության ցավն ու բողոքը: Դատավարության նպատակային ընթացքին իրենց նպաստը բերեցին Շառլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը, Միսաք Մանուշյանի այրին` Մելինե Մանուշյանը, այլ անվանի ֆրանսահայեր: Ակնհայտ էր նաև դատարանի նախագահի բարեհաճ վերաբերմունքը, ով դատավարության ողջ ընթացքում ներկաներին կոչ էր անում ձեռնպահ մնալ գործողությունը «ահաբեկչություն», իսկ մեղադրյալներին «ահաբեկիչ» անվանելուց: Թուրքիան ևս հանգամանորեն նախապատրաստվել էր այս դատավարությանը: Երդվյալների ատյանին հղած պաշտոնական կոշտ դիմումներից բացի դատարան էր գործուղել իր «պատմաբանին», որի կեղծ ու երկարաշունչ ճամարտակությունն արժանացավ ներկաների անթաքույց ծաղրին: Երիտասարդ մահապարտները (գործողությունն իրականացնելիս նրանցից ամենաավագը 24 տարեկան էր) ցուցաբերեցին գաղափարական-քաղաքական ապշեցուցիչ հասունություն, ապացուցեցին, որ մարտական պատրաստվածությունն իրենց կազմակերպության համար ընդամենը միջոց է, ԱՍԱԼԱ-ի յուրաքանչյուր անդամ ի վիճակի է իր ժողովրդի դատը պատվով ու մեծագույն հաջողությամբ պաշտպանել նաև դատական ատյանում: Դատավարության ամենատպավորիչ ակորդը թերևս Գևորգ Գյուզելյանի պաշտպան Լըքլերի ճառն էր, որի հիմնավորվածությունն ու փաստարկվածությունը ներդաշնակված են հուզականությամբ ու պաթոսով, հպարտություն են ներշնչում յուրաքանչյուր հայի:

«Եղիա Քեշիշյան» մարտախմբի անդամները դատապարտվեցին 7-ական տարվա ազատազրկության, ինչը նշանակում է, որ դատարանն ամենևին էլ նրանց չդիտարկեց որպես ահաբեկիչների:

«1 դեմ 10-ը կստանաք»

ԱՍԱԼԱ-ի մարտախմբերի հանդուգն գործողությունների լուրերը հասնում էին Կալիֆոռնիայի բանտում մեկուսացված Գուրգեն Յանիկյանին, հպարտությամբ լցնում նրա վիրավորված հոգին: Ծերունի վրիժառուն ընտրյալ մարտիկների մեջ տեսնում էր իրեն, իր ցանած սերմերի արդյունքը և մարգարեանում. 

- Ոչինչ չի կարող ազատել ձեզ, տաճիկներ, վայրենի արյունարբու ժողովուրդ, ստանալու այն պատիժը, որին դուք արժանի եք ձեր արարքների համար: Դա դեռ միայն սկիզբն է: Շատ բաներ դեռ տեսնելու եք: Դուք դեռ զգալու եք, թե ի՞նչ է նշանակում հայ անհատի` ձեր դեմ հայտարարած պատերազմը: Ամերիկյան զենքերով զինված ձեր բանակներն անգամ չեն կարող ձեզ պաշտպանել հայ անհատից, որ արդեն հրապարակ է եկել իր կամքով ու ցանկությամբ` վերջապես ստանալու համար ձեզանից ձեր պարտքը հայ ժողովրդին:

Ձեր վայրենի միջոցները, որ կրկին սկսել եք գործածել ձեր երկրում իմ ցեղակիցների հանդեպ, ձեզ, բացի վնասից, ոչինչ չեն տալու. 1-ի դեմ 10-ը կստանաք:

...Ֆիզիկապես ես դատապարտված եմ բանտի, բայց իմ հոգին սավառնում է ամենուրեք... 

Յանիկյանի հոգին ցնծում էր նորօրյա ազատամարտիկներով այնպես, ինչպես 1973-ին նրա արձակած պատմական կրակոցներից հուսավառվել ու ոգևորվել էր այն ժամանակ արդեն 90-ամյա Շահան Նաթալին` 1920-ականների հայ վրիժառուների (այդ թվում` Սողոմոն Թեհլերյանի) կնքահայրը, ով իր «Նեմեսիս» ծրագրով պատուհասել էր ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից ու իրականացնողներից շատերին:

Թրքական խուճապը

Ահաբեկչությունը մարդկության առաջ ծառացած խոշորագույն չարիքներից է, իսկ մեր օրերում` թերևս թիվ մեկ չարիքը: Աշխարհը լի է տարբեր նպատակներ հետապնդող ահաբեկչական խմբավորումներով, որոնք ամեն տարի մարդկությանը կանգնեցնում են մեծամեծ արհավիրքների առաջ: Եվ թուրքական քարոզչամեքենան կաշվից դուրս է եկել ԱՍԱԼԱ-ն աշխարհին որպես դրանցից մեկը ներկայացնելու համար: Թուրքիայի իշխանությունները շատ լավ էին հիշում անցյալ դարասկզբի ֆիդայական խմբերը, որոնք աներևակայելի մարտունակությամբ ահուսարսափի մեջ էին պահում ցեղասպան զորաբանակներին: Նրանք շատ լավ հասկանում էին, որ սահմանափակ թիվ կազմող ասալայականները` վերածնված Անդրանիկները, Սերոբներն ու Գևորգներն են: Սակայն չէին ուզում հավատալ ու խոստովանել, որ այդ մի բուռ քաջորդիները ցնցեցին աշխարհը, ստիպեցին հաշվի նստել իրենց հետ, իրենց ժողովրդի դատի հետ: Իր անասնական խուճապի մեջ թուրքական քարոզչությունն այն աստիճանի լրբացավ, որ ԱՍԱԼԱ-ի համար մոգոնեց ամենաանհավանական հովանավորների` է´լ ԱՄՆ ու ԽՍՀՄ, է´լ Պաղեստին ու Իսրայել, չգիտեմ ինչ զահրումար... Երանի Անդոկի փեշերին ժողովի հավաքվող մեր ֆիդայիներն այս երևակայությունն ունենային... Նման հովանավորներ էին վերագրվում այն կազմակերպությանը, որին նույնիսկ մեր ավանդական կուսակցությունները խուսափեցին աջակցել:

Իր մարտախմբերի յուրաքանչյուր գործողությունից հետո ԱՍԱԼԱ-ն, որպես կանոն, ստանձնում էր պատասխանատվությունը և հանդես գալիս հերթական հայտարարությամբ` համաշխարհային հանրությանը հիշեցնելով ու վերհիշեցնելով իր նպատակը, այն է` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Թուրքիայի կողմից զավթված տարածքների վերադարձ իրենց իրավական տերերին: ԱՍԱԼԱ-ն իր մարտիկներին ընտրում էր ամենայն բծախնդրությամբ: Նրանք ոչ միայն ֆիզիկական, մարտական, այլ նաև գաղափարական հիմնավոր պատրաստություն էին անցնում, որպեսզի գործողությունից հետո ողջ մնալու և դատարանի առաջ կանգնելու պարագայում կարողանային ըստ ամենայնի ներկայացնել Հայ դատը:

Ահա մի հատված Գևորգ Գյուզելյանի ինքնապաշտպանական խոսքից.

- Ինչ դատավճիռ էլ որ դուք կայացնեք, մեր գործողությունն ինքնին հաղթանակ է հայ ժողովրդի համար: Առաջին անգամ գաղափարական տարբեր հակումներ ունեցող հայերը միավորվել են, որպեսզի իրենց դատը պաշտպանեն: Հենց այդ պատճառով մենք նախընտրեցինք ավարտել մեր գործողության մարտական փուլը և գիտակցելով հանդերձ, թե ինչ փորձության ենք ենթարկվում, որոշեցինք հանձնվել ֆրանսիական իշխանություններին, պայքարը շարունակել քաղաքական միջոցներով, որը մեզ համար ավելի կարևոր է:

Այս դատավարությամբ մենք երկրորդ անգամ պայքարի ելանք այնպիսի մի ատյանում, որտեղ զենքերը ո´չ մի ուժ չունեն, և ստիպեցինք Թուրքիային արտահայտվել ցեղասպանության մասին, իր պատմաբանի միջոցով ձեր առջև ստել: Հայտարարում ենք ձեզ, որ մեր կյանքը ո´չ մի կարևորություն չունի, մեր պայքարը չի´ ավարտվել: Մեր բանտարգե լությունը կամ ազատ արձակումը հայերին չի խանգարի պայքարելու իրենց օրինական իրավունքների համար: Մենք ուզում ենք, նախ և առաջ, որ մեր ժողովրդին վերադարձվի արդարությունը: Ձեր դատավճռով դուք կարող եք նպաստել դրան:

Գաղափարական այսօրինակ հասունությունը հատուկ էր բոլոր ասալայականներին, ովքեր իրենց գործով ու խոսքով ապացուցեցին, որ ԱՍԱԼԱ-ն կապ չունի որևէ ահաբեկչա կան կազմակերպության հետ, որ այն զուտ հայկական-ազգային երևույթ է, նրա ստեղծման նախադրյալները պետք է որոնել միայն ու միայն հայ իրականության հոլովույթներում: ԱՍԱԼԱ-ն անհատների շարժում էր, հար և նման ֆիդայական շարժմանը, որն այդպես էլ մնաց որպես ընտրյալների պայքար և չվերաճեց համընդհանուր ընդվզման:

ԱՍԱԼԱ-ի և մասնավորապես «Վան» գործողության պատմական նախադեպը, իմ խորին համոզմամբ, Առաքելոց վանքի հռչակավոր կռիվն է (1901թ., նոյեմբեր), երբ Անդրանիկն իր չորս տասնյակից էլ պակաս քաջերով կամովին մտավ Առաքելոց վանք և պաշարվեց թուրքական վեցհազարանոց կանոնավոր բանակով: Շատերը ֆիդայապետի այդ քայլը խելահեղ արկածախնդրություն համարեցին և նույնիսկ մեղադրեցին նրան` հայության վերջին հույսը հանդիսացող ընտրյալ ֆիդայիներին անխուսափելի մահվան տանելու համար: Սակայն Անդրանիկը գիտեր ի´նչ է անում և ինչո´ւ: Տիգրանակերտից մինչև պարսից սահմանը ձգվող հայկական տարածքներում վխտացող շուրջ 150.000 ասկյարներ և քրդական զինված ցեղախմբեր անարգել ասպատակում էին Հայոց շեները և ամենօրյա վայրագություններով հուսահատության մատնում հայ բնակչությանը: Անդրանիկը գիտակցում էր, որ ֆիդայական սակավամարդ խմբերով անհնար է դիմակայել թշնամու ահագնացող գազանություններին և երկար ժամանակ ծրագրում էր այնպիսի մի ցնցող ու աղմկահարույց գործողություն իրականացնել, որը կոգևորեր հուսալքված ժողովրդին, Պոլսում եվրոպական դեսպանների ուշադրությունը կհրավիրեր հայության վիճակի վրա: Անհրաժեշտ էր կազմակերպել մի նշանակալի ռազմական գործողություն և հնարավորինս երկարաձգել այն` ապահովելու համար լայն արձագանքներ: Սակայն լսենք իրեն` անպարտելի ֆիդայապետին.

- Պէտք էր գործի սկսիլ, պէտք էր ուժեղ գործ մը կատարել, ցնցելու համար թուրք բարձրագոյն մարմինները եւ օտար դեսպանները, բարենորոգում մը եւ դարման մը ձեռք բերելու այս տառապած ու հարստահարուած խաղաղիկ ժողովուրդին համար: Պէտք էր ցոյց տալ Թուրք եւ Քիւրտ ժողովուրդին թէ Հայ բազուկը գիտէ հրացան բռնել, Հայ սիրտը գիտէ կռո ւիլ եւ պաշտպան կանգնիլ իր իրավունքներուն: Այս ամէնն պէտք է ի յայտ բերէին «ափ մը ճան ֆէտայիներ», որոնք ուխտած էին զոհուիլ Ազգին ազատութեան սիրոյն, արդարացնելով այն մեծ հաւատքն ու յոյսը որ ժողովուրդը կեդրոնացուցած էր իրենց վրայ (Անդրանիկ, «Առաքելոց վանքին կռիվը»):

21 օր, և 38-ն ընդդեմ 6000-ի

Եթե անդրադառնանք ԱՍԱԼԱ-ի հրապարակած հռչակագիր-հայտարարություններին, կտեսնենք, որ բոլորն էլ համահունչ են Զորավարի այս տողերին և բխում են դրանցից:

...Եվ սկսվեց ռազմագիտության պատմության մեջ նմանը չունեցող մի խելահեղորեն անհավասար ճակատամարտ` 38-ը ընդդեմ վեց հազարի, որը տևեց 21 օր. այնքան, որքան բա վականացրեցին ֆիդայիների ռազմամթերքի և սննդի պաշարները: Անդրանիկը չտվեց և ոչ մի զոհ, այնինչ թուրքերը ամեն գիշեր տասնյակ դիակներ էին հավաքում ու պարտակում` իրենց խայտառակությունը կոծկելու համար: Հաշվարկը հանճարեղ էր: Հայությունը սկսեց հավատալ, որ իր էպոսի հերոսները վերադարձել են դարավոր թշնամուն պատուհասելու, Պոլսի եվրոպական դեսպանները մեղադրեցին օսմանյան կառավարությանը` քրիստոնեական մշակութային ժառանգության նշանակալի արժեքը` Առաքելոց վանքը անխնա գնդակոծելու համար, ճակատամարտին անդրադարձավ եվրոպական և ռուսական մամուլը:

 Երբ ռազմամթերքը հատնելու վրա էր` Անդրանիկը հղացավ երկրորդ հանդուգն ծրագիրը: Անհրաժեշտ էր ինչ-որ հրաշքով ճեղքել վանքի շրջակայքի ամեն սանտիմետրը հսկող ասկյարների շարքերը և հեռանալ` թշնամուն վերջնական խայտառակության մատնելու համար: Դարձյալ լսենք Զորավարին. 

- Պէտք էր զգոյշ ըլլալ, պէտք էր զգաստ եւ արթուն ըլլալ մեր ծրագիրը յաջողութեամբ յառաջ տանելու եւ թշնամին ամօթի, զարմացումի եւ անակնկալի մատնելու համար: Պէտք էր հայ հանճարը, հայ միտքը, իր ճարտար մտայնութեամբ եւ հզօր սրտով ծիծաղէր եւ արհամարհէր յանդգնօրէն թուրք կառավարութիւնը, իր պաշտոնեաները եւ զինուորը, վերջը ուժեղ հարուած մըն ալ տալով: Պէտք էր մեր յաղթանակով ցեխէ ցեխ թաղուէր թուրք գահը եւ թուրք զինուորականը աշխարհի առջև ծաղր ու ծանակ ըլլար: Պէտք էր ափ մը ճան ֆէտայիներու կորովը եւ յանդուգն սիրտը կտրէր անցնէր վեց հազար թուրք կանոնաւոր զինուորներու շղթան, յոյս, հաւատք եւ կորով ներշնչելու հայ սրտերուն, որոնք տա ռապած էին, անիրաւուած եւ զրկուած էին:

21-րդ օրը Անդրանիկը սպիտակ սավաններից կարված շապիկներ հագցրեց իր մարտիկներին, բացատրեց ծրագրի մանրամասները, տվեց կարգապահական անհրաժեշտ հրահանգներ և ուշ գիշերը, սաստկացող ձյունամրրիկից օգտվելով` դուրս բերեց շրջափակումից: Հաջորդ օրը, երբ խայտառակված թշնամին կատաղությունից ատամներն էր կրճտացնում` Անդրանիկը Սասնա սարերում իր հաղթանակն էր տոնում:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկները 7-8 տասնամյակ անց զինվորագրվեցին Անդրանիկի խմբին, և քանի որ ժամանակներն այլ էին, իսկ գործողությունների վայրը աշխարհի խոշոր քաղաքները` արդյունքը եղավ հազարապատիկ ավելի:

Որ ասալայականները Անդրանիկի հոգեզավակներն էին` վկայվում է նաև Օռլիի գործողության պատասխանատվությունը ստանձնած Վարուժան Կարապետյանի օրինակով, ով բանտարգելության երկար ու ձիգ տարիները մաշելիս փորձում էր ինքնուրույն յուրացնել կերպարվեստի գաղտնիքները և Զորավար Անդրանիկին էր պատկերում` իր սպիտակ ձիով թշնամու դեմ խոյանալիս:

ԵՐԲ վերանկախացած Հայաստանի Հանրապետությունը 1990-ական թվականներին պետականորեն սկսեց տեր կանգնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին` աշխարհն արդեն հոգեբանորեն պատրաստ էր դրան, ստեղծված էին պայքարը դիվանագիտական ճանապարհով վերջնական հաղթանակի հասցնելու բոլոր նախադրյալները: Այդ գործում, հավատանք, թե չհավատանք, վճռորոշ ու անուրանալի է ԱՍԱԼԱ-ի մի քանի տասնյակ մահապարտ-քաջորդիների դերը:

Որպես այս առաջաբանի վերջաբան հարկ է նշել, որ «Եղիա Քեշիշյան» մարտախմբի անդամներին քիչ փորձություններ չէին վիճակված ֆրանսիական բանտում: Իրենց պատժաժամկետը կրող քրեական հանցագործների խառնամբոխը արտաքին ազդակների ուղղորդությամբ բազմիցս փորձեց ընկճել տղաների ոգին, կոտրել նրանց հաստատակամութ յունը, սակայն հայորդիների քառյակը մի այնպիսի փառահեղ ծեծուջարդի ենթարկեց բազմագույն քրեականներին, որ դրանից հետո դեռ երկար ժամանակ թե´ բանտապահները և թե կալանավորները միայն հարգանքով էին արտասանում «հայ» բառը:

Անչափ ցավալի է, որ պատժաժամկետի վերջին տարում տղաներից Արամ Բասմաջյանը ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին: Մյուս երեքն այսօր էլ շարունակում են իրենց պայքարը` գաղափարական-քաղաքական ճակատում:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների սխրանքներն ու հայրենաշունչ պատգամները պիտի ոգեշնչեն մեր սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ հայի ճակատին ու հոգում չի հարթվել այնպիսի մի կնճիռ, որի անունն է Հայոց ցեղասպանություն:

«Հայերի դատը Փարիզում» գրքի` Կարո Վարդանյանի նախաբանի լրագրային տարբերակը պատրաստեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ